Ռուստամ Ավագյանի դեմ դիմումին ԱԱԾ-ն ընթացք է տվել

Ռուստամ Ավագյանի դեմ դիմումին ԱԱԾ-ն ընթացք է տվել

«Քիչ առաջ եմ գալիս ԱԱԾ-ից։ Ռուստամ Ավագյան անունով ոմն մեկը, ով աչքի է ընկնում միշտ արցախցիների հասցեին վիրավորական, հայհոյական արտահայտություններով և ներկայանում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամը ու քաղաքական թիմակիցը, մայիսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում եթերով հրապարակային արցախցիներին զրպարտող հայտարարություններով է հանդես եկել։ Նա մասնավորապես ասել էր՝ «ավելի լավ է թող մեր ու մանուկ կոտորվեն, բայց Նիկոլը մնա, ուզում եմ բոլոր արցախցիները՝ մեռնեն», անիծել Էր նաև Արցախի դրոշը։ Ինչպես գիտեք այդ տեսանյութը ակտիվ տարածել էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Այս դեպքի հետ կապված, ես մայիսի 20-ին Ազգային Անվտանգության Ծառայությունում հաղորդում էի ներկայացրել, որ պետք է քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով քրեական գործ հարուցվի այս տղայի նկատմամբ, որովհետև այս հոդվածով նախատեսվում է, որ մարդկանց ազգային արժանապատվությունը նվաստացնելը, մանավանդ հրապարակային կերպով, լրատվական միջոցներն օգտագործելով, դա քրեորեն պատժելի է և նախատեսում է 3-6 տարի ազատազրկում»,-այս մասին Hraparak.am-ին հայտնեց լրագրող, մեկնաբան Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանը գտնում է, որ եթե ունենք նախադեպ, երբ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ, ով հրապարակային հայտարարել էր, որ Շիրակի մարզում ապրողները հայեր չեն, ուրեմն նույն հոդվածով էլ պետք է կալանավորեն նաեւ Նիկոլ Փաշինյանի թիմակցին։

«Ռուստամ Ավագյանի կողմից արված հայտարարությունները մի քանի անգամ ավելի ծայրահեղ են համարվում։ Այսօր՝ մայիսի 24-ին, հրավիրվել էի ԱԱԾ` հաստատելու տվյալ հաղորդումը հանցագործության մասին, բացատրություն տվեցի, ներկայացրի, քննիչն ամբողջը արձանագրեց և գործին ընթացք տվեց։ Պատշաճ ընթացք տալու, պատշաճ քննություն կատարելու դեպքում անմիջապես այդ տղային պետք է ձերբակալեն։ Մենք սպասում ենք, որ ԱԱԾ-ն այս դեպքում ևս հղում կտա քրեական օրենսգրքի հենց 226 հոդվածին։ Հաղորդումը ներկայացվել է անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի անունով, անձամբ իրեն էի դիմել, իր մակագրությամբ էլ փոխանցվել է ընթացք տալու»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։ Նա գտնում է,որ այդ մարդու դեմ քրեական գործ հարուցելով և օրենքի սահմաններում պատժելով, կկանխվեն նմանանատիպ հանցավոր երևույթները։