Fahrrad. Հեծանիվը՝ գերմաներեն

Փաշինյանի աշխատակազմին կոչ եմ անում լրջանալ եւ մեր հանրությանը մանրամասն տեղեկացնել, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը մեկնել Բեռլին: Եթե դա վարչապետի աշխատանքային այց էր, ինչո՞ւ էր կնոջն ու դստերը հետը տարել: Եթե այցն աշխատանքային չէր, ապա ինչո՞ւ եք ասում՝ աշխատանքային էր: Ի դեպ՝ Դանիել Իոաննիսյանն օրերս ասել էր, որ Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը ՔՊ-ն է: Մինչդեռ ՔՊ ասելով՝ մենք հասկանում ենք Նիկոլ Փաշինյան: Չկա՞ արդյոք կոռուպցիոն ռիսկ Նիկոլ Փաշինյանի՝ բեռլինյան խիստ տարօրինակ աշխատանքային այցի եւ այդ այցի շրջանակներում նրա անհասկանալի քայլերի մեջ: Փող է ծախսվել, չէ՞: Բա չիմանա՞նք՝ ինչու, ինչքան, ինչպես: Ֆուտբոլի տոմսի համար չի վճարել, իմացանք: Բայց արդյոք անվճա՞ր էր ստադիոն մտել տիկնանց տիկինը, որի տեղը նույնիսկ Փաշինյանի կողքին չէր: Ո՞վ է վճարել հյուրանոցի, օրապահիկի, սրճարանի փողերը: Դեռ օդանավի տոմսերի մասին էլ չեմ խոսում: Ինչ-որ «խլամ» օդանավով էլ թռել էին: Բա որ մի բան պատահե՞ր:
Գերմանական մամուլը որեւէ բառ գրե՞ց Փաշինյանի աշխատանքային այցի մասին: Արայիկ Հարությունյան, ցույց տուր` Bild, Berliner Zeitung, Frankfurter Allgemeine Zeitung, Deutsche Welle, Der Spiegel… Նշվածներից ո՞րն է անդրադարձել Փաշինյանի աննախադեպ աշխատանքային այցին: Դու ասա՝ ՀՀ կառավարության կայքն անդրադարձե՞լ է, որ Berliner Zeitung-ն անդրադառնար:
Ո՞վ է կարդացել Արայիկ Հարությունյանի տված պաշտոնական հաղորդագրությունը… Թե բա՝ Նիկոլ Փաշինյանն ու ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մտքեր են փոխանակել Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շուրջ: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Փաշինյանն այդ ինչ մտքեր է ունեցել Եվրո-2024-ի մասին, որ մի բան էլ վերջին պահին, եզրափակիչ խաղից առաջ, փոխանցել է Չեֆերինին, դե իսկ Չեֆերինն էլ, քաղաքավարությունից դրդված, գլխով է արել: Հավանաբար: Բայց սա՝ դեռ ոչինչ: Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղը դիտել եմ ծայրից ծայր: Որ ճիշտն ասեմ, ինձ խաղը չէր հետաքրքրում: Ես սպասում էի, որ ռեժիսորները, ահա-ահա, ցույց կտան Նիկոլ Փաշինյանին՝ պատվավոր հյուրերի շարքում նստած: Ում ասես՝ ցույց տվեցին, Նիկոլին՝ ոչ մի անգամ: Բա ԵՄ գնացող վարչապետի հետ այդպե՞ս են վարվում: Հետո հանկարծ հիշեցի, որ Նիկոլի պապը, ախր, Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆրիցների դեմ է կռվել ու, եթե չեմ սխալվում, առաջիններից մեկը մտել Բեռլին: Փաստորեն, գերմանացի ռեժիսորներն այսպես վրեժ լուծեցին մեր վարչապետից:
Լավ, ֆուտբոլը Չեֆերինի հետ թողնենք մի կողմ: Անցնենք հեծանիվի հետ կապված կլոունադային: Ես չեմ հավատում, որ Փաշինյանը հեծանիվ է քշել Բեռլինում: Նախ՝ նրան չէին թողնի առանց սաղավարտի հեծանիվ քշել, եւ ապա՝ Բեռլինում հեծանիվ քշում են դրա համար նախատեսված գոտիներում եւ որոշակի կանոններով: Եղած կադրերից այն տպավորությունն է ստեղծվում, որ Փաշինյանին «լրիվ բրախել են», ինքն էլ ինչ ուզում՝ անում է: Նկատեցինք նաեւ, որ այսքան ժամանակ հեծանիվ քշելը ոչ մի կերպ չի ազդել հեծանվորդի «ֆիզիոնոմիայի» վրա. նույն «գաջի մեշոկն ա»՝ երկու անիվների վրա դրված: Հարց է առաջանում՝ իբր այդ ի՞նչ էիր ուզում ասել Բեռլինում հեծանիվ քշելով, ո՞ւմ էիր զարմացնում քո գեղեցիկ կիսամերկ մարմնով: Բայց հարցեր էլի կան: 1. Հեծանիվ քշելը, արդյոք, մտնո՞ւմ էր աշխատանքային այցի պրոտոկոլի մեջ, թե՞ դա իմպրովիզացիա էր: 2. Երեւանից մեկնելիս պարզ երեւում է, որ Փաշինյանն առանց հեծանվի է ժամանում «Զվարթնոց»: Հետեւաբար՝ նա այդ ո՞ւմ հեծանիվն էր վարում Բեռլինում՝ Շոլցի՞… Իսկ գուցե գնել էր կամ վարձույթո՞վ էր վերցրել: 3. Արդյոք Փաշինյանն իր հետ Երեւան բերե՞ց այդ հեծանիվը, եթե այն գնել էր: 4. Իսկ եթե, այնուամենայնիվ, բերեց, մաքսազերծե՞ց այն:
ՀԳ. Փաշինյանի բեռլինյան աշխատանքային այցը խիստ անհանգստացրել է հայ հոգեբաններին: Նրանք պնդում են, որ Փաշինյանը պետք է դիմի իրենց, եթե չի ցանկանում հետագայում եւս ընկնել այսպիսի հիմար իրավիճակների մեջ եւ ողջ աշխարհին ծիծաղեցնել վրան:
ՀԳ1. Ի դեպ՝ հեծանիվին գերմաներեն ասում են՝ Fahrrad, ասել է թե՝ հեծնում ես ու ռադ լինում:
Կարծիքներ