Արցախցիներն ոչ միայն մերժում են «խաղաղության օրակարգը», այլև՝ իրենց օրակարգն են թելադրում

Արցախցիներն ոչ միայն մերժում են «խաղաղության օրակարգը», այլև՝ իրենց օրակարգն են թելադրում

Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց աննախադեպ հանրահավաքի ու դրան հաջորդած զարգացումների վերաբերյալ զրուցեցինք Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան երեկ աննախադեպ բազմամարդ հանրահավաք ու երթ տեղի ունեցավ Ստեփանակերտում։ Ինչպե՞ս եք այն գնահատում։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ դրանով արցախցին մերժում է այսպես ասած «խաղաղության օրակարգը», որը պարտադրվում է ՀՀ իշխանությունների կողմից։

- Երեկ Արցախում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության քաղաքացիների ուժի ցուցադրումն առ այն, որ ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել արցախցու կամքը և նրա ուժը: Այն ապացուցեց, որ արցախցին իր մեջքը ուղղել է և այլևս բոլորը պետք է հաշվի նստեն իր հետ: Արցախում արցախցիները ոչ միայն մերժում են այսպես ասած «խաղաղության օրակարգը», որը պարտադրվում է ՀՀ իշխանությունների կողմից, այլև թելադրում են իրենց օրակարգը որը նախ հնչեցվել է ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ հայտարարության ձևով, իսկ երեկ հնչեցվեց Վերածնունդի հրապարակից՝ ուղերձի ձևով:

- Մի շարք կարծիքներ կան, նաև Դուք եք ասել, որ երեկվա հանրահավաքում թևածում էր 88-ի ոգին։ Ինչո՞վ էր այն նման 88-ին։

- Այն ներքին էներգետիկան և ոգեղենությունը, այն սեղմված էմոցիանները, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտում էին քայլերթի մասնակիցները նույնանման էր 88-ի օրերի հանրահավաքներին: Երեկ ազդարարվեց Արցախի փրկության համար պայքարի նոր փուլ, որը վերիշխանական, վերքաղաքական բնույթ ունի:

- Հայաստանյան իշխանամետ շրջանակներն, լրատվամիջոցները՝ ներկայացնելով երեկվա հանրահավաքը, փորձում էին խեղաթյուրել այն ՝ ներկայացնելով որպես համերգ։ Ինչպե՞ս կգնահատեք այն և Ձեր կարծիքով ինչի՞ հետ է սա կապված։

- Այդ մասին ես անդրադարձել եմ գրառմամբ, սակայն ուզում եմ ավելացնել, որ այս հարցում որևէ չհասկացված, կամ ոչ միանշանակ գրառում չի ընդունվելու հասարակության կողմից: Եվ պետք չէ նման վարքագիծ դրսևորել, կամ նման գրառում կատարել, այնուհետև փորձել երկար ու ձիգ գրառմամբ բացատրել: Հայաստանյան իշխանությունները, իշխանամետ շրջանակներն ու նրանց լրատվամիջոցները պետք է հասկանան, որ ամենօրյա պայքարի դուրս եկած հայ ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ իր պատմությունը և հաղթանակները ջնջեն: Պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը իր ձեռքով իր պատմության կերտողն է՝ ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում և թույլ չի տալու, որ ուրիշի ձեռքը գրի այդ պատմությունը: