ՔՊ-ն ունեցել է ավելի շատ ժամանակ, դրան գումարած իշխանական լծակները

ՔՊ-ն ունեցել է ավելի շատ ժամանակ, դրան գումարած իշխանական լծակները

«Հրապարակի» զրուցակիցը «Կայունություն» կուսակցության առաջնորդ Ֆիրդուս Զաքարյանն է:

- Պարոն Զաքարյան, երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ինչպես գիտենք ` Ձեր կուսակցությունը ևս մասնակցում էր: Թալին խոշորացված համայնքում Քաղպայամանգիրն առաջատարն է՝ ստացել է ավելի քան 7990 քվե, իսկ ահա Դուք ստացել եք ընդամենը 879 ձայն: Ձեր կարծիքով` ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ի ընտրացուցակը, Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, անցած անգամ գրեթե մերժվեց թալինցիների կողմից, իսկ մեկ տարի անց դարձավ այսքան համակրելի:

- Անկեղծ ասած ես չգիտեմ, թե նախկինում Սափեյանի հանդեպ առանձնակի հակակրանք եղել է, թե ոչ, սակայն կարող եմ մի բան ասել, որ ՔՊ-ն ունեցել է ավելի շատ ժամանակ, դրան գումարած իշխանական լծակները: Վերջին օրերին ակնհայտ էր, որ ՔՊ-ն է լինելու առաջատարը:

- Ի՞նչ իշխանական լծակներ են կիրառվել, ինչի՞ մասին եք ակնարկում:

- Հստակ բան ասել չեմ կարող, կարող եմ միայն ընդհանրական առումով ասել, որ իշխանություն ունենալն արդեն իսկ որոշակի լծակներ է տալիս մարդկանց հետ աշխատելու, համոզելու հարցերում և այլն:

- Նաև նշում եք, որ ՔՊ-ն ավելի շատ ժամանակ է ունեցել, քան Դուք: Ինչ է սա նշանակում:

- Մենք շատ ուշ մտանք մրցասպարեզ, երևի վերջին 5-6 օրը որոշում կայացվեց, որ մասնակցենք: Կարծում եմ` դա շատ քիչ ժամանակ էր և հետո կան օբյեկտիվ այլ պատճառներ, օրինակ, ընտրարշավին չմասնակցելը և այլն.... բնական է, որ մենք քիչ ձայներ պետք է հավաքեինք:

- Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր թեկնածուն այնքան էլ համակրելի չէր, չէր վայելում թալինցիների վստահությունն ու սերը:

- Ես կարծում եմ, որ պետք էր նախ մանրակրկիտ աշխատանք տանել: Այս անգամ քաղաքացիների հետ հանդիպումներ չունեցանք, դա էլ իր հերթին էական ազդեցություն թողեց այս ամենի վրա: Ինչ վերաբերում է թեկնածուին, նա հարգված, ժողովրդի ծոցից դուրս եկած անձնավարություն է: Շատերը գուցե նրան յուրային էին համարում, սակայն նա լավ մարդ է: Ամեն դեպքում` հարգանքն ու համակրանքն ընտրություններում հաղթելու համար քիչ են, պետք է նստել մարդկանց կողքին, զրուցել նրանց հետ: Մեր կուսակցությունը նոր է, մենք չհասցրինք ոչ կուսակցության գաղափարախոսությունը ճանաչելի դարձնել, ոչ էլ մեր թեկնածուին:

- Բայց նախորդ ՏԻՄ ընտրություններում, Արարատի մարզում կարողացել էիք Ձեր կուսակցությունը ճանաչելի դարձնել:

- Հիմա էլ կրկնվեց նույն հաջողությունը: Այստեղ ևս հաղթահարել ենք 5 տոկոս շեմը: Այս առումով մենք մեր մինիմալ խնդիրը կատարել ենք: Ես չեմ ուզում ոչ մեկին փնովել ու սևացնել, սակայն մենք քիչ աշխատանք ենք տարել, սա փաստ է: