ՀՅԴ-ն ընդդիմադիր է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանից համագործակցության առաջարկ չի ստացել
Անցած տարեվերջին «Բարձրագույն կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված՝ բողոքի ալիք բարձրացավ՝ հայոց լեզուն եւ պատմությունը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից հանելու մտադրության առնչությամբ։ Բոլորը հիշում են, թե այդ պայքարի ընթացքում ինչ ակտիվություն ցուցաբերեց Դաշնակցության երիտթեւը, որը նստացույց հայտարարեց՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր պահանջում։ Բանը հասավ նրան, որ Արայիկ Հարությունյանի պաշտպանությունը ստանձնեց անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն բնորոշ ոճով հայտարարելով, թե «չի կարող որեւէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ուժի քմահաճույքի արդյունք»։ Այս հայտարարությունը հունից հանեց ՀՅԴ-ականներին, եւ նրանք դեկտեմբերի սկզբին հանդես եկան կոշտ հայտարարությամբ՝ Փաշինյանի ասածը որակելով որպես «մերկապարանոց, անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու եւ պետության կառավարման պատասխանատվությունն անհավասարակշիռ քաղաքական վարքագծով փոխարինելու դրսեւորում»:
ՀՅԴ հայտարարության մեջ նաեւ ասվում էր․ «Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երեւույթները, խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության` նախկին անընդունելի դրսեւորումների մերժումը վերածելով անցյալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին նսեմացնելուց։ Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաեւ սեփական քայլերն ու մոտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարություն ձեւավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ եւ պատասխանատու պաշտոններ վստահում»։ Հիշեցնում էին դաշնակցականները՝ վերջում կոչ անելով հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել «երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջ»:
Անցան օրեր, ՀՅԴ-ականներն էլի շատ կոշտ հայտարարություններ արեցին ու քննադատեցին իշխանություններին եւ մասնավորապես՝ վարչապետին։ Իսկ 2020-ի փետրվարի 13-ին հանդես եկան սահմանադրական հանրաքվեն մերժելու՝ «այո»-ն բացառելու կոչ-հայտարարությամբ։
«Շահարկելով եւ ձեւախեղելով անմիջական ժողովրդավարության կարեւոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն՝ իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջեւ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը»,- հայտարարել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն եւ կոչ արել ՀՀ քաղաքացիներին՝ «մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլեւս հոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին եւ իրական ժողովրդավարությանը»։ Նաեւ նշել էին, որ անընդունելի է «հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու» իշխանության մոտեցումը:
Եվ, ահա, այն կուսակցությունը, որը դեղին քարտ է ցույց տալիս իշխանություններին, համարում է, որ իշխանությունը շարունակական «ապօրինություններ» է կատարում, որ երկրում մենիշխանություն է հաստատում, պոպուլիզմով է զբաղվում, քայքայիչ քաղաքականություն է վարում, հասարակությունը բաժանել է սեւ-սպիտակի, ցնցումների է ենթարկում երկիրը եւ այլ արատավոր երեւույթներ, հանկարծ գնում է կառավարություն՝ վարչապետի հետ հանդիպման։ Եվ հանդիպմանը մասնակցում են ՀՅԴ երկու ղեկավարները՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Այս անսկզբունքայնությունը, իհարկե, նոր երեւույթ չէ Դաշնակցության պարագայում։
Նույն ձեւով նրանք 2018-ին մի քանի ժամում դավաճանեցին իրենց երկարամյա դաշնակցին՝ Հանրապետականին, եւ ընդունեցին Նիկոլ Փաշինյանի «կրոնը»՝ մինչեւ հոկտեմբերի 2-ը մնալով կառավարության կազմում։ Իսկ երբ ԱԺ բակում Փաշինյանը նրանց նախարարներին հրապարակավ ազատեց աշխատանքից՝ նվաստացնելով մի ողջ կուսակցություն, արագ դարձան ընդդիմադիր։ Նույնը՝ 2019-ին, սկսեցին իբր լեզվի ու պատմության համար պայքարել, բայց ընդդիմություն դարձան, երբ Փաշինյանը հրապարակավ վիրավորեց նրանց, հետո էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՅԴ գնացքը գնացել է՝ չուկ-չակ-չարակ։ Հիմա, երբ իշխանությունները նեղ վիճակում են, եւ «մկան մեզն էլ օգուտ է ջաղացին», ու ՀՅԴ-ն՝ իր «քաղաքական զրո ազդեցությամբ», կարող է մի «մկնաչափ օգուտ» տալ, արդեն հանդիպում են նրանց պարագլուխների հետ եւ համագործակցության կամուրջներ գցում։
Ընդ որում, ուշագրավ է, որ մի տողանոց հաղորդագրությունը, որը տարածեցին ՀՅԴ-ն ու կառավարությունը հանդիպումից հետո, ոչինչ չասող հայտարարություն էր։ Իրենց դեմոկրատական հռչակած իշխանությունն ու քաղաքական ուժը, փաստորեն, կուսակցության անդամներից ու ժողովրդից թաքցնում են, թե ինչու են հանդիպել եւ տեւական հակամարտությունից հետո ինչ են քննարկել միմյանց հետ։ Եվ լրագրողների փորձերը՝ գոնե իմանալ, թե ով է հանդիպման նախաձեռնողը, ապարդյուն անցան։
Մենք տեղեկացանք, որ նախաձեռնությունը, այնուամենայնիվ, բխել է ՀՀ վարչապետից, որը վերջին ամիսներին փորձել է նման հանդիպում կազմակերպել։ Սակայն զավեշտն այն է, որ ՀՅԴ-ն այնքան է գործարքի գնացել, որ անգամ վախենում է լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել, որ հանդիպման նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն էր։ Հավանաբար մտածում են, որ նման հայտարարությամբ կզայրացնեն Փաշինյանին եւ կքանդեն նոր-նոր կամրջվող համագործակցության փխրուն հիմքերը։
Արժե այսուհետ ուշադիր լինել ՀՅԴ կեցվածքին՝ հասկանալու համար, թե ինչքանով են նրանք հերթական անգամ «ճամբարափոխ» եղել եւ որ դաշտում են լինելու առաջիկայում ու ինչքանով են աջակցելու Նիկոլ Փաշինյանի «մենիշխանության ու անհավասարակշիռ քաղաքական վարքագծի» հաստատմանը։ Ահա այսպիսի «սկզբունքային» քաղաքական ուժեր ունենք երկրում, ու նաեւ սա է պատճառը, որ մեզանում քաղաքական դաշտը չի կայանում, իսկ մարդիկ մինչեւ հոգու խորքը հիասթափված են կուսակցություններից։
Կարծիքներ