Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ճիշտ են ասում` իրենց ինչ բանակ էլ տաս, կպարտվեն

Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ճիշտ են ասում` իրենց ինչ բանակ էլ տաս, կպարտվեն

Նիկոլ Փաշինյանը, վերջերս անդրադառնալով բանակին, ասել էր, որ հայկական բանակն այնպիսին պետք է լինի, որ մեր թշնամի հարեւաններին անհանգստություն չպատճառի։ «Զանգի» հավելվածի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը, անդրադառնալով Փաշինյանի՝ բանակի վերաբերյալ արված հայտարարությանը, ասում է, որ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի խոսքերին հաջորդելու են գործնական քայլեր։ «Եթե նայենք նախորդ նախադեպային նմանատիպ օրինակները` կա Ալիեւի պահանջ՝ Սահմանադրության փոփոխության, Արցախի, Հռչակագրի հետ կապված, ինչից հետո այստեղ իր կցորդը սկսում է այդ օրակարգը ձեւավորել... Հիմա էլ բանակի կրճատումն է Ալիեւի գլխավոր պահանջը, իմ կարծիքով։ Ամեն ինչ կարելի է վերադարձնել, բացի բանակից: Եթե բանակ եղավ, ամեն ինչ կարելի է վերադարձնել, ինքը շատ լավ գիտի այդ ամենը։ Հիմա նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ պրովոկացիոն ոճով։ Ինքը շատ պրովոկացիոն բաներ է ասում՝ սկսած ազգ-բանակից, օրինակ։ Դա հայտնի տեխնոլոգիա է, երբ ուզում ես ինչ-որ տաբու կոտրել, դու այդ տաբուի մասին, որը մարդկանց մոտ ամենաշատ զայրույթն է առաջացնում, ամենազայրացնող ձեւով սկսում ես արտահայտվել։ Տեսեք` ազգ-բանակը համեմատեց «ազգ-նահատակ» հասկացության հետ՝ դա ահավոր զայրույթ առաջացրեց։ Դա հայտնի տեխնոլոգիա է»,- ասաց Մարտիրոսյանը։

Դա կոչվում է տաբու կոտրելու տեխնոլոգիա։ Այնպես ես անում, որ թիրախային լսարանի մոտ մաքսիմալ զայրույթ առաջացնես, որպեսզի այն երեւույթները, որոնք քննարկման ենթակա չեն՝ դառնան։ «Սկսեց «ազգ-նահատակից», եկավ հասավ նրան, որ մեր բանակի մասին բաներ է խոսում, որ չես հասկանում՝ ինչ է ուզում ասել։ Ամեն ինչ հանգեց այն բանին, որ նախապատրաստական փուլ է տանում բանակի կրճատման։ Որքան մեր ինքնիշխանությունն ու սուվերենությունն իջնում է, այնքան ավելի ուժեղ են իրենք գոռում ինքնիշխանություն, սուվերենություն։ Բացահայտ լինելով թշնամու վասալը, կատարելով հրամաններ, մեր երկրի տարածքում նույնիսկ գործարան չեն կարողանում կառուցել՝ Երասխի հայտնի գործարանը, սուբյեկտայնության տարրեր չունենալով, ամենաշատն ինքն է ամեն խոսքում այդ բառը կիրառում՝ մենք ինքնիշխան պետություն ենք կառուցում, պետություն, պետություն, ինքնիշխան: Այսինքն, գողը գոռում է՝ բռնեք գողին։ Այստեղ էլ է նույնը՝ ամենաշատը խոսում է բանակի մասին, ասում է, որ փող է տալիս բանակին։ Դա էլ է հայտնի տեխնոլոգիա, որ հետո ասի՝ ես փող տվեցի բանակին։ Նույնը վերաբերում է պրոֆեսիոնալ բանակ ասվածին, մարդկանց մեծ մասը չի հասկանում` ինչի մասին է խոսքը, մարդկանց թվում է՝ լավ բան է այդ պրոֆեսիոնալ բանակը։ Բայց իրականությունն այն է, որ բանակը կդառնա դեկորատիվ, այսինքն` պառադային ինչ-որ մի բանակ։ Նույնիսկ այսօրվա եղած մարտունակությունը սպառնալիք է Ալիեւի համար, ու նույնիսկ սա են ուզում կրճատել»,- ասաց Մարտիրոսյանը։

Բայց երբ Փաշինյանը բանակը սահմանափակելու մասին է խոսում, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն էլ հայտարարում է, որ պետք է համակերպվենք տարածքներ հանձնելու հետ, քանի որ ի վիճակի չենք կռվել ադրբեջանցիների դեմ, մեկ էլ մի օր հայտարարում է, որ կջախջախենք թշնամուն։ Այս իրարամերժ հայտարարությունների նպատակը ո՞րն է: Մարտիրոսյանն ասում է. «Իրենք չեն կարող դիմադրել՝ ինչքան էլ բանակ լինի, զենք լինի, Ֆրանսիան իր ամբողջ զենքը տա մեզ, ամբողջ աշխարհը, Հնդկաստանը եւ այլն, մենք զենք գնենք, տեխոլոգիական ինչ թռիչք էլ կատարենք, մենք չենք կարող դա անել։ Այն կառավարման որակներով, որը կա Հայաստանում, դա հնարավոր չէ, իրենք միշտ կպարտվեն, որովհետեւ այստեղ շատ կարեւոր հարց կա՝ աքսիոմատիկ մեկ նարատիվ, նիկոլիզմը մարդ չի՝ դա նարատիվներ է, որոշակի նարատիվների խումբ է, իսկ դրա ամենագլխավոր աքսիոմատիկ նարատիվները, որոնցից բխում են իրենց հետեւություններն ու թեզերը, պատերազմի պարտության անխուսափելիությունն է։ Ես միշտ դրա մասին եմ խոսում՝ պատերազմն անխուսափելի չի եղել․ եղել են գործոններ՝ թշնամու կրակային հզորության, տեխնոլոգիական, քանակական առավելությունները, որ թշնամին ունեցել է, եղել են ազդեցիկ, բայց ոչ որոշիչ։ Մեր պարտության որոշիչ գործոնը եղել են կառավարման որակները՝ պատերազմական մենեջմենթ, այսպես ասած։ Հիմա դա է կարեւոր հարցը, եւ դրանից բխում են մյուս հարցերը։ Այսինքն, իրենք ինչ էլ անեն, իրենց կառավարման որակներն ահավոր են»,- շեշտում է Մարտիրոսյանը։

«Զանգիի» տնօրենը նկատում է, որ կարելի է դիտարկել նույնը Երեւանի տեսանկյունից, թե ինչպես են կառավարում քաղաքը։ Սովորական հարցեր չեն կարողանում լուծել, չունենք պրոյեկտներ, որ այս 6 տարվա ընթացքում հաջողված լինեին։ Եթե չեն կարողանում փոքր քաղաքաշինական խնդիր լուծել, ո՞նց կարող են պատերազմ կառավարել, երբ կառավարման տեսակետից պատերազմն ամենաբարդ համակարգն է, քանի որ նույնիսկ որոշումներ կայացնելու համար ժամանակ չես ունենում, դե, իսկ պատասխանատվության ծավալի ու կարեւորության մասին ավելորդ է խոսելը։
«Պատերազմական կառավարումը համարվում է աշխարհում ամենաբարդ կառավարման համակարգը՝ ինքը ո՞նց է դա կառավարելու։ Ճիշտ է ասում, որ չի կարող։ Այն ուղղությունների մեջ, որ ինքը կա, մենք չենք կարող դիմադրել որեւէ վտանգի։ Պատերազմի մասնակից տղաներն ինձ պատմել են, թե ոնց են մեր տղաները կռվել սիրիական ահաբեկիչների ու թուրքական ուժերի դեմ, թշնամին իրապես ոչ մի շանս չի ունեցել՝ թշնամու ոչ մի գրոհ չի հաջողվել, բայց մեկ էլ այդ նույն շատ բարձր մարտունակությամբ գերազանցություն ունեցող զինվորը պարտվում է պատերազմում։ Մենք ունենք մարտունակություն, բայց պարտվում ենք պատերազմում՝ դա արդեն ցույց է տալիս, որ խնդիրը կառավարման որակների մեջ է՝ չի կառավարվել պատերազմը։ Հիմա էլ այդ որակներում բան չի փոխվել, դեռ մի բան էլ վատացել է։ Իր թուլությամբ Փաշինյանը մեզ պատերազմ է բերում։ Ամենավատ բանը, որ կարող է լինել, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նորից պատերազմի գնալն է՝ դա կարող է իսկապես մեր վերջը լինել։ Հայաստանում ստեղծվել է մի իրականություն, որտեղ մենք միշտ պարտված ենք։ Իր թուլության աղբյուրը Երեւանի կենտրոնում է»,-ասաց Մարտիրոսյանը։

Նա հավելեց, որ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ճիշտ են ասում` իրենք զորահրամանատար չեն, իրենց ինչ բանակ էլ տան, միեւնույն է, իրենք պարտվելու են։ «Իրենց փոփոխությունը մեր թուլության հեռացումն է, Երեւանից նրանց հեռացումն է»,-եզրափակեց Մարտիրոսյանը։