Սանդուն Մոլդովայի նախագահը չէ. Կրեմլ

Սանդուն Մոլդովայի նախագահը չէ. Կրեմլ

Մոլդովայում ընտրողների մեծամասնությունը չի քվեարկել նախագահ Մայա Սանդուի օգտին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է տիկին Սանդուին, դուք գիտեք, որ նա, որքան հասկանում ենք, իր երկրի նախագահը չէ, քանի որ բուն երկրում նույնպես բնակչության մեծամասնությունը չի քվեարկել նրա օգտին։ Եվ մենք խոսում ենք շատ, շատ պառակտված հասարակության մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, ռուսական կողմը կարող է «օբյեկտիվորեն դատել այս ընտրությունների մասին»՝ օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունից քվեարկած Մոլդովայի քաղաքացիների օրինակը։ 
Այն պատճառով, որ նրանց «հնարավորություն չի տրվել օգտագործել իրենց ձայնը», ընտրությունների արդյունքները «չի կարելի մաքուր համարել»,- պնդել է Պեսկովը։

Ըստ նրա՝ այս «ընտրությունները ոչ ժողովրդավարական էին և ոչ արդար»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը քննադատել է Մոլդովայի ներկայիս իշխանություններին: Նա նրանց, ի թիվս այլնի, մեղադրել է Ռուսաստանի հետ «ցանկացած փոխգործակցությունը սահմանափակելու», ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների վրա «ճնշում գործադրելու» մեջ։ 

Պեսկովը պնդել է, որ Մերձդնեստրի բնակիչները «հակված չեն որևէ կերպ աջակցելու» Մոլդովայի ներկայիս ղեկավարությանը. «Դա լուրջ ջանքեր է պահանջում, բայց բացառապես հիմնված կառուցողական մոտեցման վրա, որի դեֆիցիտը մենք տեսնում ենք հիմա»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոլդովայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթանակ է տարել երկրի գործող ղեկավար Սանդուն, ով ստացել է ձայների 55,33%-ը, իսկ ընդդիմադիր Սոցիալիստական ​​կուսակցության թեկնածու, այդ երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44,67%-ը։ Միաժամանակ Մոլդովայի տարածքում Սանդուն ստացել է ձայների 48,81%-ը՝ Ստոյանոգլոյի օգտին քվեարկած 51,19%-ի դիմաց։ 

Տարբերությունը 32 հազար ձայնից մի փոքր ավելի է եղել։ Այնուամենայնիվ, արտասահմանյան քվեարկության՝ այպես կոչված մոլդովական սփյուռքի շնորհիվ Սանդուն կարողացել է հաղթել ընտրություններում մեծ տարբերությամբ: Արտերկրի 231 ընտրատեղամասերում քվեարկել է գրեթե 330 հազար ընտրող, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի ավելի քան 20%-ը։ Արտերկրում Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 82%-ը՝ գրեթե 250 հազար ձայն։