Սյունիքում զենքը շատացել է

Սյունիքում զենքը շատացել է

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս այցելել է Սյունիքի մարզ՝  ամփոփելու 2020թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը։

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, մի շարք ուղղություններով արձանագրել են հանցավորության նվազում։ Օրինակ, 7 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերը: 38%-ով նվազել են բնակարանային գողությունները՝ /31-ի փոխարեն 19 դեպք/: Սակայն այս ցուցանիշը «մեծապես պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմներով նախատեսված սահմանափակումներով, որոնց պայմաններում քաղաքացիներն ավելի քիչ են բացակայել իրենց բնակարաններից»:     

Փոխարենը, 2020թ. մարզում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կտրուկ ավելացում 23-ով՝ կամ գրեթե 4.5 անգամ. 2019թ.-ի 5 նման դեպքի դիմաց 2020թ.-ին արձանագրվել է 28 դեպք: «Նման պատկերը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզը և հատկապես Գորիս քաղաքը, պատերազմի ողջ ընթացքում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հաղորդակցության, լոկացիոն հիմնական հանգուցային կետը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից ապօրինի կերպով զենք զինամթերքը դեպի ՀՀ տարածք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը բացահայտվել են հենց մարզի հիմնական մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում»: