Ինչու է Իրանը ցանկանում տեղափոխել իր մայրաքաղաքը

Ինչու է Իրանը ցանկանում տեղափոխել իր մայրաքաղաքը

Իրանական առաջատար լրատվամիջոցները քննարկում են նախագահ Մասուդ Փեզեշկիանի հայտարարությունը` մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու մասին, քանի որ Թեհրանում ջրի սուր պակաս կա, օդն աղտոտված է, գրունտային ապարները նստում են եւ այլն։ Էկոլոգիական խնդիրներին գումարվում են տնտեսական խնդիրները, երբ հումքը բերվում է Իրանի հարավից, որտեղ պատրաստվում են տարատեսակ ապրանքներ, իսկ հետո արդեն դրանք նորից հասցվում են հարավային նավահանգիստներ՝ արտահանման համար։

Իսլամական Հանրապետության համար սա ահռելի ֆինանսական վնասներ է բերում, եւ նախագահը հայտարարել է, որ նպատակահարմար կլինի, եթե երկրի տնտեսական եւ քաղաքական կենտրոնը տեղափոխվի հարավ՝ ծովափնյա որեւէ քաղաք։ Սա հասկանալի է իբրեւ գաղափար։

Ի վերջո, Թեհրանը 15 միլիոնանոց քաղաք է՝ դրանից բխող բոլոր խնդիրներով՝ ավտոտրանսպորտից մինչեւ էկոլոգիա։ Բացի այդ, կա նաեւ երկրաբանական խնդիր։ Թեհրանը կառուցված է տեկտոնական խզվածքի վրա, եւ մշտապես տեկտոնական ակտիվացման վտանգ կա` երկրաշարժերի եւ սեյսմիկ իրավիճակի։

Մայրաքաղաքը տեղափոխելու պրակտիկան աշխարհում ընդունված է։ Սովորաբար մայրաքաղաք է ընտրվում որեւէ ոչ այնքան մեծ քաղաք` այն շրջանում, որն ուզում են զարգացնել, դարձնելու տվյալ երկրի առավել զարգացած շրջաններից մեկը։ Ուրբանիզացման հստակ քաղաքականություն են վարում շատ երկրներ` դեմոգրաֆիական աճին, երկրի համաչափ զարգացմանը հետեւելով, այլ ոչ թե Հայաստանի նման թույլատրելով, որ երկիրը վերածվի ռախիտի` շատ մեծ գլխով մայրաքաղաքի եւ բարակ ոտքերով մարզերի: Իրանի դեպքում գուցե ընտրվի որեւէ քաղաք՝ հարավում կամ որեւէ պատմական նշանակություն ունեցող քաղաք, ինչպես Սպահանը կամ Քերմանը։ Քերմանում, սակայն, այս տարի ահաբեկչական գործողություն է իրականացվել, քաղաքն անվտանգային առումով խոցելի է։ Սպահանն ավելի հարմար է։

Իրանի մի քանի հազար տարվա պատմության մեջ բազմաթիվ մայրաքաղաքներ են եղել՝ Թավրիզ, Մեշխեդ, Շիրազ, Ղազվին, Համադան։ Ընտրողը, ըստ իրանական մամուլում տարածված տեսակետի, լինելու է Գերագույն հոգեւոր առաջնորդը` Ալի Հոսեյնի Խամենեին, եւ, ամենայն հավանականությամբ, կընտրվի այնպիսի քաղաք, որ հաշվի առնվեն նաեւ իրանական պետական համակարգի, հասարակության յուրահատկությունները։ Ի դեպ, շատերն արդեն նկատում են, որ եթե մայրաքաղաքը Թեհրանից այլ տեղ տեղափոխվի, ապա իրանցի ադրբեջանցիներն այնտեղ, որպես բնակչության 50 տոկոս, քաղաքը կվերցնեն իրենց ձեռքը։