Կեղծ դիտորդներ, աննախադեպ ճնշումներ Ադրբեջանում
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը` EPDE հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին։
«2024 թվականի սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում հիմնական ազատությունները, ինչպիսիք են արտահայտման, հավաքների, միավորումների և տեղեկատվության ազատությունները, խիստ սահմանափակվել են:
Ալիևի ռեժիմը սաստկացրել է բռնաճնշումները՝ խոչընդոտելով անկախ լրատվամիջոցների լուսաբանմանը և քաղաքացիների ընտրությունների մոնիտորինգին: Ընտրությունների հայտնի դիտորդական կազմակերպության ղեկավար և Վացլավ Հավելի Մարդու իրավունքների մրցանակի դափնեկիր Անար Մամեդլին կրկին բանտարկվել է` շինծու մեղադրանքներով՝ 300 այլ ակտիվիստների, լրագրողների և ընդդիմադիր շարժումների անդամների հետ միասին: Մոտ 30 քաղաքացիական ակտիվիստներ ստիպված են եղել լքել երկիրը։ Ինչպես նախորդ ընտրություններում, իշխանությունները հարյուրավոր կեղծ միջազգային դիտորդներ են ներգրավել՝ լեգիտիմության կեղծ տպավորություն ստեղծելու և համատարած ընտրական մանիպուլյացիաները թաքցնելու համար:
Քաղաքական ազատությունների աննախադեպ բռնաճնշում
2024 թ. մարտի նախագահական ընտրություններից հետո քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումները ուժգնացել են։ Ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են ավելի քան 300 բանտարկությունների մասին` քաղաքական դրդապատճառներով, որոնց դեպքում իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին և ընդդիմադիր գործիչներին անհիմն ծանր մեղադրանքներ են առաջադրվել: Ալիևի վարչակարգի բռնաճնշումները, որոնք սաստկացան ընտրություններից առաջ, ակտիվիստների համար էապես անհնարին դարձրին ընտրությունների ազատ դիտարկումը։
Ոչ թափանցիկություն և ընտրական տվյալների շահարկում
Պաշտոնական արդյունքները պնդում են, որ տեւական ժամանակ իշխող Իլհամ Ալիևի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ստացել է 125 մանդատներից 68-ը՝ ընտրողների 37,27 տոկոս մասնակցությամբ։ Մասնակցությունը գրանցվել է միայն շրջանների մակարդակով, այլ ոչ թե ընտրատեղամասերով, ինչը նշանակում է թափանցիկության զգալի անկում: Վիճակագրական վերլուծությունը բացահայտել է տագնապալի խախտումներ, այդ թվում՝ մի քանի շրջաններում իշխող կուսակցության ձայների նույնական թվեր և որոշ շրջաններում ընտրողների անբնական` 100% մասնակցության մասին հաղորդումներ, ինչը վկայում է ընտրական տվյալների համակարգված մանիպուլյացիայի մասին և կասկածներ հարուցում պաշտոնական թվերի նկատմամբ, որը կարող էր նույնիսկ ավելի ցածր լինել: Սա արտացոլում է ընտրողների անտարբերությունն ընտրությունների նկատմամբ՝ իշխող ռեժիմին այլընտրանքներ ընտրելու հնարավորությունների բացակայության պատճառով, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրությունների արդյունքների օրինականության վերաբերյալ:
Ընտրատեղամասերի տեսախցիկները ֆիքսել են ավանդական մանիպուլյացիաների դեպքեր, ինչպիսիք են քվեաթերթիկների լցոնումը և կարուսելը: Դիտորդները նկատել են համատարած խնդիրներ ինչպեսընտրատեղամասերի հասանելիության, այնպես էլ տեսանկարահանման հուսալիության հետ կապված: Մինչև ձայների հաշվարկը սկսելը տեսախցիկների միայն մի փոքր մասն էր գործում, ինչը խիստ սահմանափակել է ձայնագրված կադրերի որևէ իմաստալից քանակական վերլուծություն անելու հնարավորությունը:
Բազմաթիվ կեղծ դիտորդներ մաքրում են կեղծ ընտրությունները
Ադրբեջանի ներգրաված «կեղծ դիտորդները», ովքեր հանդես էին գալիս որպես «միջազգային դիտորդներ», ընտրությունների վերաբերյալ ապակողմնորոշիչ տեղեկատվություն էին տրամադրում ինչպես ընտրողներին, այնպես էլ միջազգային լսարանին՝ ստեղծելով միջազգային վստահելի վերահսկողության պատրանք: 598 հավատարմագրված միջազգային դիտորդներից միայն 279-ը՝ ԺՀՄԻԳ-ից և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից, համապատասխանում էին ընտրությունների մոնիտորինգի միջազգային ճանաչված չափանիշներին:
Կեղծ դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների «բարձր չափանիշները», չնայած ակնհայտ խախտումներին` նախընտրական փուլում և քվեարկության օրը։ EPDE-ն ընթացող հետաքննության ընթացքում հայտնաբերել է 107 կեղծ դիտորդ, ներառյալ 18 քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ ԵՄ-ից և այլ ժողովրդավարական պետություններից, որոնք ոչ միայն օգնում են Ադրբեջանի իշխանություններին, այլև խաթարում են ժողովրդավարական ինստիտուտների ամբողջականությունը, որոնք նրանք ներկայացնում են:
EPDE-ն կոչ է անում
Ադրբեջանի քաղաքական իշխանություններին` դրսևորել քաղաքական կամք և քայլեր ձեռնարկել խոսքի, հավաքների, միավորումների և տեղեկատվության ազատությունն ապահովելու համար: Սա ներառում է Անար Մամեդլիի և բոլոր քաղբանտարկյալների անվերապահ և անհապաղ ազատ արձակումը, քաղաքական կամք դրսևորել՝ բարելավելու ընտրական պրակտիկան՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և տեղական դիտորդական կազմակերպությունների առաջարկություններին համապատասխանելու համար։
Ադրբեջանի ընտրական հանձնաժողովը կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի՝ ապագա ընտրական գործընթացներում թափանցիկություն ապահովելու և այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ բոլորը կարող են առանց խոչընդոտների իրականացնել դիտորդական իրավունքը։
Կարծիքներ