Սարքում են օգտատիրոջ հարազատների պրոֆիլների կլոններն ու նրանց անունից բանկային քարտի տվյալներ կորզում

Սարքում են օգտատիրոջ հարազատների պրոֆիլների կլոններն ու նրանց անունից բանկային քարտի տվյալներ կորզում

Քննչական կոմիտեն երեկ հաղորդեց, որ հանցավոր խմբի անդամներ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կորզել են մարդկանց բանկային տվյալներ և կատարել խոշոր չափի հափշտակումներ։

«2019թ. փետրվարից, տարբեր եղանակներով մոլորության մեջ գցելով «ok.ru» կայքի տարբեր անհատական հաշիվների օգտատեր հանդիսացող ՀՀ տասնյակ քաղաքացիների, խաբեությամբ ստացել են վերջիններիս կամ նրանց հարազատների բանկային քարտերի տվյալները եւ հափշտակել այնտեղ առկա գումարները: Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, գումարները փոխանցել են իրենց հետ ուղղակի չփոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված բազմաթիվ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին, որտեղից էլ փոխանցելով իրենց տիրապետման ներքո գտնվող տարբեր բանկային քարտերին՝ կանխիկացրել են»։

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախկինում ասում էր, որ հայերը այն մարդիկ են, որոնք կարող են իրենց գաղտնաբառերը անծանոթ մեյլին ուղարկել կամ հայտնել իրենց անծանոթ մարդկանց, բայց որ քարտային տվյալները հաղորդեն, սա արդեն երևակայությունից վեր է։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Հարցը ուղղում ենք կրկին Սամվել Մարտիրոսյանին։Վերջինս ասում է․«Սա կոնկրետ չգիտեմ՝ ոնց, բայց շատ տարածված ձև է, որ բացում են նույն անունից պրոֆիլ՝ նկարով, ամեն ինչով ու իր անունից գրում են, խոսքի՝ ինչ-որ մեկի քեռին գրում ա՝ մի հատ բանկիդ քարտի տվյալ ուղարկի, քեզ փոխանցեմ։ Սա շատ տարածված ձև է»։

Այսինքն՝ մինչև զոհին նամակ գրելը մանրամասն ուսումնասիրում են զոհի հարազատներին, նրանց նկարները, սարքում են պրոֆիլի «կլոն» ու կորզում անձնական գաղտնիության տվյալներ։