Այժմ Նիկոլ Փաշինյանի հերթն է` արհեստական օրակարգ ձեւավորելու

Այժմ Նիկոլ Փաշինյանի հերթն է` արհեստական օրակարգ ձեւավորելու

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին շատ հաճախ մեղադրում էր իրենց հագով սահմանադրություն կարելու մեջ։ Սակայն իշխանության գալով, ինչպես տեսնում ենք, ինքը սկսեց օրենսդրական եւ սահմանադրական փոփոխություններ անել, որոնք հաճախ պատճառաբանված չեն եւ բխում են բացառապես իշխանությունների շահերից։

Ինչպես տեղյակ եք, օրերս վերջնականապես ձեւավորվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նոր կազմը՝ հինը ցրեցին, նորը ձեւավորեցին։ Եվ եթե անցած տարի խոսվում էր կառավարման համակարգը փոխելու մասին, եւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգն ավելի ճիշտ է մեզ համար, եւ ազդարարում էր, որ շուտով անցնելու ենք հին կառավարման համակարգին, ապա օրերս իր ասուլիսին ճիշտ հակառակ հայտարարություն արեց՝ նշելով, որ անձամբ իր կարծիքով՝ կառավարման համակարգը հաճախ փոխելը լավ չէ, պետք է հնարավորություն տալ, որ խորհրդարանական համակարգն «աշխատի»։ Այդ պարագայում ինչ իմաստ ուներ նոր հանձնաժողով ձեւավորելը, պարզ չէ։ Ինքը բացատրում է՝ Սահմանադրությունն «աուդիտ անելու» կարիք կա՝ անհամապատասխանությունները, բացերը ծածկելու։ 

Սահմանադրությունը փոխողների կամ «աուդիտ» անողների կազմն էլ է հայտնի՝ Դանիել Իոաննիսյան, Վահագն Հովակիմյան, իրեն ընդդիմադիր հռչակած Էդմոն Մարուքյան եւ այլ մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչներ։ Թե իրականում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ինչու է ստեղծվել, եւ ինչ կարող են անել այդ կազմում ներառված վերոնշյալ անձինք, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ սահմանադրագետ Գոհար Մելոյանից։ 

«Չանձնավորելով որեւէ մեկին, պետք է փաստենք, որ այդ հանձնաժողովում ներառված անձանց գործունեությունը բավականին անփառունակ է։ Այն հանգամանքը, որ մենք բազմիցս տեսել ենք հակասահմանադրական սահմանադրական փոփոխությունները, որոնք մեկ օրվա ընթացքում տեղի ունեցան այս իշխանությունների թեթեւ ձեռքով, եւ չնայած որ մասնագիտական հանրությունը բազմիցս տվել է իր քննադատական գնահատականները, այնուամենայնիվ, մենք տեսանք բազմաթիվ հակասահմանադրական գործընթացներ։ Այս իշխանություններն անվերջ փորձում են առաջնահերթ դարձնել սահմանադրական փոփոխությունների հարցը։ Անխոս, եթե գործ ունենայինք փոքր-ինչ բովանդակային ուժի հետ, կարելի էր ենթադրել, որ այս ամենն արվում է վերարտադրման նպատակով։ Սակայն ես կարծում եմ, որ սա հերթական արհեստական օրակարգն է, որը չունի որեւէ բովանդակություն։ Այսօր տասնյակ օրակարգային հարցեր կան, որոնք անհամեմատ ավելի կարեւոր են։ Վերոնշյալ կազմը ստեղծվել է հանրության ուշադրությունը շեղելու նպատակով», - նշեց սահմանադրագետը։

Հիշեցնենք, որ 2015 թվականին, երբ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն էր փոխում, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում էր անգամ կարծիք հայտնելուց դրա մասին՝ հայտարարելով, որ դա կեղծ, արհեստական օրակարգ է, եւ ինքը չի պատրաստվում այդ օրակարգին մասնակցություն ունենալ։

Մելոյանի կարծիքով՝ գործող իշխանություններն արդեն մեկ անգամ ձախողել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությունը։ «Դեռ պատերազմից առաջ ձեւավորվել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, սակայն այդ հանձնաժողովի գործունեությունը դադարեցվեց, որովհետեւ կազմում ներառված գիտնական անդամները հրաժարվեցին համագործակցությունից այդ կազմի հետ։ Նախկինում սահմանադրական փոփոխություններ տեղի են ունեցել տասը տարին մեկ։ Հանձնաժողովները կազմված են եղել բացառապես գիտնականներից»։