Երբ Ստեփանակերտից գնում ես Գորիս, դառնում է ակնհայտ, թե իրավիճակի տերն ով է

Երբ Ստեփանակերտից գնում ես Գորիս, դառնում է ակնհայտ, թե իրավիճակի տերն ով է

Հարցազրույց արցախցի գրող, հրատարակիչ, թարգմանիչ Հրանտ Ալեքսանյանի հետ

- Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, գործող իշխանությունը կարողանո՞ւմ է տիրապետել իրավիճակին։

- Այդ խորը դեպրեսիվ վիճակը, որ հիմա կա հետպատերազմյան շրջանում, պետք է հաղթահարել, իհարկե՝ հեշտ բան չէ, մարդիկ պետք է իրենց բարոյապես եւ հոգեբանորեն վերագտնեն, ճշտեն իրենց նոր կոորդինատները այս նոր տարածության մեջ։ Սպորտային լեզվով ասած՝ նման նոկաուտից հետո պետք է դեռ գիտակցությունդ տեղը բերես, հասկանաս, թե ռինգի որ մասում պետք է կանգնես ու շարունակես քո մարտը։

- Բայց կարծես ինքներս մեզ վերագտնելու պրոցեսն ուշանում է, ավելին՝ կապիտուլյացիայից հետո հայրենիքի սահմանները GPS-ով են գծվում, եւ մետր առ մետր, տուն առ տուն նորից զիջում ենք թշնամուն։

- Այո, պատերազմը չի ավարտվել, եւ սա առաջին պատերազմի հետ համեմատելու զգացողություններ եւ հետպատերազմյան իրավիճակ չէ, սա բոլորովին այլ իրավիճակ է, որովհետեւ մեր բնակչությունը հայտնվել է քաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական այլ իրավիճակում, երբ հայրենի քո քաղաքում տեսնում ես մյուս շրջաններից գաղթած մարդկանց, որոնք մոլորված չգիտեն ուր շարժվեն, ինչ անեն, դու հասկանում ես, որ այնպիսի իրականության մեջ ենք, որը շտկելու համար հսկայական ջանքեր են պետք։ Իշխանությունն անում է ըստ իր հասկացածի եւ կարողության, որը շատ հաճախ չի համապատասխանում մեր ազգային պատկերացումներին, ինչին ականատես ենք լինում հիմա։ Ասել, որ բուն ղարաբաղյան ներքին պրոբլեմը կլուծվի իշխանություններով պայմանավորված, եւ Արցախում պետք է իշխանություն փոխվի, ու այս նորն ավելի լավը լինի, հեռանկարային չեմ համարում։ Իհարկե, իշխանությունը պետք է լինի լավը, ազգային, ժողովրդական, բայց այստեղ լուրջ հակասություններ կան, հատկապես երբ իշխանությունդ համագործակցում է հայաստանյան այս որակի իշխանության հետ, շատ լուրջ մտահոգություններ են առաջանում եւ առաջին հերթին՝ անվտանգության հետ կապված։ Արցախյան առաջին եւ այս վերջին պատերազմի մեջ համեմատության եզրեր պարզապես չկան թե՛ իշխանության պահվածքի, թե ժողովրդական միասնության, թե՛ ազգի պատկերացումների առումով։ 92 թվականն ամենավտանգավորն ու ծանրն էր արցախյան առաջին պատերազմի ժամանակաշրջանում, երբ Ստեփանակերտը հայտնվել էր ուղիղ նշանառության տակ, Մարտակերտի շրջանի կեսից ավելին գրավված էր, եւ եթե թուրքերը ռազմական առումով մի քիչ խելամիտ գործեին, իրենց հաջողությունները կարող էին զարգացնել, բայց այն ժամանակ թե՛ բնակչությունը, թե՛ իշխանությունը գործում էին միասնական, եւ մենք վտանգն ավելի շատ զգացինք պատերազմից հետո, երբ իմացանք, թե ինչի միջով ենք անցել։ Մենք այն ժամանակ նման անվտանգության խնդիր չունեինք, որովհետեւ վստահ էինք, որ մեր ռազմական, քաղաքական ղեկավարությունն անում է այն, ինչ պետք է անի այդ իրավիճակում, նույնիսկ անում էր առավելագույնը, քան կարող էինք պատկերացնել, որովհետեւ մեծագույն վստահություն կար, ի տարբերություն այս վերջին պատերազմի։ Երբ կա վստահություն, կա նաեւ անվտանգություն, ես ինձ շատ պաշտպանված էի զգում այդ տարիներին, անընդհատ ռմբակոծում էին քաղաքը, դուրս էի գալիս ու ռմբակոծությունների տակ էի ընկնում, բայց ներքին վստահություն ունեի, որ ամեն ինչ լավ է լինելու։ 

- Կարո՞ղ ենք ասել, որ եթե այս իշխանությունը չլիներ, գուցե պատերազմն էլ չլիներ։

- Ես դրանում խորապես համոզված եմ, եւ 2016-ին մենք ունեցանք այդ փորձությունը, Ադրբեջանը փորձեց նոր պատերազմով Հայաստանի «հախից գալ», բայց 3-րդ օրն արդեն Մոսկվային աղաչեցին, որպեսզի զինադադար կնքվի, այսինքն՝ մեր ռազմական, քաղաքական ղեկավարությունը, բանակը լիովին պատրաստ էին եւ գիտեին իրենց անելիքը, ու այստեղ խոսքը միայն ռազմական պատրաստվածության մասին չէ, այլ ավելի շատ՝ իշխանության դիմադրության գործելակերպի, բնակչության վստահության մասին։ Թող չուրանա մեր Հայաստանի բնակչության մեծ մասը, որ Արցախի հարցում գոնե բնակչության 90-99 տոկոսը վստահում էր նախկին իշխանություններին։

- Իսկ հիմա Արցախում ապրող ժողովուրդը որքանո՞վ է վստահում նախ՝ Արցախի եւ հետո՝ նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությանը։ Եվ որքանո՞վ են այս 2 իշխանություններն ի վիճակի հարց լուծել, հատկապես երբ տեսնում ենք, որ ցանկացած հարց լուծվում է ռուս խաղաղապահների եւ Մուրադովի միջնորդությամբ։

- Կոնկրետ անվտանգության հարցերում, յուրաքանչյուր քաղաքացի, երբ Ստեփանակերտից գնում է մեր շրջաններից որեւէ մեկը, կամ Արցախի որեւէ կետից Գորիս ենք շարժվում ու 2-3 կմ-ն մեկ ռուս խաղաղապահների կետերն ենք տեսնում, միանգամայն ակնհայտ է դառնում, թե իրավիճակի տերն ով է։ Եվ դրա համար ցանկացած մարդ գիտի, որ ռեալ իշխանությունն այս պահին, որ կարող է գործ անել եւ անվտանգության քո խնդիրները լուծել, դժբախտաբար թե բարեբախտաբար, ռուս խաղաղապահն է։ Գիտեք, շատ ծանր է հոգեբանորեն այն զգացողությունը, երբ երեկ դու հաղթող էիր, իսկ այսօր ուրիշի խնամքին ես հանձնվել, քաղաքական որբության նման մի բան կա այստեղ, որը շատ ծանր է տանել։ Այս իրավիճակում, ուզած թե չուզած, տեղական իշխանությունը երկրորդ պլան է մղվում, բայց բազմաթիվ տնտեսական, սոցիալական հարցեր կան, որոնց ուղղությամբ տեղական իշխանությունը հսկայական անելիք ունի։

- Բայց ունա՞կ է։

- Իհարկե, Արցախի ներկայիս իշխանությունը կփորձի լուծել սոցիալական խնդիրները, բայց պետք է ասեմ, որ ունենք խիստ բարդութավորված իշխանություն՝ մեր տեղի բնակչության սպասումները չարդարացնելու հետ կապված, եւ պատերազմի նման ելքը բարդել միայն Հայաստանի ներկայիս անկարող իշխանությունների վրա՝ ճիշտ չէ, նրանք էլ ունեն իրենց մեղքի բաժինը։ Բայց պետք էր նաեւ մի քիչ սթափ գործել, եթե տեսնում էիք, որ այս իշխանությունն այդ աստիճան ապիկար է, հակաղարաբաղյան է տրամադրված, պետք էր շատ արագ եզրակացություններ անել եւ ժողովրդին տեղյակ պահել։ 

- Այսօր Արցախում ապրող մարդն իրեն անվտանգ զգո՞ւմ է, օրինակ, գյուղից գյուղ գնալու ճանապարհին։

- Շատ երկար ժամանակ է պետք, որպեսզի անվտանգության այդ խնդիրը՝ վախի զգացողությունը, մարդկանց հոգիներից, սրտից դուրս գա։ Այդ վախը որոշակիորեն միշտ էլ ներկա է եղել անցած՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» տարիներին, բայց ուղղակի չէր արտահայտվում, որովհետեւ տարիների ընթացքում մեր հաղթական բանակի ներկայությունն ունենալով՝ շատ ավելի վստահ էինք, բայց, միեւնույն է, մարդկանց մի զգալի մասի մոտ այդ զգացումը խորը անթեղված էր։ Շատ երկար ժամանակ է պետք, ու շատ բան պետք է արվի դրա համար․ ե՛ւ խաղաղապահ ուժերը պետք է ապացուցեն, որ ի վիճակի են մեր անվտանգությունն ապահովել, ե՛ւ մեր զորամիավորումները, որ հիմա կազմավորման փուլ է մտնում այնտեղ, նոր ձեւով պետք է անվտանգությանը մասնակից դառնան, իրենք պետք է կարողանան ապացուցել, մարդկանց համար համոզիչ լինի, որ լիարժեք տիրապետում են իրավիճակին եւ ապահովում են մարդկանց անվտանգությունը։ Ի դեպ, Ամարասում ռուս խաղաղապահական կետ չկա, որը զարմանալի է, Ամարասի մոտակայքում գտնվող 2 գյուղերի բնակիչներն ահազանգել են այդ մասին, իշխանություններից մարդիկ են եկել, ռուս խաղաղապահներին հրավիրել են, այնտեղ քննարկումներ են եղել, բայց փաստն այն է, որ մինչ օրս այնտեղ խաղաղապահական կետ չի գործում, որի անհրաժեշտությունը կա։ 

- Այս պատերազմը եւ դրա հետեւանքներն ինչպե՞ս կանդրադառնան մեր երկրի հոգեւոր-մշակութային կյանքի վրա։

- Ճանապարհը մեկն է՝ նորից պետք է արարել, ստեղծել, զարգացնել, նորից պետք է հայ մարդուն վերահամոզել, որ դու հայ մարդ ես եւ մի ազգի ներկայացուցիչ, որ փառահեղ ուղի է անցել, դու իրավունք չունես երես թեքելու ազգից, լինելու ստրկամիտ։ Այո, լինում են դավաճաններ, դավաճանում են ազգին, պետությանը, բայց Արցախը դուք չեք կարող հանձնել թուրքին, մենք ունեցել ենք էլի դավաճաններ՝ Մելիք Շահնազարյանի նման մեկը, ով, սակայն, այս մասշտաբի դավաճան չէր, նա ուղղակի համագործակցել է Շուշիի բերդը դավադրաբար գրաված Փանա խանի հետ՝ մտածելով, որ այդպես փրկում է Արցախը։ Սակայն մենք այսօր գիտենք, թե ովքեր են դավաճանները, եւ դավաճանի խարանը մնալու է նրանց վրա։ 

- Բայց այդ մարդիկ ասում են՝ մեղավոր են, բայց ոչ պատասխանատու այս իրավիճակի համար։

- Շատ բան կարող են ասել, ժողովուրդը շատ լավ է զգում ու հասկանում, խոսքը գնում է ոչ թե պետական, այլ ազգային դավաճանության մասին։ Հայաստանի իշխանությունն առաջնահերթ պատասխանատու է ամբողջ հայության համար, իսկ Ղարաբաղում տեղի է ունեցել ազգային դավաճանություն, որն ավելի ծանր հանցանք եմ համարում, ազգը վերացավ՝ էլ ի՞նչ պետության մասին խոսես։ Կլինի ազգը՝ կլինի նաեւ պետությունը։ Սրանք որ եկան իշխանության, ղարաբաղցիների առաջին մտահոգությունն այն էր, որ ծախելու են Ղարաբաղը, որովհետեւ տեսան, որ սրանք ազգայինի հետ կապ չունեցող մարդիկ են։ Եթե ամեն ինչ դիտարկենք ազգայինի շրջանակներում, այս բոլոր խնդիրները կարողանալու ենք հաղթահարել։ Մենք ունենք լավ էլիտա, փայլուն ուղեղներ, որ այսօր ընդդիմության շարքերում են եւ առաջնորդում են ազգին։ 

- Դա կտանի՞ իշխանափոխության, եւ ի՞նչ կտա այն մեզ։

- Անշուշտ՝ կլինի, որովհետեւ միշտ ողջախոհությունը, առողջ տրամաբանությունը հաղթում են, եւ սրանք անպայման դատաստանի առաջ են կանգնելու, թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող ես իշխանություն ունենալ, բայց ազգային պետական խնդիրների համար պատասխանատվություն չկրես։ Ամենակարեւոր դասն այն կլինի, որ ստեղծվի մի այնպիսի նախադեպ, որ հետագայում որեւէ իշխանության մտքով չանցնի, որ «Ղարաբաղը տանք ու ազատվենք այս բեռից»։ Պատերազմը սկսվեց, որովհետեւ Հայաստանն արդեն ներսից էր անպաշտպան, իսկ այս վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանը ներսից թուլացավ, թուրքը տեսավ, որ ներսից բզկտված ենք, եւ այս իշխանություններն էլ Արցախի համար հոգի չեն դնի, դրա համար էլ պատերազմ սկսեցին։ Այսօր մենք պետք է ունենանք նույնիսկ ծայրահեղ ազգայնական իշխանություն, քանի որ այդ դեմոկրատիան արդեն գործում է մեր ազգի դեմ։