Աներեւակայելի է, բայց՝ փաստ

Աներեւակայելի է, բայց՝ փաստ

Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ «ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Աղթամարի վանք, մտադիր են դիմել Թուրքիայի իշխանություններին, որպեսզի սրբավայրը վերադարձվի օրինական տերերին՝ աղվաններին»:

Կից տարածված է տեսահոլովակ, թե ինչպես են ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչներն Աղթամարում կրոնական ծես կատարում, իհարկե՝ ադրբեջաներեն լեզվով: Ինչպես լրատվամիջոցին ասել է միջոցառման կազմակերպիչներից Ռաֆիգ Դանագարին, Աղթամարը «կառուցել են աղվանները, այն 1836թ. հայերին է նվիրել ցարական իշխանությունը»: Թե ինչպե՞ս է ցարական իշխանությունը Թուրքիայի տարածքում գտնվող վանական համալիրը «նվիրել» հայերին՝ այդ մասին Դանագարին ոչինչ չի ասում: Եւ չի էլ կարող: Ադրբեջանում պատմական իրողությունները, քաղաքակրթական ժառանգությունը եւ այլ «մանրուքներ» հարգի չեն:

Գլխավորն այն է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի տարածաշրջանում բացառվի հայկական ինքնությունը: Այդ նպատակին հասնելու համար, ինչպես տեսնում ենք, պաշտոնական Բաքուն Թուրքիա է գործուղել ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչներին: Համաձայնեցվա՞ծ է այդ քայլը Թուրքիայի իշխանությունների հետ: Ինչպե՞ս կարձագանքի Անկարան Աղթամարն «օրինական տերերին վերադարձնելու»՝ պաշտոնական Բաքվի նախաձեռնությանը: Աներեւակայելի է, բայց՝ փաստ. Ադրբեջանը բարձրացրել է Աղթամարի վանական համալիրի պատկանելիության հարց: Հայաստանին, հայ ժողովրդին, հայկական ինքնությանը հերթական մարտահրավերն է նետված: