Իրավապաշտպանները դժվարին իրավիճակում են․ Նինա Կարապետյանց

Իրավապաշտպանները դժվարին իրավիճակում են․ Նինա Կարապետյանց

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ վիճարկելով Առողջապահության նախարարի` պատվաստման վերաբերյալ հրամանը։ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն է իր խմբի հետ գործատուներին և աշխատողներին ներկայացնելու է առաջարկներ, թե ինչ կարող են անել հոկտեմբերի 1-ից հետո: Իսկ իրավապաշտպաններն, առհասարակ, լռում են, և մարդկանց իրավունքների մասին ավելի շատ խոսում են բժիշկները։

Ինչու՞։ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը չթաքցրեց՝ որովհետև իրավապաշտպանները դժվարին վիճակում են։ «Որովհետև և՛ հանրային անվտանգության, հանրային շահի տեսանկյունից կա տրամաբանություն, և՛ անհատի իրավունքների սահմանափակման։ Ու սա նեղ մասնագիտական ոլորտ է, որտեղ ոչ բոլորն ունեն մասնագիտական գիտելիքներ։ Եվ այս հարցը մաքուր իմաստով իրավունքի հարց չէ»,-ասում է Կարապետյանցը։

Նա ավելացրեց՝ իրականում, ելակետային տվյալները հասկանալի են՝ կա խնդիր, իրավական ակտեր, իրավունքից բխող սկզբունքներ։ «Այս իրավիճակը շատ սպեցիֆիկ է, շատ հատվում է «հանրային շահ» հասկացության հետ անհատի իրավունքը։ Նաև բժշկության ու նորարարության հետ»,- կրկնեց իրավապաշտպանը։

Թեև, նա հակված է մտածել, որ շատ խնդիրներ, այդ թվում՝ պարտադրելու անհրաժեշտությունն առաջացել են, քանի որ իշխանության ներկայացուցիչներն ի սկզբանե անլուրջ և անպատասխանատու մոտեցան հարցին և իրենց իսկ վարքագծով ստեղծեցին իրավիճակ, որում մարդկանց «անհավատությունը» հիմնավորված ու տրամաբանական է։

Օրինակ՝ երբ պարզվեց, որ նախարարները կարող են չպատվաստվել, շարքային քաղաքացիները՝ ոչ, պետք է ՊՇՌ բացասական տեղեկանք բերեն ամեն 14 օրը մեկ։ Կամ ինչ-որ մի պահի էլ հայտարարվեց, որ վարչապետ, նախագահ, Կաթողիկոս, ԱԺ նախագահ և այլն, կարող են դիմակներ չկրել։ «Ու էս պարտադրանքը իրականում խնդրահարույց է ու նաև բազում հարցեր, որոնք առանձին-առանձին շատ խնդրահարույց են ու իրենց համակցության մեջ լուրջ հիմքեր են տալիս՝ իրենց վերաբերել անվստահությամբ»,-այնուամենայնիվ նշում է իրավապաշտպանը։

Նշենք, որ, ի տարբերություն Հռոմի պապից ավելի կաթոլիկ Հայաստանի, որտեղ հանրային տրանսպորտում 10 հոգուց 1-2-ն են դիմակ կրում, շատ ավելի խիստ կարգեր են գործելու, քան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, որտեղ, օրինակ, ՊՇՌ տեստերը կամ պատվաստումը պահանջվում է միայն 100 աշխատող ունեցող կորպորացիաներում։ Նույնը կորոնավիրուսից մահացածների չհերձման հետ կապված․ արտերկրում վաղուց արդեն հերձում են։