Խորխե Լուիս Բորխես․ Ժամանակից մաշված

Խորխե Լուիս Բորխես․ Ժամանակից մաշված

Այն, ինչ կարող էր պատահել

Մտորում եմ հաճախ բաների մասին, որ կարող էին, գուցե, տեղի ունենալ, բայց... չի հաջողվել:
Սաքսոնական առասպելների քննախոսության, որ Բեդան այդպես էլ թղթին չհանձնեց:
Այն անիմանալի աշխատանքի, որ Դանտեն, 
թերեւս, կուզենար գրել,
Հենց ի մի բերվեին Կատակերգության 
տողերը վերջին:
Պատմության` առանց խաչակիրների եւ 
մայրիների:
Պատմության` առանց Հեղինե կույսի 
չքնաղ երեսի:
Մարդկանց այն անաչք, որ մեզ 
լուսնկան պարգեւ արեցին:
Գեթիսբերգյան երեք օրերի, որոնց ընթացքում Հարավը հաղթեց:
Սիրո, որ մեզ չտրվեց երբեք:
Այն անծայրածիր կայսրության, որ վիկինգները մերժեցին հիմնել:
Աշխարհի` առանց անիվի կամ առանց վարդի:
Կարծիքի, որ Ջոն Դոնն ուներ Շեքսպիրի մասին:
Միեղջյուրի երկրորդ եղջյուրի:
Եվ իռլանդական այն հրաշք հավքի, որ մի վայրէջքով կարող էր թառել զույգ ծառի վրա։ 
Երեխայի, որ չունեցա երբեք:

Ոմն մեկը

Մարդը` ժամանակից մաշված,
մարդը, որ նույնիսկ չի սպասում մահին
(մահվան վկայությունները լոկ 
վիճակագրություն են,
եւ բոլորին է սպառնում 
առաջին անմահը դառնալու վտանգը),
մարդը, որ սովորել է շնորհակալ լինել
օրերի համեստ ողորմածությունների համար.
քուն, վազվզոց, ջրի համ,
անքննելի ստուգաբանություն,
լատինական կամ սաքսոնական 
բանաստեղծություն, երեսուն տարի առաջ 
իրեն լքած կնոջ մասին հուշ, որին հիմա 
կարող է տրվել առանց դառնության,
մարդը, որ գիտե` ներկան
ապագան է նաեւ ու մոռացումը,
մարդը, որ դավաճանել է
ու դավաճանվել,
կզգա հանկարծ, փողոցն անցնելիս,
մի առեղծվածային երանություն,
որ հույսից չի ծնվել,
այլ հնամենի անմեղությունից,
իր արմատից կամ ոմն տարածական աստծուց:
Նա գիտե, որ չի կարելի մոտիկից նայել,
քանզի պատճառներ կան` 
վագրերից էլ ահարկու,
որ կհաստատեն`
տարաբախտությունն է նրա ճակատագիրը,
բայց խոնարհաբար ընդունում է
այս պարգեւը, այս առկայծումը:
Գուցե այն աշխարհում, երբ ամեն բան
կդառնա փոշի, մենք առհավետ
կվերածվենք մի անվերծանելի արմատի,
որից կաճեն հավերժը,
անդորրը, արհավիրքը,
մեկուսի դրախտը կամ դժոխքը:

Իրերը

Իմ ձեռնափայտը, մանրադրամը, բանալիների տրցակը,
Հնազանդ կողպեքը եւ ուշացած
Նոթերը, որ իմ բաժին սակավ օրերը
Թույլ չեն տալու կարդալ, խաղաքարտերը, 
սեղանը,
Գիրքը, յուր էջերը, որ մամլել են
Մանուշակի թերթերը, ցերեկվա անմոռաց
Թափոնները, որ արդեն մոռացվել են հաստատ,
Արեւմուտքին հայող հայելու շիկնած մակերեսը, որ
Տեսնում է պատրական մայրամուտի հրդեհվելը։ Բազմազան իրեր,
Թղթակալներ, շեմեր, քարտեզներ, գինեթասեր, մեխեր,
Որ ծառայում են մեզ - 
ասես անլեզու ստրուկներ -
Կուրացած եւ գաղտնախորհուրդ են այնպես:
Կտեսնեն նրանք մեր անդարձ մոռացումը
Եվ չեն նկատի մեր անհետացումը։

Արդարները 

Այն մարդը, որ, ինչպես պատգամել է Վոլտերը, խնամում է իր պարտեզը: 
Նա, ով երաժշտության համար աշխարհին 
հավերժ երախտապարտ է: 
Նա, ով մեծ սիրով զբաղվում է 
ստուգաբանությամբ: 
Զույգ բանվորները, որ սրճարանում 
շախմատ են խաղում անձայն: 
Կավագործը, որ կանխամտածում է թե՛ գույնը եւ թե՛ պատկերը: 
Սղագրողը, որ հավաքում է տեքստն այս, 
որ չի հավանել երբեւէ: 
Այր ու կին, որ երգի վերջին 
տողերն են ընթերցում:
Նա, ով իր քնաթաթախ կատվին է փաղաքշում։ 
Նա, ով արդարացնում կամ արդարացնել է փորձում չարիքը ուրիշի: 
Նա, ով Սթիվենսոնի համար անչափ 
շնորհակալ է աշխարհին: 
Նա, ով նախընտրում է ճշմարտությունն օտարներին զիջել: 
Այս մարդիկ են, որ անտեսված, բայց փրկում են աշխարհը մեր: 

Ինքնասպանը

Չի՛ լինի գեթ մի աստղ խավարում։ 
Խավարն էլ ինքնին կչքվի հավետ։
Կանէանա՛մ ես, եւ ինձ հետ տիեզերքի
Անտանելի հանրագումարը։
Կսրբե՛մ բուրգերը, գանձարանները,
Մայրցամաքներն ու դեմքերը բոլոր:
Ես կվերացնե՛մ բոլորված անցյալը։
Պատմությունը փոշի՛ կդարձնեմ, փոշի կդարձնեմ փոշի՛ն։
Դիտում եմ հիմա վերջին մայրամուտը, 
Ականջ եմ դնում հավքի վերջին երգին։
Ես կտակում եմ ոչինչը ոչնչին։

Ակնթարթներ

Թե եւս մեկ անգամ կարողանայի ապրել,
Իմ այդ նոր կյանքում… կփորձեի -
ավելի շատ սխալներ գործել,
չէի փորձի լինել այդքան անթերի,
կլինեի ավելի անխռով,
ավելի գեր կլինեի, քան հիմա եմ,
իրականում, ավելի քիչ բաներ սրտիս մոտ կընդունեի,
հիգիենայի մասին այդքան էլ չէի մտածի,
ավելի շատ ռիսկի կդիմեի,
ավելի շատ ճամփաներ կկտրեի,
ավելի շատ մայրամուտներով կհիանայի,
ավելի շատ լեռներ կմագլցեի,
ավելի շատ գետեր կանցնեի,
ավելի շատ վայրեր կայցելեի, ուր չեմ եղել երբեք,
ավելի շատ պաղպաղակ կուտեի եւ ավելի քիչ (լայմ) ընդեղեն,
ավելի շատ իրական բարդություններ կունենայի, եւ ավելի քիչ`
հորինված,
ես այն մարդկանցից էի, որ ապրում են 
շրջահայաց
եւ օգտավետ կյանքով -
կյանքի ամեն մի վայրկյանը,
Բնական է, որ ունեցել եմ հրճվանքի պահեր, բայց
եթե կարողանայի հետ գնալ, կձգտեի ունենալ միայն գեղեցիկ պահեր,
Եթե չգիտեք, կյանքը հենց դրանցից է կազմված,
Մի՛ կորցրեք հիմա-ն:
Ես այն մարդկանցից էի, որ երբեք չի գնում ոչ մի տեղ
առանց ջերմաչափ,
առանց ջերմապահ,
առանց անձրեւանոց եւ առանց անկարգել,
Թե եւս մեկ անգամ կարողանայի ապրել, կճամփորդեի առանց ուղեբեռ,
Թե եւս մեկ անգամ կարողանայի ապրել, կփորձեի ոտաբոբիկ քայլել
գարնան մեկնարկից մինչեւ
աշնան ավարտ,
ավելի շատ մրցավազքերի կմասնակցեի,
ավելի շատ արեւածագեր կդիտեի եւ կխաղայի ավելի շատ երեխաների հետ,
Թե այդ կյանքն ինձ տրվեր - 
բայց հիմա 85 տարեկան եմ
եւ գիտեմ, որ մեռնում եմ…

Անգլերենից թարգմանությունը՝ Արամ Մ. Հակոբյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ