Ինչպես Լեւոն 14-րդն ընտրվեց Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ

Լեւոն 14-րդ Սրբազան քահանայապետն արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը, թեեւ գահակալության արարողությունը տեղի է ունենալու մայիսի 18-ին։ Միջազգային մամուլում եւ վերլուծական պարբերականներում շարունակվում են քննարկումները՝ Պապընտիր վերջին ժողովի՝ Կոնկլավի հետ կապված։ Շատերն էին սպասում, որ Կոնկլավում կհաղթեն պահպանողական կարդինալները՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Սակայն պարզվեց, որ Սուրբ Աթոռն իր օրակարգով է շարժվում, եւ աշխարհաքաղաքական տրամադրությունների փոփոխություններն այնքան էլ լուրջ ազդեցություն չունեն Վատիկանի վրա, որքան կարող է թվալ առաջին հայացքից։
Այսպես, ըստ միջազգային մամուլում տեղ գտած վերլուծականների, Լեւոն 14-րդ պապի ընտրությունը հնարավոր եղավ առաջին հերթին շնորհիվ այն կադրային քաղաքականության, որը վարում էր հանգուցյալ Ֆրանցիսկոս պապը։ Մասնավորապես, իր գահակալության 12 տարիների ընթացքում նա կարողացավ սկզբունքորեն թարմացնել կարդինալների դասը՝ կարդինալի կոչում տալով 163 բարձրաստիճան եկեղեցականի, որոնցից Կոնկլավին մասնակցելու իրավունք ուներ 107-ը։ Ֆրանցիսկոս պապի կողմից կարդինալի կոչման արժանացած եկեղեցականներն այս կամ այն չափով կողմնակից են նրա վարած եկեղեցական քաղաքականությանը։ Կարդինալներ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոսթը (այժմ՝ Լեւոն 14-րդ պապ), Պյետրո Պարոլինը, Լուիս Անտոնիա Թագլեն այն հիմնական թեկնածուներն էին, որոնք հավակնում էին Սուրբ Պետրոսի Աթոռին եւ Ֆրանցիսկոս պապի գծի շարունակողներն են՝ որոշակի «նյուանսներով հանդերձ», նկատում է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը։
Ֆրանցիսկոս պապի վարած եկեղեցական քաղաքականությունը քննադատող կարդինալները հայտնվել էին փոքրամասնության մեջ։ Կարդինալ Ռոբերտ Սարան ծնվել է 1945-ին, կարդինալ Գերհարդ Լյուդվիգ Մյուլլերը՝ 47-ին, Ռեյմոնդ Լեոն Բերքը՝ 48 թվականին։ Մոտ ապագայում նրանք կբոլորեն 80-ամյակն ու այլեւս չեն կարողանա մասնակցել Կոնկլավներին։ Սարան 80 տարեկան կդառնա արդեն հաջորդ ամիս։ Սակայն Ֆրանցիսկոս պապի օրոք արդեն նրանք բավական հետեւողականորեն եւ խնամքով հեռացվել էին եկեղեցական ղեկավար պաշտոններից։ Ֆրանցիսկոսի քաղաքականության մյուս հայտնի քննադատներն ավելի տարեց են․ կարդինալներ Վալտեր Բրանդ-Մյուլլերը 96 տարեկան է, Յոզեֆ Չենյուն՝ 93, Խուան Սանդովալ Ինյեգեսան՝ 92։ Սակայն, ինչպես իր հոդվածում նշում է Մակարկինը, խնդիրը միայն Ֆրանցիսկոս պապի վարած կադրային քաղաքականությունը չէ։ Ներկայում Եկեղեցու ղեկավարությունը նրանց ձեռքում է, որոնց աստվածաբանական եւ հասարակական հայացքները ձեւավորվել են Վատիկանի Երկրորդ ժողովի ազդեցությամբ։ Նրանք ուսանել են ճեմարաններում եւ համալսարաններում, որտեղ շատ դասախոսներ եղել են փոփոխությունների ջատագովներ։ Նրանց համար ծիսական արարողությունների՝ ազգային կամ տեղական լեզուներով անցկացումը սովորական բան է, եթե ոչ մանկությունից, ապա գոնե պատանեկությունից։ Պատարագի նոր արարողակարգը, որը սահմանվել է Պողոս 6-րդ պապի կողմից, նրանց կողմից ընկալվում է որպես նորմա, եւ նոստալգիական հիշողություններ՝ լատինալեզու պատարագի արարողության հանդեպ նրանք չունեն։
Այդ եկեղեցականներից է նաեւ Լեւոն 14-րդ պապը, որն արդեն իր հավատարմությունը հայտնել է Վատիկանի Երկրորդ ժողովի բարեփոխական ընթացքին։ Բացի այդ, Ֆրանցիսկոս պապը եկեղեցական կանոններ չի փոխել։ Դա կարող էր ներեկեղեցական պայթյուն առաջացնել, նա ավելի նուրբ քաղաքականություն է վարել՝ փոխել է հովվական պրակտիկան, այն ավելի տոլերանտ դարձնելով։ Աբորտների եւ ամուսնալուծությունների հանդեպ Եկեղեցու բացասական վերաբերմունքը պահպանվում էր, սակայն կանոնների խախտման համար սանկցիաները փոքրիշատե մեղմացվել էին։ Կան նաեւ այլ նյուանսներ, որոնց համադրմամբ՝ Լեւոն 14-րդը դարձավ Սուրբ Պետրոսի Աթոռի ներկայիս գահակալը։
Կարծիքներ