Ղուշ-գիր եմ գցելու, որ կուսակցության վրա որ ընկավ, դրանով էլ գնամ

Ղուշ-գիր եմ գցելու, որ կուսակցության վրա որ ընկավ, դրանով էլ գնամ

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Ապարան խոշորացված համայնքում։ Թեեւ ընտրական գործընթացներին դեռ բավականին ժամանակ կա, բայց արդեն իսկ քաղաքապետի թեկնածուների մի քանի անուններ են շրջանառվում․ գործող քաղաքապետ, «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյան, Արագածոտնի փոխմարզպետ, Ապարանի նախկին քաղաքապետ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյան եւ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյան։ 
Մենք զրուցեցինք Լյովա Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, լսել եմ՝ առաջադրվում եք։

- Չէ, հլը տենց բան չկա կոնկրետ։ 2-3 օրից կերեւա, շատ հավանական է, որ չէ։ Ես չեմ ուզում, եթե անհրաժեշտություն եղավ, միգուցե, բայց եթե չէ, իհարկե՝ ոչ։

 - Այնուամենայնիվ, եթե առաջադրվեք, պետք է ինչ-որ մի կուսակցությունից առաջադրվեք։ Ո՞րը կնախընտրեք։

- Չկա, ի՞նչ կուսակցություն։

- Պետք է լինի որեւէ կուսակցություն՝ առաջադրվելու համար։

- Վեկալելու եմ ղուշ-գիր գցեմ, որ կուսակցության վրա որ ընկավ, դրանով էլ էթամ։ Եթե տենց եղավ, բայց հլը չեմ որոշել։

- Բա որ ՔՊ-ի վրա ընկնի՞։

- Ում վրա ուզում է ընկնի, իմ համար ի՞նչ տարբերություն։ Ապարանցու համար ի՞նչ տարբերություն։ Հայաստանում կուսակցություն կա՞։  

- Իսկ հարցում-բան, տրամադրություններ ուսումնասիրե՞լ եք, հնարավո՞ր է, սպասում եք, տեղեկանաք, նո՞ր որոշեք՝ առաջադրվել, թե ոչ՝ կախված ընտրվելու Ձեր հնարավորություններից։

- Իմ հնարավորությունները 100 տոկոսանոց են, բայց ցանկությունս՝ զրո։ 

- Ինչո՞ւ է զրո, շատ կարեւոր է, որ տեղերում նորմալ, գրագետ մարդիկ լինեն։

- Եթե ես համոզված լինեմ, որ կարա նորմալ աշխատի, չմասնատի, համախմբի, արդեն ինձ համար լրիվ նորմալ է։ Եթե տենց մարդ լինի, ես բացարձակ ցանկություն չեմ ունենա (առաջադրվելու)։

- Մենք տեղեկացանք, որ առաջադրվելու է նաեւ Ռազմիկ Պետրոսյանը, ի՞նչ կասեք։

- Չեմ կարող ասել, ինքն էլ իր համար է աշխատում, ինչ ա անում, ես չգիտեմ։ Ինձ տենց բաները քիչ են հետաքրքրում։ 

- Իսկ Ձեր կարծիքով, ապարանցուն ի՞նչ է հետաքրքրում հիմա։

- Ապարանցուն հետաքրքրում է ազնվությունը, աշխատասիրությունը, պրոֆեսիոնալիզմը։ Այ, տենց մարդ եղավ, կպաշտպանեմ, անկախ իր կուսակցական պատկանելությունից, որովհետեւ ապարանցին առաջին հերթին ապարանցի ա, հետո նոր՝ կուսակցական։ Ավելի ճիշտ՝ ոչ թե կուսակցական, այլ ինչ-որ մի թիմի անդամ։ Արի սենց  անվանենք, որովհետեւ Հայաստանում ընդամենը 1․5 կուսակցություն կա։ Մեկը դաշնակներն են, որ 2 թերություն ունեն՝ քիչ են, ու ժողովուրդն իրանց չի սիրում, մեկն էլ ՀԱԿ-ն ա, որ չգիտես տակն ինչ է մնացել։ 20 հատ էին, թե 18, ի՞նչ ա մնացել։ Սրանք ունեն կոնկրետ գաղափարախոսություն, իսկ մնացածը թիմեր են։