Մեզ մոտ մարտի մեկից կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կանցկացվեն 2 փուլով. սպասվում է 3-րդ ալիք

Մեզ մոտ մարտի մեկից կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կանցկացվեն 2 փուլով. սպասվում է 3-րդ ալիք

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վերջին մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտվում է վարակի թվերի նվազում: Եթե պատերազմի ժամանակահատվածում օրական գրանցվում էր 2 հազարից ավելի նոր դեպք, ապա վերջին օրերին թվերը զգալի նվազել են: Օրական հաստատված դեպքերի թիվը հասել է միջինում 100-ի։ Թվերի նվազմանը զուգահեռ խոսվում է նաև կորոնավիրուսի երրորդ ալիքի և վիրուսի նոր շտամմի մասին: Ինչո՞վ է պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի նվազումը: Որքանո՞վ է պատրաստ առողջապահական համակարգը՝ դիմակայելու կորոնավիրուսի երրորդ ալիքին: Պատվաստվե՞լ, թե՞ ապավինել սեփական իմունիտետին: Այնուամենայնիվ, համաճարակի երրորդ ալիք սպասվում է, ինչպես սեզոնային մի շարք վարակիչ հիվանդությունների դեպքում է:

«Որպես սեզոնային վարակի օրինաչափություն՝ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիք սպասվում է փետրվար- ապրիլ ամիսներին եւ երկրորդ պիկը՝ հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի սկիզբ»,- ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն  Արմինե Անդրյանը՝ Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ընթացքում:

Ըստ բանախոսի՝ երկու պիկերի արանքում ունենք անտիպիկ, որին հաջորդելու է վերելքը, ինչը համաճարակաբանության մեջ օրինաչափ է: Վարքագծային խնդիրներով պայմանավորված՝ մեզ մոտ վարակն արագ է տարածվում, սակայն հեշտությամբ էլ հաղթահարում ենք: Իսկ ահա բրիտանական շտամմը Հայաստանում տարածված է, թե ոչ, մեր երկրում դեռ պարզել հնարավոր չէ: ՀՀ բյուջեից 6մլն. դոլար է հատկացվել պատվաստանյութ գնելու համար:

«4 պատվաստանյութ՝ անգլիական, ամերիկյան, ռուսական եւ հարավաֆրիկյան, անցել են 3 փուլերի փորձաշրջան, եւ ԱՀԿ կողմից թույլատրելի են: Մեզ մոտ մարտի մեկից պատվաստումներ կանցկացվեն 2 փուլով: 1-ինը կպատվաստվեն ծերերը, բուժաշխատողները, իսկ 2-րդ փուլով նրանց կմիանան ԱԻՆ, ոստիկանության, դպրոցների, պետական այլ ոլորտների աշխատողները»,- տեղեկացրեց Արմինե Անդրյանը:

«Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց»-ի բժիշկ- վարակաբան Կարինե Տոնոյանի խոսքերով, չնայած կորոնավիրուսի 2-րդ ալիքը հաղթահարեցինք, իրական թվերն այլ են: «Եղած թվերը պետք է բազմապատկել 4-ով, 5-ով, որպեսզի ճիշտ պատկեր ունենանք»,- ասաց բժշկուհին՝ նշելով, որ տանը բուժվողների, մարդկանց, որոնց թեստերի պատասխանները բացասական են եղել, բայց ծանր թոքաբորբ են տարել, թիվն  անհամեմատ մեծ է եղել:

«Գյումրու բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Իսահակյանն էլ նշեց, որ այսօր Գյումրի Բ/Կ-ում կորոնավիրուսով պառկած հիվանդ չկա, մինչդեռ ամիսներ առաջ  ցուցանիշը շատ բարձր է եղել եւ ծանր դեպքեր շատ են ունեցել: «Էսպես ասեմ՝ պատկերացրեք: Սովորական պայմաններում հիվանդանոցն օգտագործում էր 30-50 թթվածնային բալոն, այդ օրերին հաշվարկել էինք մոտ 150 բալոն, սակայն 270 բալոնից ավել  օգտագործվեց»:

Նշենք, որ «Գյումրու բժշկական կենտրոն»-ում արդեն իսկ գործում է թթվածնային կայան եւ հարկ եղած դեպքում կարող են մատակարարել այլ հիվանդանոցների: Առողջապահության նախարարությունն այդ նպատակով 100մլն դրամ հատկացրեց բուժկենտրոնին: