Չալաբյանին այսօր կկալանավորե՞ն․ «Այս ամենը ծայրահեղ միտումնավոր է կազմված»

Չալաբյանին այսօր կկալանավորե՞ն․ «Այս ամենը ծայրահեղ միտումնավոր է կազմված»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ի վերջո հետաքրքրում է ճշմարտությունը։ Այո, բոլորիս հետաքրքրում է այս գործով ճշմարտության բացահայտումը, գործի հանգամանքների բացահայտումը, գործում ներգրավված մարդկանց անմեղության կամ ոչ անմեղության աստիճանը։ Սա իհարկե ենթադրում է, որ դատավարության բոլոր մասնակիցները պիտի իրենց ֆունկցիաները արդարամտորեն կատարեն»,- նշեց Չալաբյանը՝ դիմելով դատարանին։

«Երբ նախորդ դատական նիստին ասացի, որ ես այս ամենի մեջ քաղաքական հետապնդում եմ տեսնում, հարգարժան պրն դատախազը բողոքեց, պնդեց, թե ամեն բան արվել է օրենքի շրջանակում։ Երբ հիմա ես կարդում եմ մեղադրական եզրակացությունը, ինձ մոտ հստակ տպավորություն է ստեղծվում, որ այս մեղադրական եզրակացությունը ծայրահեղ միտումնավոր է կազմված»,- պնդեց Չալաբյանը։

Նշենք, որ Չալաբյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարան դատական նիստը հետաձգելու համար, քանի որ , ըստ պաշտպանների, մեղադրական եզրակացությունը պետք է հետ վերադարձվի՝ շտկումների համար։ Ըստ պաշտպանների՝ մեղադրական եզրակացությունը չի համապաստխանում օրենքին։ Մնացական Մարտիրոսյանը՝ անելով իր դիտարկումները պնդեց, թե նիստը հետաձգելու կարիք չի տեսնում։

Նշենք նաև, որ Չալաբյանն ու իր պաշտպանները մտավախություն ունեին, որ դեռ նախորդ նիստին պիտի Չալաբյանին կրկին կալանավորեն, սակայն առողջական խնդիրներով պայմանավորված այն հետաձգվեց ու կայանում է այսօր։ Չալաբյանը, հիշեցնենք, օրերս էր դուրս եկել կալանավայրից։