Ադրբեջանական ռազմական ոգու հաղթանակը խորհրդանշող կոլաժի տակ դեսպան Տոլմաջյանի «լայքը» հեռացվել է
Շուշիի գրավումը տոնող ադրբեջանական քարոզչական գրառման տակ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան լայքը հեռացված է։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան նախկին քարտուղար Արման Աբովյանը։
Վերջինս ասում է, որ տեսնելով դեսպանի «լայքը»` պարզապես աչքերին չի հավատացել ու, այնուամենայնիվ, վերապահումով է մոտեցել։ Որ, գուցե, սոցիալական ցանցերում տեխնիկական ինչ-որ հնարքների կիրառմամբ հնարավոր են նման բաներ։
«Ես անմիջապես ասել եմ, որ պետք է պարզաբանում ստանանք դեսպանից կամ ԱԳՆ-ից, որովհետև այդ էլեկտրոնային համակարգերը` իրենք, կարող են կառավարվել կողքից։ Որովհետև, պարզապես հավատս չէր գալիս, աչքերիս չէի հավատում, որ կարող է ՀՀ դեսպանը տենց բան լայքի: Սակայն առավոտյան այդ թվիթի տակ այդ լայքը չկա, թե հիմա տեխնիկական խնդիր է, թե այդ լայքը հանել է, չգիտեմ»,-ասաց Արման Աբովյանը։
Նա կոչ է անում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագետները, պաշտոնյաները սոցիալական ցանցերում շատ զգույշ լինեն, որովհետև անգամ այդ անզգույշ «լայքերը» ադրբեջանական ու թուրքական կողմից մեծ թափով «պտտացվում են» տարբեր քարոզչական նյութերում ու անգամ՝ եվրոպական ատյաններում։
Նշենք, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան էջում այս մասին ոչ մի խոսք չկա։ Իսկ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն էլ դեռևս պարզաբանում չի ներկայացրել։
Հիշեցնենք, հայկական անուն-ազգանունով գրող, քաղաքագետ, Բաքվի ADA համալսարանում դասախոսություններ կարդացած (նաև պատերազմից հետո) ոմն Վիգեն Չեթերյան իր էջում տեղադրել էր ադրբեջանցի մի լուսանկարչի կոլաժ, որում լուսանկարչի նկարն է` 1992 թվականի դեռ չազատագրված Շուշիից, հետո՝ 2020 թվականի նկարը՝ արդեն գրավված Շուշիից և «ադրբեջանական ռազմական ոգու հաղթանակի» այս խորհրդանիշը։ Նաև գովեստի խոսքեր, որ «Ռեզան իրական արվեստագետ է, ով ֆոտոխցիկ է բռնում, բայց Կալաշնիկովի էֆեկտով»։ Ու չգիտես ինչ հանգամանքներում Շուշիի գրավումը տոնող այդ լուսանկարի տակ հայտնվել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի «լայքը»։
Կարծիքներ