«Հրապարակ»․ Բայց Թևանյանն ի՞նչ է ասել այդ հարցազրույցում

«Հրապարակ»․ Բայց Թևանյանն ի՞նչ է ասել այդ հարցազրույցում

Ընդդիմադիր երկու բևեռների` Հանրապետականների ու նրանց հարող շրջանակների եւ քոչարյանականների ու նրանց հարող շրջանակների միջև կրկին «փոխհրաձգություն» է սկսվել: Նրանք փոխարենը միավորվեն եւ համատեղ պայքարեն իշխանությանը տուն ճանապարհելու համար, միմյանց դեմ են պայարում` փոշիացնելով իրենց ունեցած ռեսուրսը եւ ավելի շատ հուսահատեցնելով հասարակությանը:

Նախորդ շաբաթ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անզգուշություն էր ունեցել քննադատելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մասնավորապես նշել էր, որ նրանք են սնել` «սելիտրա» տվել, աճեցրել եւ իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, ինչը ՀՀԿ-ի ցավոտ թեման է: Թևանյանի հարցազրույցից հետո ՀՀԿ-ականներն անցան հակագրոհի և արդեն քանի օր է փոխադարձ վիրավորանքները չեն դադարում:

«Մայր Հայաստան» շարժման անդամ քաղաքագետ Երվանդ Բոզոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այս «փոխհրաձգության» մասին եւ ինչու չեն կարողանում դադարեցնել այդ անիմաստ գզվռտոցը, որից վստահաբար ոչ մեկը չի շահում, արդյո՞ք այս փուլում ընդդիմության նման պառակտումը տեղին է:

Բոզոյանն անդրադառնալով թեմային ասաց. «Այս իրավիճակն այնքան էլ նորմալ իրավիճակ չէ, բայց պետք է նշեմ, որ այս ամենը «Մայր Հայաստանը» չի սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետականների կողմից հնչում են վիրավորական գնահատականներ «Մայր Հայաստանի» մասին, համարում եմ անթույլատրելի: Անձնական վիրավորանքի մակարդակը ցույց է տալիս տվյալ բանավեճի որակը, տվյալ պարագայում` որակի բացակայությունը: Նման որակով մինչ այս հանդես էին գալիս ներկայիս իշխանությունները և նման տիպի խոսակցություններ տեսնելն ընդդիմադիր դաշտում ուղղակի մտահոգիչ է: Եթե ընդդիմությունն ավելի որակյալ չէ, քան իշխանությունը, ապա իշխանության գալ չի կարող», - նշեց Բոզոյանը:

Բայց Անդրանիկ Թևանյանն է առաջինն իր հարցազրույցում Սերժ Սարգսյանին անդրադարձել, նկատեցինք մենք. «Բայց Թևանյանն ի՞նչ է ասել այդ հարցազրույցի ժամանակ, նա ոչ մի վիրավորական խոսք չի ասել: Միշտ էլ խոսվել է այն մասին, որ այս իշխանությունները եկան իշխանության, քանի որ նախկինում եղել են սխալներ, այս ձևակերպումը բոլորն են նշում ու սա գաղտնիք չէ: Փաշինյանը լուսնից չի իջել, այնպես որ ոչ մի սխալ գնահատական չի հնչել, նախկին իշխանություններն էլ պետք է խոստովանեն այդ ամենը, որպեսզի հասարակության մեջ էլ ձևավորվի այլընտրանք` այս իշխանություններին հեռացնելու համար: Սա պարզ խնդիր է: Չպետք է նեղանալ, հակառակը` պետք է փորձել հնարավորինս կոնստրուկտիվ լինել, այս իրավիճակից դուրս գալու համար», - եզրափակեց նա: