Պատեպատ են զարկվում

Պատեպատ են զարկվում

Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը եւ մի բան էլ ավելի: Ֆեյսբուք, հանրային դիսկուրս, բանավեճի եւ հանդիպումների առաջարկներ, մարզեր եւ արտերկիր այցելություններ, նոր հեշթեգեր եւ այլն: Մեկը սովորում է, մյուսն իր բանտային անցյալն է հիշել: Ինչքան հնարավոր է սադրիչ հայտարարություններ, օրիգինալ ու վիճելի մտքեր, ցնցող վերնագրեր, անակնկալ գաղափարներ: Այդ աժիոտաժի մեջ կինը լրագրողներին է «մարտահրավեր» նետում, ամուսինը` նախկին նախագահներին, նախապես իմանալով, որ իրեն հարգող ոչ մի լրագրող, ոչ էլ իրենցից օտարված, իրենց կողմից դատված ու ծանակված որեւէ նախկին պաշտոնյա չի ընդունելու այդ «մարտահրավերները», որովհետեւ հրավերն ուղղված է իրենց մաքրագործմանը, իրենց մեղքերի քավությանը, իրենց վերարտադրությանը: Եվ երբ մարդուն հրավիրում ես հանդիպման, առնվազն անկիրթ ու անդաստիարակ լինելու նշան է՝ հայտարարել, թե պատրաստվում ես նրան կրթել կամ ուզում ես նրա միջից տգիտությունն արմատախիլ անել:

Իսկ երբ հրավիրում ես բանավեճի, բայց մինչ այդ աշխարհի ստերն ու մանիպուլյացիաներն ես տարածել, խեղաթյուրել արցախյան հարցի էությունն ու մարդկանց հիմարի տեղ դրել, ոչ ոք լուրջ չի վերաբերվի բանավեճի առաջարկիդ, որովհետեւ գան՝ ի՞նչ քննարկեն քեզ հետ` այն, որ Արցախն ի սկզբանե Ադրբեջանի կազմում էր, եւ 30 տարվա բանակցություններն ընթացել են Ադրբեջանին վերադարձնելու մասի՞ն: Դա նույնն է, որ քննարկես՝ աշխարհը կլո՞ր է, տափա՞կ է, թե՞ այն գիգանտ փղերն են իրենց մեջքի վրա տանում: Մարդը պետք է անմեղսունակ լինի, որ հույս ունենա, թե այն, ինչ հանրությունն իր աչքով տեսել է, զգացել, անձամբ մասնակցել, կարելի է նրան համոզել, որ սխալ է տեսել, չի հասկացել, լավ չի հիշում: Չի ստացվի` զուր ջանքեր են: