«Գռեհկաբանությունը հանրային գործիչների խոսքում» թեմայով հաջորդ տարվա ողջ նյութն Աննա Հակոբյանն ապահովեց

«Գռեհկաբանությունը հանրային գործիչների խոսքում» թեմայով հաջորդ տարվա ողջ նյութն Աննա Հակոբյանն ապահովեց

Վարչապետի կինը շարունակում է «կրթել» հասարակությանը, վիրավորել ու հայհոյել մարդկանց: Նախ ասում է, որ հայ ժողովուրդը պետք է առաջ շարժվի, ընդունի պարտությունը, կրթվի, շատ գրքեր կարդա, միևնույն ժամանակ տարբեր ընդդիմադիր գործիչների անվանում է «ոջիլ», «տխմար», «գեղցի», «էշ»: Նրա ֆեյսբուքյան էջում անգամ որոշ իշխանական օգտատերեր փորձում են Աննա Հակոբյանին սթափեցնել, գրելով, որ չի կարելի նման խոսքեր ասել մարդկանց, բարձրաստիճան կնոջ պես պահեք ձեզ և այլն: Նրա ոչ ստանդարտ, հայհոյախառն բառապաշարն, իհարկե, ոմանց նաեւ դուր է գալիս` սրանք Դոգի հաճախորդներն են, որոնք կարոտ են «թունդ խոսքի», քանի որ Դոգի սեռական հայհոյանքները չկան, բավարարվում են Աննա Հակոբյանի ոջիլատխմարային լեքսիկոնով: Այստեղ են նաեւ ՔՊ-ականներն ու պաշտոնյաները, որոնք ստիպված են խրախուսել ու արդարացնել մի բան, որը ներքուստ մերժում են, բայց վախենում են դա բարձրաձայնել: 

Կան նաեւ իշխանություններին վճարովի եւ անվճար ծառայություններ մատուցողներ, որոնք լայք են դնում եւ ողջունում են ամեն ինչ, ինչ գրում են Փաշինյանն ու իր կինը: Անգամ եթե գրեն, որ մարդ ենք մորթել եւ կերել, կողջունեն: Ասենք, ոմն իջևանցի Մանվել Սարհատյան, ոմն աբովյանցի Դիանա Մարտիրոսյան, ոմն Թերեզա Ասատրյան, ոմն աշտարակցի Ռուստամ Ավագյան և այլն: 

Իսկ Աննա Հակոբյանը շարունակում է բողոքել, որ իրեն անպատվում են, հեգնել` իր լեքսիկոնը քննադատողներին, մեղադրել իր կրթարշավներին չմասնակցողներին, շանտաժի ենթարկել նրանց, ովքեր իր իրականացրած ռեկետի մասին են խոսում, ծաղրել պատերազմի վիշտը չհաղթահարածներին եւ այլն: Եւ սպառնում է. «Իմ արձագանքը հանարժեք կլինի. ուստի ազատեք մեզ ձեր լացուկոծից ու մնացած սրտաճմլիկ տեսարաններից՝ օ՜, աստվածնե՜ր, այս ի՜նչ է անում։   
Հ. Գ. Եւ այնուամենայնիվ, եթե հանկարծ ցանկանաք հանդիպել եւ քննարկել մեր ընդհանուր խնդիրը, ես կրկին պատրաստ եմ։
Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր այս օրերին առավոտից երեկո իրենց կաբինետներում եւ այլուր վերլուծություններ են անում՝ խելոք մտքեր արտահայտելով, թե արդյո՞ք ճիշտ եմ անում, սխալ եմ անում, հարիր է, հարիր չէ, էթիկայի սահմաններում է, սահմաններում չէ, արժի, չարժի՝ ձեր գործով զբաղվեք, կենտրոնացեք ձեր աշխատանքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա»։ 

Մեզ մնում է հարցնել` իսկ որն է քո աշխատանքային եւ կանացի պարտականությունները` 7 տարի շարունակ հեգնախառն ստատուսներ գրե՞լը, հայ զինծառայողներին զրպարտելն ու նսեմացնե՞լը, քիթդ քեզ չվերաբերող ոլորտներ մտցնե՞լը, բիզնեսմեններին շանտաժի ենթարկե՞լը, պետական պաշտոնյաներին համազոր հանդիպումներ ունենա՞լը, քեզնից գրագետներին կրթե՞լը, ամուսնուդ գործած ավերածություններն արդարացնե՞լը: 

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Ռիտա Սաղաթելյանին հարցրեցինք` որպես հայոց լեզվի դոցենտ ի՞նչ կարծիք ունեք վարչապետի կնոջ բառապաշարի մասին: Նա ասաց. «Առաջին հայացքից խոր կասկած ունեցա, որ երկրի ղեկավարի կինը կարող է նման խոսքերով հաղորդակցվել հանրության հետ, ինձ թվաց թե ինչ-որ մեկն է դա գրել իր անունից, այդ աստիճան զարմացած էի, բայց հետո պարզվեց, որ նա իսկապես «տխմար» է համարում բոլոր նրանց, ովքեր ատում են իրեն: Բայց որքա՜ ն շատ են այդպիսի «տխմարները», խնդիրը սա է: Եթե ես հիմա օգտվեմ իմ խոսքի իրավունքից, ինչպես ինքն է ասում, և նրա հայտարարությունների համարժեք պատասխանը տամ, որպես 3 միլիոն վարչապետերից մեկը, շատ տգեղ բան կստացվի,  ես ուսանողներ ունեմ, ես լսարան եմ մտնում, չեմ ուզում հավասարվել նրան: Արդյո՞ք ես, 30 տարվա մանկավարժս ունե՞մ բարոյական իրավունք դասեր տալու ինչ-որ մի կնոջ, ով իրեն կամովին նվիրել է հայ ազգին «կրթելու» և «լուսավորելու» գործին: Ես հորդորում եմ այս տիկնոջը պարզապես կանգ առնել, լռել ու այլևս չշարունակել այն, ինչ սկսել է: Ինձ նման «նվաստներից» շատերը մինչ այս պահը չգիտեին, թե հասարակությունն ինչպիսի բնորոշումներ է տալիս Աննա Հակոբյանին, օրինակ ես չգիտեի, որ նրան անվանում են` «փնթի էգ»: Ես նրան խորհուրդ եմ տալիս, որ ինքն իր ձեռքով չտարածի այն վիրավորական խոսքերը, որոնք մարդիկ շռայլում են իր հասցեին: Բայց ասեմ, որ իմ ուսանողների գործը հեշտացավ` ես ամեն տարի նրանց հանձնարարում եմ ուսումնասիրել գռեհկաբանությունը հանրային գործիչների խոսքում: Նրանք բերում են օրինակներ, քննարկում ենք, դատապարտում ենք դրանք և այլն: Աննա Հակոբյանը մեր հաջորդ տարվա քննարկման բոլոր նյութերը ապահովեց, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Տեսնելով առհասարակ, թե ինչպես է իրեն դրսևորում էլիտան, պետք չէ զարմանալ ինչ է կատարվում դպրոցներում, օրինակ` Մերձավանի դպրոցում», - նշեց Սաղաթելյանը: