Փաշինյանը գուցե շնորհավորանք է մուրում Չինաստանի ղեկավարից

Փաշինյանը գուցե շնորհավորանք է մուրում Չինաստանի ղեկավարից

Վարչապետի պաշտոնակատար և արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: 

Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձն ուշագրավ է այն առումով, որ Չինաստանի ղեկավարը դեռ շնորհավորանք չի հղել Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, սակայն Փաշինյանը շտապել է ուղերձ հղել ՉԺՀ ԿԿ-ի կազմավորման 100-ամյակի կապակցությամբ։

Սա կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ ՔՊԿ վարչապետացուն շնորհավորանք է մուրում ՉԺՀ ղեկավարից։ 

Փաշինյանի հղած ուղերձում հանդիպում ենք մի շարք ձևակերպումների, որոնք ի ցույց են դնում, թե ինչ տեքստ է նա ուզում լսել աշխարհում տնտեսական առաջատար պետության ղեկավարի շուրթերից։

Իմքայլական վարչապետի ուղերձում նշվում է, որ «հիմնադրումից ի վեր Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն ինքնիշխանության, հզորացման ու վերընթաց սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, արժանացել է Չինաստանի ժողովրդի վստահությանը»։

Այստեղ ուշադրության են արժանի  «ինքնիշխանության», «հզորացման ու վերընթաց սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով», «ժողովրդի վստահությունը» ձևակերպումները։ 

2018 թվականից ի վեր Հայաստանի ինքնիշխանությունը հողին հավասարեցրած Փաշինյանը չին գործչից Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծող տեքստ է ակնկալում է փաստորեն։ Այն դեպքում, որ Հայաստանի և Արցախից մնացած հատվածի պաշտպանությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնությունը՝ սահմանապահ ծառայությամբ ու խաղաղապահ առաքելությամբ։ 

Հայաստանի տնտեսության վերաբերյալ շարունակ հակասական ու անհասկանալի թվեր ներկայացնողը խոսքի մեջ օգտագործել է «սոցիալ-տնտեսական զարգացում» ձևակերպումը։ 

2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից ի վեր Նիկոլ Փաշինյանը և իր համակիրներն իրենց խոսքում շարունակ շահարկում են «ժողովուրդ» բառը և «ժողովրդի վստահություն» բառակապակցությունը։ Ուղարկված շնորհավորանքով իմքայլական վարչապետը երևի թե ակնկալում է, որ Կոմունիստական կուսակցության  ղեկավարն իրեն կշնորհավորի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «ժողովրդական հաղթանակի» կապակցությամբ։

Ու սա այն պարագայում, երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը մուրճ էր վերցրել ձեռքը և վարչական ռեսուրսի ահռելի գործադրմամբ սպառնում էր իրեն ու իրենց աջակցող խմբակներին մերժածներին ու մերժողներին։ Ինչպես նաև պետք է նշել բազմաթիվ խախտումների մասին, որ արձանագրվել են հենց հունիսի 20-ին կայացած քվեարկության օրը։    

Կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի [ԿԸՀ տվյալներով] հաղթանակի կապակցությամբ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրվել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառ Միշելի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձները։ 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին «հաղթանակի կապացկությամբ» հեռախոսազրույցի ընթացքում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շնորհավորել է Հայաստանում «արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը» և դրանում «հաղթողներին»։ Կանադայի ԱԳ նախարարությունը Հայաստանին շնորհավորել է «հաջող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ»։