Հայկ Մարության, ինչի ես մեզ հետ սենց վարվում, պատերազմի ժամանակ ասում էիր՝ տղերք, ձեր ցավը տանեմ

Հայկ Մարության, ինչի ես մեզ հետ սենց վարվում, պատերազմի ժամանակ ասում էիր՝ տղերք, ձեր ցավը տանեմ

Պատերազմի ժամանակ մենք՝ ավտոբուսի վարորդներս, գիշեր-ցերեկ աշխատել ենք, առանց դադարի, զորք էլ ենք տեղափոխել , ամեն ինչ էլ արել ենք, բայց էսօր անտեսված ենք։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ավտոբուսի վարորդներից մեկը։ Հիշեցնենք, նրանք վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում, ասում են՝ քաղաքապետարանը պայմանագիր ունի կնքած վառելիք ներմուծող ընկերության հետ, որն էլ թերանում է իր աշխատանքում։ 
«Պատերազմին ինչ կարեցանք արեցինք։ Մեկս չեղավ, որ ասեր՝ վախում եմ, չեմ գնում, մենք էինք ուզում գնայինք, ծառայեինք մեր հայրենիքին, բայց հիմա ոնց որ անտեր շուն լինենք։ Հայկ Մարությանը պատերազմի ժամանակ ասում էր՝ տղերք, ձեր ցավը տանեմ, իսկ հիմա մեր հետ սենց ա վարվու՞մ, թե՞ արդեն պրծավ պատերազմը»,- ասաց վարորդը։

Մյուս վարորդների պնդմամբ էլ՝ իրենք աշխատանքային մի շարք խնդիրներ ունեն, ուղղակի որոշել են առաջինը վառելիքի մասին խոսել։

«Շատ խնդիրներ կան, շատ։ Մենք ոչ մի բանից չենք օգտվում։ Օդանավակայանի աշխատողը սոցփաթեթներից օգտվում է, ի՞նչ է մենք վարորդ ենք, չենք օգտվում։ Ի՞նչ, որ վարորդ ենք, մենք մարդ չենք, հա՞։ Մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում։ Առավոտ 6-ից դուրս ենք գալիս, երեկոյան 11- ին նոր վերադառնում տուն, դուք պատկերացնու՞մ եք։ Հիմա էս վառելիքի պատճառով, որը չեն տալիս, եթե տալիս էլ, են ուշացումով են տալիս, մենք առավոտ գիշերը 4-ին ենք գալիս հերթ կանգնում, որ վառելիք լցնենք։ Այսինքն վարորդը 4 ժամ պիտի քնի՞։ Մենք մարդ ենք տեղափոխում, էդ մեծ, ծանր ավտոբուսով, մեզ մոտ գերհոգնածություն կա, պիտի մենք հանգիստ լինենք։ Բա էդ տուգանքները՝ մի հատ գիծ եմ տրորում, 5 հազար, 10 հազար ակտ ա գալիս, այսինքն՝ իմ օրվա աշխատածը, որ պիտի տանեմ տուն, տալիս եմ էլի իրանց, բա էլ աշխատելու իմաստը ո՞րն է։ Մեծ ավտոբուս է, կրկնվում եմ, հնարավոր չէ, էդ գծերը չտրորել»,- նշեց վարորդներից մյուսը։

Նշենք, որ վառելիք տրամադրող ընկերությունը ամենայն հավանականությամբ սիփիէս-ն է։