Ընդամենը լրացուցիչ ոչ աշխատանքային օր օրացույցում 

Ընդամենը լրացուցիչ ոչ աշխատանքային օր օրացույցում 

Մոտեցանք հերթական հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվա տոնին: Եթե չլիներ «հաղթելուենք» հեշթեգով տոգորված խայտառակ պարտությունը՝ հուլիսի 5-ը դեռ կարելի էր տոն համարել: Թեկուզ պայմանականորեն, չնայած դժվար է տոն համարել բացահայտ խախտումներով հիմնական օրենքի ընդունման օրը: Հատկապես եթե, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար չունեցավ այն թղթի արժեքը, որի վրա ինքը տպագրվել էր: Իսկ որպեսզի ունենար ոչ միայն այդ, այլև շատ ավելի լուրջ արժեք, պետության քաղաքացիները պետք է մի քանի սերնդի կյանքի ընթացքում պայքարած լինեին իրենց իրավունքների համար: Եվ Սահմանադրության մեջ էլ գրանցվեր այդ պայքարի արդյունքում նվաճված իրավունքների ամբողջությունը: Քանի որ Սահմանադրությունն, ի վերջո, պետական կառույցների լիազորությունների սահմանափակումն է հանուն քաղաքացու իրավունքների իրացման: 

Բացի նրանից, որ պետության հիմնական օրենքը հայաստանցիները ստացան որպես նվեր, առկա էր նաև երկրորդ խնդիրը. ժամանակի ընդդիմության կողմից այն ներկայացվեց որպես ՀՀ առաջին նախագահի «հագով կարված կոստյում»: Որքան ինձ հայտնի է, Հայաստանի Սահմանադրությունը պատճենվել էր ֆրանսիականից: Իսկ ֆրանսիականը հեղափոխությունների և ժողովրդավարության կայացման երկդարյա պատմություն անցած և չորս անգամ վերափոխման ենթարկված տարբերակ էր: Իհարկե, այդ հարցում մեծ դեր կարող էր խաղալ առաջին նախագահի ֆրանսերենի իմացությունն ու ֆրանսիականի նկատմամբ ակնածանքը: Բայց սրանով սահմանափակվեմ, քանի որ ո՛չ սահմանադրագետ չեմ և ո՛չ էլ նույնիսկ իրավաբան՝ նրբությունների մեջ մտնելու համար: Չնայած մի փոքր փորձառութուն ունեցել եմ մեկուկես տասնամյակ առաջ. ԱԺՄ փոխնախագահ, ողորմածիկ Ալեքսանդր Բուտաևի հետ մի շարք սահմանադրություններ ենք ժամանակին համեմատել:

Ինչևէ, ինքնին լավը լիներ թե վատ ֆրանսիականից պատճենված հիմնական օրենքը, այն միևնույն է, հաստատ հայաստանցիների «հագով» չէր: Քանի որ հայաստանցիները ո՛չ Սահմանադրության ընդունման տարում և ո՛չ էլ դրա հետագա փոփոխությունների տարիներին չունեին համապատասխան քաղաքական մշակույթ: Չունեն, բնականաբար, նաև հիմա՝ երբ գործող իշխանությունը փորձում է այն վերաձևել հենց իր առաջնորդի՝ «ենոքավանցի փրկչի հագով»: Հատկապես, երբ գործող իշխանությունն արդեն կատարել է մի շարք հակասահմանադրական բնույթի փոփոխություններ, և դա չի առաջացրել ոչ միայն երկրի քաղաքացիների, այլև Սահմանադրությամբ առաջնորդվող պետական կառույցների աշխատակիցների ու ղեկավարների բողոքը: Նման պայմաններում Սահմանադրության օրվա տոնն ընդամենը լրացուցիչ ոչ աշխատանքային օր է օրացույցում՝ ոչ ավելի: Եվ որքան էլ տհաճ լինի այն խոստովանելը, խոստովանությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք արձանագրել այդ խնդիրը և մի օր էլ փորձենք լուծել այն: Իհարկե, այն ժամանակ, երբ լուծած կլինենք ներքին ու արտաքին այն մարտահրավերները, որոնք ձեռք բերեցինք «ենոքավանցի փրկչի» վարչապետության պատճառով: