Արթուրի գլխին չի իշխանավորը խփում, մեր գլխին է խփում

Հանրության համար նվեր է, երբ մեկը իր փոխարեն զբաղվում է իրեն հուզող խնդիրներով։ Այդ առումով Արթուր Չախոյանին համարում եմ հանրության համար շատ թանկ «նվեր» , ով իր վրա է վերցնում հանրության գլխին իջնող հարվածները։ Արթուրը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շինարարական մրցույթների, ճանապարհի եզրաքարերի, ասֆալտի որակի մանկապարտեզների, դպրոցների, շինհրապարակների վերանորոգումների քննադատող: Այսինքն անում է այն, ինչ յուրաքանչյուրս տեսնում ու հերսոտվում ենք՝ նոր ասֆալտի կամ եզրաքարերի քանդվելը, անորակ աշխատանքը, շինարարական մրցույթներն «իրենցով անելը»։ Արթուրի դեմ հարձակումները նոր չեն, 2023-ին անգամ մահափորձ է եղել, բայց ես դրա վրա չեմ ուշադրություն հրավիրում ։ Նման հարձակումներ եղել ու լինելու են, չէ՞ որ ինքը իշխանության իրական գործելակերպի բացահայտողն է։ Ինքը հանրության հայելին է, ով կռանում ու տորթի կրեմի նման ասֆալտը հողից պոկում ու ասում է՝ ժողովուրդ սա է այս իշխանության դեմքը, գործը։
Նման ակտիվ գործունեությամբ յուրաքանչյուր քաղաքացի պիտի զբաղվի, բայց, ցավոք, եզակի մարդիկ են որ «մեջներից ճղվում» , բարձրաձայնում են ու թույլ չեն տալիս, որ այս իշխանությունը հանրային ունեցվածքը ասֆալտի կամ եզրաքարերերի տեղադրման քողի տակ «հորով- մորով անի»։ Չախոյանը բացահայտում է կոռուպցիոն սխեմաներ, ներկայացնում կոռուպցիոն փաստեր, որն այս իշխանության համար մահաբեր է ու բնական է, նրա դեմ ուղղորդվող բոլոր հարձակումները տրամաբանորեն պիտի կապել այս իշխանության հետ։ Ուրիշ էլ ու՞մ ձեռք չի տալիս Չախոյանի արածը։ Մանկապարտեզի հարց է։ Այս իշխանությունը մանկապարտեզն էլ հո ավարտե՞լ է, դպրոցական ծրագրից չի հարցը։ Ակտիվիստին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստը ինչի՞ հետ է կապված։ Իհարկե, իր գործունեության։ Եթե թաղապետն իմանար, որ պատժվելու է ինքը կամ իր անձնակազմը՝ կծեծե՞ին Արթուրին։ Իհարկե, ոչ։ 2023-ին էլ նման բան եղավ ու ոչ ոք չպատժվեց։ Ու հիմա խոսել, թե Նոր Նորքի թաղապետարանն առանց վերևների իմացության է այդ ամենն արել, զավեշտ է։ Հայտարարություններ կանեն Ավինյանն ու մնացյալը, որ բռնությունը լավ բան չի ու դրանով էլ կվերջանա։ Իրենք կշարունակեն իրենց ասֆալտն ու շինարարական «մրցույթները»։ Բայց ժողովուրդը պիտի մի բան ընդունի՝ Արթուրի գլխին չի իշխանավորը խփում, մեր գլխին է խփում․․․ Մենք պիտի ցավից գոռանք ու փորձենք հասկանալ, թե ուր ենք հայտնվել և ո՞ր կառափնարան են մեզ տանում։
Կարծիքներ