Եւս մեկ անգամ՝ 97-ի փուլայինի մասին

Եւս մեկ անգամ՝ 97-ի փուլայինի մասին

Երեկ հեռուստաընկերություններից մեկը հյուրընկալել էր ՀՀԿ փոխնախագահ, իմ բարեկամ Էդուարդ Շարմազանովին: Նա քննադատում էր վարչապետ Փաշինյանին, որ քսան տարի հետո ԼՂ հարցում վերադառնում է տերպետրոսյանական փուլային կարգավորման՝ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերժած տարբերակին: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե ժողովրդի, Ազգային ժողովի կամ քաղաքական ընդդիմության, այլ՝ երեք պաշտոնատար անձանց՝ վարչապետի, պաշտպանության եւ ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարարի կողմից մերժված:  

Սա խնդրի, այսպես ասենք՝ պատմա-քաղաքագիտական կողմն է, որ, անշուշտ, ապագայում անաչառ եւ սթափ հայացքով կլուսաբանվի: Իսկ այժմ՝ ըստ էության: Միանգամից ասեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանին կամ նրա հաջորդին հաջողվի Ադրբեջանին վերադարձնել 1997թ. գոնե նախնական համաձայնության դաշտ, ապա դա կլինի դիվանագիտական, ռազմաքաղաքական եւ առհասարակ՝ ազգային-պետական մեծ ձեռքբերում: 97-ի տարբերակով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում էր պայմանավորվող կողմ, սուբյեկտ՝ Ադրբեջանի հետ հավասար իրավունքով: Մեկ անգամ ասել եմ, կրկնում եմ եւ հարկ եղած դեպքում երրորդելու-չորրորդելու եմ. պատերազմի ավարտի մասին համաձայնության իրավահավասար կողմ հանդիսացող  Լեռնային Ղարաբաղը հետագայում չէր կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան՝ պայմանագիրն ստորագրելու պահին: Այդ համաձայնագրով նաեւ հնարավորինս օպտիմալ լուծում էր տրվում ԼՂ տարածքի հարցին: Ադրբեջանը պարտավորվում էր դեօկուպացնել նախկին ԼՂԻՄ-ից իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, համաձայնում, որ Լաչինի շրջանն ամբողջությամբ անցնում է ԼՂ վերահսկողությանը: Համաձայնագիրը ենթադրում էր ԼՂ շուրջ երկշերտ անվտանգության համակարգ՝ բաժանարար եւ բուֆերային գոտի:

Ընդ որում, բաժանարար գոտին մնում էր չբնակեցված, սահմանվում էր ադրբեջանցիների վերադարձ միայն Շուշի քաղաք, եթե հայ բնակչությունն էլ վերադառնում է Շահումյան: Ահա, ընդհանուր գծերով, սրանք էին այդ պահին առաջարկվող պայմանները: Գումարած, որ ճանաչվում էր ԼՂ զինված ուժերի լեգիտիմությունը, եւ կողմերը համաձայնում էին ԼՂ կարգավիճակի հարցով բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:  Կյանքի կկոչվե՞ր այս նախագիծը՝ այլ հարց է: Բացառված չէ, որ պայմանագիրը խորհրդարանական վավերացում չանցներ Ադրբեջանում: Կամ՝ Հայաստանում կամ՝ Լեռնային Ղարաբաղում: Կամ էլ, գուցե, վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեր :

Բայց իմաստ չունի պատմություն դարձած փաստաթղթի կամայական մեկնաբանության գնալ՝ հանուն գործող իշխանության դեմ հանրային համախմբման: Փորձեք 97 –ի փուլային տարբերակը նույն ձեւակերպումներով ներկայացնել Ադրբեջանին: Կհամաձայնի՞: Իհարկե՝ ոչ: 98-ի իշխանափոխությամբ ԼՂ-ն դուրս է մնացել կարգավորման գործընթացից, կորցրել  սուբյեկտությունը: Կարելի է ասել՝ վերջնականապես, որովհետեւ Ադրբեջանում ինչ իշխանություն էլ լինի, 1994-97թվականների իրավիճակին չի վերադառնալու: Ներկայումս սպասումների փուլ է, թե ինչպիսի՞ն է լինելու հետկորոնավիրուսային աշխարհը: Պետք է այդ մարտահրավերն ընդունելու եւ հաղթահարելու կամք եւ ռազմա-քաղաքական ադեկվատության գործիքակազմ ունենալ: Պատմությունը թող մնա պատմաբաններին: Մեզ իրականության ճարտարապետություն է պետք: