«Հրապարակ»-ին են դիմում բազմաթիվ արցախցիներ, տարբեր խնդիրներով, ակնկալելով, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել իրենց։ Նրանցից մեկն էլ Հրանուշն է, ով բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում։ Ճիշտ է` նրանք տեղափոխվել են 2020 թվականից հետո: Մեծ ընտանիք են` ինքը, ամուսինը եւ 4 անչափահաս երեխաները։
Հրանուշը մեզ հետ զրույցում նշեց. «Այս պահին ցանկանում ենք բնակարան ձեռք բերել պետության կողմից տրամադրած սերտիֆիկատով՝ գտել ենք բնակարանը, տիրոջ հետ եկել ենք համաձայնության, սակայն բանկը գործարքը չի իրականացնում, արդեն 3 ամիս` տարբեր պատճառաբանություններ են բերում։ Սեպտեմբերից այլևս չենք ստանում 40 հազարի նպաստները, որը նախկինում ստանում էինք Արցախի կառավարությունից։ Այս պահին մի կերպ յոլա ենք գնում, միայն ամուսնուս աշխատավարձն է ընտանիքի եկամուտի աղբյուրը, որն էլ ստացվում է իր զինվորական աշխատանքից՝ աշխարհազորային է, և ամսական ստանում է 100 հազար դրամ, որից 60-ը տան վարձ ենք տալիս։ Ես օգնություն չեմ ուզում, եթե լինեն մարդիկ, ովքեր ինձ կաջակցեն հիմնել իմ տնտեսությունը՝ կլինի ջերմոց, թե անասնապահություն, պատրաստ եմ ստեղծել իմ սեփական տնտեսությունը եւ աշխատել։ Այլապես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է կերակրեմ երեխաներիս, որոնցից ամենամեծը 5 տարեկան է, փոքրս՝ 4 ամսական։
Հ․Գ․ Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 093354566: