Ով ինչ շահեց

Ով ինչ շահեց

Փոքր ու փոքրոգի մարդկանց ժամանակներում ենք ապրում, որոնք իրենց, իրենց մերձավորների, իրենց թիմակիցների հասցեին ասված ամեն փոքր բառից կատաղում են եւ պատժիչ սանկցիաներ կիրառում, իսկ իրենց, իրենց մերձավորների ու թիմակիցների թույլ տված սխալներն ու անթույլատրելի վարքը չեն նկատում: Երկիր են հանձնել, զոհեր ու ավերածություններ են բերել, հազարավոր մարդկանց են ցավեցրել ու նեղել, բայց իրենց ուղղված ամեն մի թթու խոսք ցավոտ են տանում` կարծում են, որ մարդիկ իրենց պետք է այնպես սիրեն, ինչպես 2018-ի ապրիլին էին սիրում, երբ մեծ հույսեր էին փայփայում, որ Հայաստանի ծաղկուն շրջանն է սկսվում, եւ այսուհետ ապրելու ենք արդար ու բարեկեցիկ Հայաստանում:

Այս տարիներին հարյուրավոր, եթե չասենք` հազարավոր մարդանց դեմ գործեր են հարուցել, հիմնականում` անտեղի, անհիմն, անարդար: Մարդկանց են բանտ ուղարկել` Նիկոլին քննադատելու, հայհոյելու համար: Մարդկանց սեփականությունն են փորձել խլել: Մարդկանց տարիների աշխատանքն ու ունեցվածքն են ջուրը գցել: Մարդկանց զավակներին են մահվան բերան տարել: Մարդկանց ստեղծած կառույցներն են հիմնահատակ քանդել: Մարդկանց գործազուրկ են սարքել: Ոչինչ չեն արել մարդկանց կյանքը թեթեւացնելու համար, բայց ամեն ինչ արել են նրանց կյանքը բարդացնելու համար: Եվ հիմա զարմանում են, թե ինչու են մարդիկ իրենց ատում եւ իրենց հեռացումը երազում: Իհարկե` մի քանի հազար մարդ նաեւ «շահել» է սրանց գործունեությունից, առաջին հերթին՝ Ալիեւն ու Էրդողանը: Բայց մեզանում էլ կան մարդիկ, որոնք սրանց օրոք սկսել են տենդերներ շահել, փող աշխատել, բարձր պաշտոններ ու աշխատավարձեր ստանալ, տներ գներ: Իսկ ի՞նչ է շահել ՀՀ շարքային քաղաքացին այս 6 տարում` բացի վնասներից, վտանգներից, նվաստացումից ու կորուստներից: