Թե բա՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում…

Թե բա՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում…

Բա չիմացաք… Երեկ գնացել էի բաժակ նայողի մոտ, որ հասկանամ, թե ինչու են ինձ ՖԲ-ում այսքան շուտ-շուտ բլոկում: Այ մարդ, էս ինչքա՜ն բան է փոխվել աշխարհում… Բաժակ նայողն արդեն այցելուներին սեփական օֆիսում է ընդունում: Պիտի մոտենաս ապարատին, կտրոն քաշես ու սպասես հերթիդ: Սուրճը պետք է առավոտյան խմած լինես ու բաժակդ շրջած, որպեսզի չորացած լինի, ու նայելու ժամանակ պատկերները չաղավաղվեն: Փողն էլ գլխանց են պահանջում՝ 5-7 հազար դրամ, նայած բաժակիդ մեծությանը: Փողը պետք է դնես բաժակիդ տակ եւ մատներով զգույշ հրես դեպի «մասնագետը»: 

- Տիկին ջան, իսկ կարող ա՞ ՀԴՄ կտրոն էլ տաք,- հարցրի բախտագուշակիս:
Եվ որքան մեծ եղավ զարմանքս, երբ նա գլխով դրական նշան արեց ու աչքերով ցույց տվեց աթոռը, որի վրա պետք է նստեի: Դա մի եռոտանի աթոռ էր, առանց թիկնակի, որի վրա պիտի զգաստ նստեի, որպեսզի տիկինը որեւէ դժվարություն չունենար ինձ իր հրաշքների աշխարհը տեղափոխելու հարցում: Խոսքը բացառապես հույզերով տեղափոխման մասին է:
- Բաժակդ հրի, թող գա, լավ չորացե՞լ է:
- Կարծում եմ՝ այո, խնդրեմ:
- Ի՞նչ բողոք ունես…
- Ո՞նց ասեմ, դա երեւի բողոք էլ չի, ՖԲ-ում ինձ հաճախ են բլոկում, կուզենայի իմանալ՝ ինչից է:
Նա լուռ նայեց բաժակի մեջ, հետո միացրեց սեղանին դրված լուսարձակն ու բաժալը հարմարեցրեց ճառագայթների փնջին…
- Լավ չի…
- Ի՞նչը, տիկին…
- Լավ չի, ասում եմ՝ բանը բանից անցել է: Էս կտրտված գիծը տեսնո՞ւմ ես, որ բաժակի բերանից սկսվում ու հասնում է մինչեւ տակը:
Ես վիզս ձգեցի.
- Հա, տեսնում եմ:
- Կարո՞ղ ես հաշվել, քանի՞ տեղ է ընդհատվում:
- Մեկ, երկու, երեք… ոնց որ՝ 8:
- Քեզ քանի՞ անգամ են բլոկել:
- Երկու:
- Ուրեմն դեռ 6 անգամ էլ կբլոկեն:
- Յաաաա…
- Հա: 
- Բա հետո՞…
Գուշակս մի պահ լռեց եւ բաժակը կես շրջան պտտելուց հետո հարցրեց.
- Դու քաղաքականությամբ զբաղվո՞ւմ ես:
- Չէ:
- Ճիշտն ասա: 
- Ես քաղաքական գործիչ չեմ, տիկին, եւ քաղաքականությամբ չեմ զբաղվում:
- Բա ո՞վ է էս մարդը, դատավորի շորերով:
- Եսիմ… Դատավո՞րն ինչ կապ ունի իմ՝ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու հետ:
- Դու իմ հարցին պատասխանիր՝ ո՞վ է այս մարդը՝ դատավորի շորերով:
- Ես կյանքում շատ դատավորներ եմ ունեցել, բոլորն էլ՝ դատավորի շորերով, ի՞նչ իմանամ, թե որ մեկն է:
- Ամենավերջինը:
- Ամենավերջինը Կարեն Սուրենի Ֆարխոյանն է՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
- Մանրամասներ պետք չեն, ի՞նչ գործ է:
- Քրեական:
- Հոդվածը…
- Չգիտեմ:
- Ի՞նչ ես արել:
- Նիկոլին քֆուր եմ տվել:
- Եթե գաղտնիք չէ՝ ի՞նչ քֆուր ես տվել:
Ես շուրջս նայեցի՝ մոտակայքում ուրիշ կին չկա՞ արդյոք, եւ ձայնս ցածրացնելով՝ համարյա շշնջացի.
 -Ասել եմ՝ «քաղպուտանկա»:
- Նիկոլն անձա՞մբ է քեզ դատի տվել:
- Չէ, ոստիկանության միջոցով: Ոստիկաններին կարգադրել է, նրանք էլ գործ են հարուցել:
- Հասկանալի է… Ցուցամատդ թրջիր ու դիր այս մեծ, սեւ կետի վրա:
Ես կատարեցի նրա ասածը:
- Պահ… էս ի՞նչ լավ բացվեց: Չորս կողմը լույս է… 12 թիվ եմ տեսնում…
- Դա իմ դատի ամսաթիվն է՝ սեպտեմբերի 12: Տեղն ու ժա՞մն էլ ասեմ:
- Չէ, կարիք չկա: Ամեն ինչ լավ կվերջանա, բայց աշխատիր այսուհետ այդքան թունդ չզբաղվել քաղաքականությամբ: Կրիա եմ տեսնում… Կրիան դանդաղ հաջողություն է, գալիս է դեպի լույսը: Կարեւոր է, որ հաջողությունդ բաց չթողնես: Լիքը չուզողներ ունես: Յոթ կետից հարվածներ կստանաս: Տեսնո՞ւմ ես այս սեւ կետերը, որ շրջապատել են կրիային…
- Կետերը տեսնում եմ, իսկ կրիան՝ ոչ:
- Կարեւորը՝ որ ես եմ տեսնում… Դու պիտի աշխատես չգրգռել քաղաքական հակառակորդներիդ, մինչեւ տեսնես ինչ է լինում:
- Իսկ Ֆեյսբուքի մասի՞ն ինչ կասեք, տիկին, կարելի՞ է նրան համոզել, որ ինձ չարգելափակի իր հիմար պատճառաբանություններով:
- Դա կախված է նաեւ այն բանից, թե դու ինչն ես հիմար պատճառաբանություն անվանում:
- Վերջին անգամ, օրինակ, ինձ արգելափակել են ընկերներիցս մեկի պոստի տակ արձագանք թողնելու համար: Թրքամետ հայերին անվանել էի «թուրքի շուն»:
- Դե, դա այնքան էլ հիմար պատճառ չէ արգելափակելու համար:
- Համաձայն չեմ, տիկին: Այդ դեպքում ինչո՞ւ ինձ չեն արգելափակում, երբ վայ արեւմտամետ հայերին անվանում եմ «գերմանու աղվես»: Պարզ չի՞, որ թուրքերը Ֆեյսբուքին փող են տվել, որ իրենց բան ասողին արգելափակեն:
- Հետո էլ ասում ես՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում… Այ, քաղաքականությամբ չզբաղվողը ես եմ, բաժակ եմ նայում, ֆեյսբուքյան էջ էլ չունեմ… Ազատ եք, ես վերջացրի, սա էլ՝ ՀԴՄ-ն:
- Ահա, շատ շնորհակալ եմ: Կարո՞ղ եմ բաժակս վերցնել:
- Ոչ, բաժակը մենք վերադարձնում ենք 10 աշխատանքային օրվա ընթացքում: Այն պետք է մնա մեզ մոտ, մինչեւ գուշակությունները կատարվեն: Գիտե՞ք, մեր ծառայությունները լիցենզավորված են, եւ մենք տեր ենք մեր գուշակություններին…
- Հասկացա, շնորհակալություն, ես էլի կգամ: