Առաջարկվում են ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուներ

 Առաջարկվում են ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուներ

Երեկ ավելի քան չորս ժամ տևած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, իսկ  Ֆեդերացիայի գործկոմը հաստատել է Վանեցյանի հրաժարականը:

ՀՖՖ գործկոմի անդամ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կհեռանան նաև գործկոմի անդամները, և ֆեդերացիայի նոր նախագահին և գործկոմի անդամներին կընտրի գալիք ամիս գումարվելիք ընդհանուր ժողովը: Նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին։
Երբ ուսումնասիրում ենք ՀՖՖ կանոնադրությունը պարզ է դառնում, որ ՀՖՖ յուրաքանչյուր անդամ կարող է  առաջարկել նախագահի և գործադիր կոմիտեի անդամի մեկական թեկնածու։ ՀՖՖ-ի յուրաքանչյուր անդամ գործադիր կոմիտեում կարող է ներկայացված լինել միայն մեկ անդամով։

Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար թեկնածուները, ըստ ՀՖՖ կանոնադրության, պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին․

ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ֆուտբոլի բնագավառում(օր․՝ որպես խաղացող կամ պաշտոնատար անձ)․

բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում․

գ) լինել առնվազն 25 տարեկան և ՀՀ-ում ունենալ ընտրական իրավունք․

դ) տվյալ պաշտոնի հետ  անհամատեղելի  որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել․

Դեռ նոյեմբերի 20-ին Red Eagles ֆան շարժումը հանդիպում-քննարկում էր նախաձերնել, որին ներկա էին   ֆուտբոլային հասարակության, ակումբների ներկայացուցիչներ,մարզական լրագրողներ, ֆուտբոլային մեկնաբաններ և մի շարք երկրպագուներ:

Հնչեցին հայկական ֆուտբոլի ներկայով և ապագայով պայմանավորված մտահոգություններ, խոսվեց դրանց պատճառների մասին, եղան ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ, որոնց գերակշիռ մասով պահանջվում էր հենց  գործկոմի ամբողջական կազմով  հրաժարականը: 
Ներկաներից շատերն այն կարծիքին էին, որ ցանկացած ֆուտբոլային ակումբ պետք է ներկայացուցիչ ունենա ՀՖՖ գործկոմում, որպեսզի ակումբների խնդիրները լսելի լինեն ֆուտբոլի ֆեդերացիայում։ 

Այսօր արդեն, երբ հայտնի է, որ դեկտեմբերի 23-ին ՀՖՖ-ն նոր նախագահ և գործկոմ է ունենալու, ֆուտբոլային հասարակության որոշ ներկայացուցիչներ սկսել են անձամբ առաջարկել ՀՖՖ գործկոմի անդամների իրենց թեկնածուներին։ Օրինակ մարզական մեկնաբան Արման Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկել է ՀՖՖ գործկոմի նոր թեկնածուների հետևյալ անունները՝ Վարազդատ Ավետիսյան, Խորեն Քլաշյան, Աննա Թադևոսյան ,Ռոբերտ Արզումանյան,Դավիդ Աբրահամյան ։

Red Eagles ֆան շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանից հետաքրքվեցինք, թե հնարավո՞ր է նորից ֆուտբոլային հանդիպում-քննարկում կազմակերպվի, որի ընթացքում արդեն իրենք կառաջարկեն նոր գործկոմի իրենց թեկնածուներին։
«Մոտ օրերս հայտարարությամբ հանդես կգանք։ Այս պահին մենք իրավունք չունենք գործկոմի անդամի թեկնածուներ առաջարկելու»,-նշեց Սարգսյանը։