Վենետիկի հանձնաժողովն իրենց վրա ազդում է, ինչպես խաչը՝ սատանայի

Վենետիկի հանձնաժողովն իրենց վրա ազդում է, ինչպես խաչը՝ սատանայի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, երեկ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման տեսագրության հայերեն թարգմանությանը, պարզել էր, որ այնտեղ չկա Անգելա Մերկելի խոսքի այն հատվածը, որտեղ նա Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը։

Քանի որ վարչապետը մամուլի քարտուղար չունի, զանգահարեցինք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ թարգմանությունը թերի է արվել։ Պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը վարչապետի հետ Գերմանիայում էր, իսկ վարչության աշխատակիցն ասաց՝ զուտ թարգմանության խնդիր է։ Հարցրինք՝ թարգմանիչը չի՞ թարգմանել, թե՞ ինչ։ Ասաց՝ դե, բացթողում է։ Լավ, եթե բացթողում է, ինչո՞ւ հետո չի շտկվել, չի տեղադրվել կառավարության կայքում։ Փորձեցինք նաեւ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից ճշտել, սակայն նա ասաց, որ հասցեատերն իրենք չեն, ու խորհուրդ տվեց նայել Անգելա Մերկելի էջը։ Ինչ վերաբերում է նրա մեկնաբանությանը, որ ԱԳՆ-ն նման այցերից ու հանդիպումներից հետո երբեւէ չի վերցրել պաշտոնական տեքստերը եւ չի տեղադրել կամ տարածել, ապա  «Հրապարակի»  հետ զրուցած Արմեն Աշոտյանն ասաց․

«Մշտապես կա՛մ դեսպանը, կա՛մ աշխատակազմը վերցրել է գործընկեր երկրից պաշտոնական ճառը, որպեսզի հայտարարությունները տարածվեն առանց թերությունների»։  Մենք մի քանի հարց ուղղեցինք Արմեն Աշոտյանին՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահի։

- Որքանո՞վ է ընդունված պաշտոնական տեքստերի  նման ազատ օգտագործումը, մի մասը հանել, կտրել եւ այլն։ Ի՞նչ է սա։

- Դա զարհուրելի է, որովհետեւ հայաստանյան հասարակությունը չպետք է մնար նրա հույսին, որ Արմեն Աշոտյանը փորձում է արտասահմանյան այցերի ժամանակ մի քանի աղբյուրներով ճշտել։ Նիկոլ Փաշինյանն անձամբ ու իր աշխատակազմն է պարտավոր ամբողջությամբ տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես միջազգային այցերի ժամանակ տեղի ունեցող այցերի ու հանդիպումների մասին։ Սա շատ փնթի մանիպուլյացիա է։ Կարող եմ եզրակացնել, որ «Վենետիկի հանձնաժողով» բառակապակցությունն իրենց վրա ազդում է, ինչպես  արծաթն ու սխտորը՝ վամպիրների, իսկ խաչը՝ սատանայի վրա։ Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում նման մանիպուլյացիայից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ պատժի կենթարկվեին։ Բայց մենք դա չենք ուզում, որովհետեւ պարզ է, չէ՞, որ դա Նիկոլ Փաշինյանի անձնական ճաշակն է՝ կտրել Վենետիկի հանձնաժողովն ամեն տեղից, եւ պետք չէ գցել մեղքը մամուլի ծառայության, դեսպանության կամ թարգմանչի վրա։ Քանի որ մենք գործ ունենք խրոնիկ խաբեբաների հետ, ամեն անգամ ստիպված ենք իրենց ելույթները, ինֆորմացիաները ճշտել մի քանի աղբյուրներից, քանի որ իրենց պետական պաշտոնական աղբյուրները միտված են բացառապես նրան, որ իրենց անհարմար կտորները, հատվածները ձեւեն։ Առաջին անգամը չէ, որ անհարմար հատվածներն անհետանում են պաշտոնական հաղորդագրություններից։ Հիշում եք նաեւ արտգործնախարարի ելույթը Բրատիսլավայում, երբ մենք տեսանք, որ անգլերեն եւ հայերեն տեքստերը տարբեր էին։ Սա այլեւս փնթիություն չէ, այլ պրիմիտիվ, սեփական ժողովրդին խաբելու, մոլորեցնելու քաղաքականություն է։

- Մամուլում տեղեկություն կար, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ եւ հրահանգել, որ սահմանափակեն Ձեր հանդիպումներն օտար պետություններում։

- Այս մասին մամուլից եմ տեղեկացել, բայց չեմ բացառում, որովհետեւ իշխանափոխությունից հետո լինում են դեպքեր, երբ դեսպանատներում մոռանում են, որ պետք է ներկայացնեն ու պաշտպանեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահը, անկախ նրանից՝ նրանք սե՞ւ են, թե՞ սպիտակ, որովհետեւ անձնագիրը կապույտ է լինում։