Քրեական ենթամշակույթը եւ կաստում-շլվարով իդիոտները

Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ քրեական ենթամշակույթը վատ բան է, ու այն պետք է արմատախիլ անել: Բայց սա, թույլ տվեք ասել, յոթ տարի նույն դասարանում մնացած անգրագետ մարդու տեսակետ է, որին չի կարելի լուրջ վերաբերվել: Մշակույթներն ու ենթամշակույթները, այդ թվում՝ եւ քրեական, մեկ օրում չեն ծնվում եւ չեն կարող մեկ օրում ավարտվել կամ դադարել գոյություն ունենալ: Հասարակությունները, առհասարակ, իրենց մեջ եղած վատ բաները հաղթահարում են աստիճանաբար, զարգանալով, այսպես ասած՝ ժամանակի հետ քարը քարին դնելով: Հիմա Նիկոլը եկել, Լենինի պես կանգնել է մի բարձր տեղ ու ձայնը գլուխը գցել, թե պետք է անել սա, սա, սա… Ու չի էլ հասկանում, որ բաներ կան, որոնք հնարավոր չէ անել մեկ մարդու պահանջով ու այդ մարդու քիմքին հաճո ձեւով: Խնդրեմ, գնացել՝ կնոջ հետ կրթում է հասարակությանը… Այ ումուդ, քո ի՞նչ գործն է մարդ եւ հասարակություն կրթելը: Էդ անտեր կրթությունը, ախր, մի ամբողջ մշակույթ է՝ դարավոր, ժամանակի փորձություն անցած, հազար ու մի հարվածներ տեսած ու ավերներ հաղթահարած, սերունդներով սրբագրված: Ոզում ես «զոռով» հե՞տք թողնել այդ մշակույթի մեջ… Կարող ես չանհանգստանալ, դու այդ հետքն արդեն թողել ես, եւ մեզնից յուրաքանչյուրն է իր հետքը թողնում իր հպանցիկ կյանքով ու գործով: Մի քիչ համեստ եղիր:
Գամ քրեական ենթամշակույթին, որ Նիկոլն ուզում է վերացնել: Դա մշակույթի մի ենթատեսակ է կամ մարդու ենթապահվածք, որը ձեւավորվել է վաղնջական ժամանակներից: Կարելի է ասել՝ ծնունդ է առել մարդու հետ, այսինքն՝ ավելի վաղ, քան «քրեական» բառն ինքնին: Մարդկային նախնադարյան հոտերում, ինչ է, քրեական ենթամշակույթ չի՞ եղել, ուժեղ առանձնյակները չէի՞ն հաբրգում, կամ առաջնորդները հոտի մյուս անդամներին չէի՞ն նեղացնում՝ նրանցից մսի լավագույն կտորները խլելով: Եթե մեկն ինձ ասի, որ նախնադարում առաջնորդի ճշտից բացի ուրիշ ճիշտ էլ է եղել, ես չեմ հավատա: Իսկ գուցե հոտի անցանկալի անդամին ժայռից անդունդը նետելու համար քրեական դատարանի հատուկ որոշո՞ւմ պետք է լիներ: Դե, իհարկե, ոչ, որովհետեւ հոտի «սահմանադրությունը» հոտի առաջնորդն էր, որ ուներ «արդարադատություն» իրականացնելու անսահմանափակ իրավունքներ: Եվ մարդու հետ ծնված այդ «ենթամշակույթը» բազում դարերի միջով հասել է մինչեւ մեր օրերը՝ այդ ճանապարհին զարգանալով եւ այլեւայլ դրսեւորումներ ունենալով: Եվ գիտե՞ք, թե ինչն է զարմանալի: Զարմանալին այն է, որ «քրեական ենթամշակույթը» հիմնականում դրսեւորվել է այդ պահին հասարակության մեջ ամենաուժեղ խավի մոտ եւ ծառայել է որպես գործիք՝ մյուս խավերին խեղճացնելու, լռեցնելու, վախեցնելու համար: Հիշեք, թե ժամանակին ուժեղացած կղերականներն ինչպես էին պայքարում «անհավատ» գիտնականների, փիլիսոփաների, աստղագետների դեմ՝ է՛լ խարույկ հանել, է՛լ քառատել, է՛լ հայհոյել, է՛լ միսը գազանների առաջ գցել… Կա՞ր դատարանի որոշում, կամ կղերականներից ո՞վ էր մտածում, որ ինքն այդ պահին «քրեական ենթամշակույթ» կրող է: Համարում էին, որ իրենք ճիշտ են, ու երկիրն էլ ոչ թե կլոր է, այլ՝ տափակ: Ավելին ասեմ, այդ կղերականներից շատերն էին կրթված մարդիկ եւ ոչ միայն գիտեին, որ երկրագունդն է կլոր, այլեւ՝ որ այն պտտվում է արեգակի շուրջ: Բայց ժամանակը, ինչպես ասում են, իրենն էր անում:
Հայերը՝ որպես աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, անցել են քաղաքակրթության բոլոր փուլերով եւ հանդիսանում են այդ փուլերին բնորոշ մշակութային եւ ենթամշակութային տարրերի կրողներ: Մեր թվարկության 21-րդ դարի երրորդ տասնամյակի կեսերին, ահա, Նիկոլը եկել է եւ ուզում է մեր «ենթամշակույթներից» մեկն արմատախիլ անել: Նկատենք՝ Նիկոլը հրաշալի տեղեկացված է մեզանում արմատացած «քրեական ենթամշակույթի» մասին, գիտակցում է, որ դա մերժելի երեւույթ է, բայց միեւնույն ժամանակ էլ զգում է, որ առանց «քրեական ենթամշակույթ» դրսեւորելու ինքն ու իր ՔՊ-ն կես ժամ էլ չեն կարող մնալ իշխանության: Իրենք, ախր, 2018-ին հենց «քրեական ենթամշակույթի» կիրառմամբ են եկել իշխանության, «քրեական ենթամշակույթն» է եղել նրանց ձեռագիրը դեռ 2008 թվականից: Այսօր բոլորին հայտնի կին պատգամավորի ներքնազգեստով արագաչափեր փակել, դագաղներ պտտել, քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտել, ոստիկաններից մահակներ խլել, Լֆիկի խանութը թալանել, մարդկանց գիտակցաբար տանել ընդհարումների, թող ներվի ինձ ասել, «քրեական ենթամշակույթի» ամենաստորին կարգի դրսեւորումներ էին: 2018 թվականից իրենք են, այսպես կոչված, «ուժեղ խավը», եւ արդարադատություն իրականացնելու համար այսօր ամենից շատ հենց իրենց է պետք այդ «քրեական ենթամշակույթը»՝ որպես գործիք եւ որպես իրենց «ճիշտն» առաջ տանելու հիմնական ու անփոխարինելի միջոց:
Ինչի՞ մասին են խոսում Ազգային ժողովում տեղի ունեցող իշխանություն-ընդդիմություն պարբերական բախումները: Ուրեմն, բացի այն, որ Նիկոլը ձախողել է ամեն ինչ, մի բան էլ դժբախտություն է ունեցել հայտարարելու, որ մեր երկրում, իր օրոք, համակարգային կոռուպցիա գոյություն չունի: Այս հայտարարությունն ընդդիմադիրներին, հասկանում ես, կասկածելի է թվացել, եւ վերջիններս, ի թիվս այլ հարցադրումների, նաեւ համակարգային կոռուպցիայի օրինակներ են դնում Փաշինյան Նիկոլի առջեւ: Ինքն ասել է, չէ՞, որ կոռուպցիա չկա… Ու, խնդրեմ, ընդդիմադիրներն աղաղակում են, որ համակարգային կոռուպցիան ամենուր է՝ վարչապետի նստավայրից սկսած, մինչեւ իրավապահ մարմինների պահակակետեր: Եվ Նիկոլին այլեւս ոչինչ չի մնում անելու, քան «քրեական ենթամշակույթի» տարրերից օգտվելը՝ դա հայհոյանքն է, սպառնալիքները, սեփական քաղաքական թիմը ընդդիմության դեմ զորաշարժի ենթարկելը: Հենց հիմա Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ, ԱԺ պատերի տակ պպզած, սպասում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լեւոն Քոչարյանի ԱԺ գալուն, որ, իրենց խոսքով, հաշիվ պահանջեն նրանից: Սա ի՞նչ է, եթե ոչ կաստում-շլվարով իդիոտների քրեական ենթամշակույթ:
Կարծիքներ