Մի անգամ սավաննայում

Մի անգամ սավաննայում

Այնպես էր ստացվել, որ մակակների հոտն աննախադեպ աճել ու տիրել էր ողջ սավաննային: Առաջնորդը հայտարարել էր, որ բոլոր գազաններն ու թռչուններն այսուհետ պետք է ապրեն մակակների օրենքներով, ու եթե մեկը հանդգնի չենթարկվել, փռելու են ավազների վրա կամ նետելու են գետը՝ ի կեր կոկորդիլոսների: Սարսափը համատարած էր, եւ քանի որ մակակների հոտի մի զգալի մասն էլ չգիտեր իրենց օրենքները, սարսափած էր նաեւ հոտի այդ մասը՝ հիմնականում մտածող առանձնյակներ, որոնք չէին պատկերացնում, թե իրենց առաջնորդն ինչպես էր, օրինակ, առյուծին փռելու ավազին կամ գետաձիուն նետելու գետը՝ ի կեր կոկորդիլոսի: Ինչեւէ, սավաննայում իրավիճակ էր փոխվել, որից ավելացել էր միայն անասելի աղմուկը, որ մակակների առաջնորդը բարձրացնում էր ամեն չնչին առիթով: Իսկ ամենաշատն էլ տուժել էր հովազը, որ սովորություն ուներ ծառ մագլցելու, իսկ ծառի վրա մակակներն էին հաստատվել ու ամեն անգամ կողոպտում էին հովազին, երբ նա իր որսը բարձրացնում էր ծառը՝ այնտեղ ճաշակելու: Մակակները միայնակ չէին: Նրանք կոալիցիա էին կազմել բաբուինների հետ, որոնք պակաս աղմկարար չէին եւ նույնիսկ մակակների ձագերին էին առեւանգում, ապա վերադարձնում ծնողներին՝ ծառի հարմար ճյուղի կամ կիսատ կերած բանանի դիմաց:

Սավաննայում տնտեսությամբ զբաղվելու խնդիր առանձնապես չկար: Ամեն ինչ բնության հույսին էր թողնված, այդ թվում եւ՝ սոցիալական, կրթական, մշակութային հարցերը: Մեծ ծանրաբեռնվածությամբ էր աշխատում միայն սեւազգեստ մարաբուն, որի առջեւ խնդիր էին դրել՝ անխնա դատել բոլորին, ովքեր կհամարձակվեին մակակների առաջնորդին որեւէ բան ասել կամ բութը չտնկել առաջնորդի հերթական ճղճղոցի կապակցությամբ: Առյուծներն աշխատում էին որս անել մակակների հավաքատեղիից հեռու, փղերը շրջանցում էին նույնիսկ ամենականաչ օազիսները, գետաձիերը ողջ ցերեկը դուրս չէին գալիս ջրից, ջայլամները գլուխները թաքցնում էին ավազների մեջ… Մի խոսքով՝ գազաններից ամեն մեկն իր ձեւով էր փորձում հեռու մնալ մակակների առաջնորդի զայրույթից, մինչեւ տեսնեին, թե ինչ է գալու գլխներին: Ամենաանշրջահայացը զեբրերն էին, որոնք հավակնում էին ազնվացեղ ավանակի նախնու տիտղոսին եւ որպես ավանակի տեսակ՝ սովորություն ունեին արեւածագի հետ զռռալու: Այդ զռռոցի հետ էլ արթնանում էր մակակների առաջնորդն ու օդը լցնում իր ճղճղոցով:  Ոչ ոք դպրոց չէր գնում: Դրա կարիքն էլ չկար, որովհետեւ բոլորը պարտավոր էին սովորել բացառապես առաջնորդից ու անգիր անել նրա հանճարեղ մտքերն ու ասույթները: 

Ամեն ինչ, սակայն, փոխվեց, երբ սավաննայում համաճարակ սկսվեց: Լուր տարածվեց, որ համաճարակի աղբյուրը հենց մակակներն են, որոնք բացիլը նետել են մյուս կենդանիների մեջ, որպեսզի կարողանան նրանց ավելի մեծ կախման մեջ գցել իրենցից: Համավարակի հետ մոլեգնում էր նաեւ գենդերային խնդիրը, որ բոլոր կենդանիներից պահանջում էր սեռական ազատ կողմնորոշում եւ անգամ քաջալերում միջկենդանական ինտիմ հարաբերությունները: Դա արդեն չափազանց էր: Այստեղ ուզում եմ ընդհատել այս պատմությունն ու հիշեցնել ձեզ Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգերից մեկը՝ ընձուղտի դստեր եւ բիզոնի ամուսնության մասին: Փիղը դա որակեց որպես վերահաս ջրհեղեղի նշան, բայց նրան լսող չեղավ, քանզի բաոբաբի ճյուղերի միջից ինչ-որ ձայն հայտարարեց, թե ընձուղտը մեծ է եւ, ուրեմն, ամեն ինչ լավ է հասկանում:
Սավաննան ընդվզեց: Հատկապես կատաղել էին պատրիարխատի անուղղելի կողմնակիցները: Փղերը պայքարի կոչ հնչեցրին, առյուծները դիրք զբաղեցրին հսկա բաոբաբի ներքո, որի վրա մակակներն էին գիշերում, եւ իրենց մռնչյունով հասկացրին մակակների առաջնորդին, որ նրա խելագար որոշումներին այլեւս չեն ենթարկվելու: Քարտուղար թռչունը, որ, կարծեմ, կռունկների հեռավոր ազգականն էր, առաջին անգամ քննադատական հոդված գրեց թերթում՝ անիծելով այն օրը, երբ մակակների հոտն իշխանության եկավ սավաննայում: Ծառի վրա մնացած մակակները, սակայն, միտք չունեին հրաժարվել այդ խայտառակությունից…

Եվ այս խառնաշփոթի մեջ լուր տարածվեց, որ գորիլաների ոհմակները, կանոնավոր զորաբանակներ կազմած, հարձակվել են սավաննայի արեւելյան սահմանների վրա եւ առաջ են գալիս՝ իրենց ճանապարհին ավերելով ու խժռելով անտառները: Փղերը դարձյալ տագնապ հնչեցրին, առյուծները ելան դիմագրավելու ագրեսորին, հսկա գոմեշները, որ մինչ այդ հակասություններ ունեին առյուծների ու մնացած բոլորի հետ, միացան պաշտպանությանը, զեբրերը լծվեցին մատակարարման գործին, արծիվները դիտակետեր զբաղեցրին բարձունքների վրա,  ռնգեղջյուրին հանձնարարվեց մշակել կաչաղակների բերած ինֆորմացիան եւ տեղեկացնել սավաննայի «ազգաբնակչությանը»:  Մակակների առաջնորդը հռչակվեց գերագույն գլխավոր հրամանատար ու գնաց առաջին գիծ՝ այցելելու արեւելյան կողմի իր տեղակալին: «Հաղդում ենք»,- բառաչում էր ռնգեղջյուրն իր բամբ ձայնով: «Վայ, հաղթում ենք»,- կրկնում էին ծառին թառած մակակները, «Հաղթում ենք»,- գրեց քարտուղար թռչունն իր թերթում… Ու մեկ էլ գերագույն գլխավոր մակակը խրած վերադարձավ սավաննա եւ հայտարարեց՝ այնքան էլ չենք հաղթում, արժանապատիվ պարտություն կամ կապիտուլյացիա: Ես ընտրել եմ պարտությունը…

Սավաննան փոթորկվեց… Շատ ամեհի առյուծներ, քաջակորով փղեր ու սարսափազդու եղջյուրներով գոմեշներ չվերադարձան պատերազմից: Ով մնացել էր սավաննայում, եւ նրանք, որ վերադարձան գորիլաների դեմ արյունալի կռվից, խորհուրդ կազմեցին: Լուրեր տարածվեցին, որ մակակներն իրենց դիվանագիտական ապուշություններով ոչ միայն գազազեցրել են գորիլաներին ու նրանց մերձավոր ազգականներին, այլեւ ողջ կենդանական աշխարհը հանել սավաննայի դեմ: Խորհուրդն իր շնորհակալությունը հայտնեց գորշ եւ սպիտակ արջերին, որոնք մտել էին կռվի դաշտ եւ գորիլաներին ստիպել կանգ առնել: Սավաննայում սկսեցին փնտրել մակակների առաջնորդի ծառը, որի վրա նա թաքնվել էր մնացած մակակներից ծածուկ: Փնտրում էին ու պահանջում մակակների առաջնորդի հրաժարականը՝ վստահ, որ իրենք կհաղթեին գորիլաներին, եթե ունենային այլ իշխանություն եւ այլ առաջնորդ: Ցույցեր, միտինգներ, անհնազանդության ակցիաներ, երթեր: Ու մեկ էլ վերջին երթերից մեկի ժամանակ լոլոզ ընձուղտը, ծամոն ծամելով, հայտարարեց, թե առաջնորդին պետք չէ վախեցնել, նա պետք է հեռանա սավաննայի օրենքով: Կենդանիներն ընկան մտածմունքի մեջ՝ սավաննայի օրենքո՞վ, ո՞ր օրենքով, որ մակակները դարձրել են տակաշո՞ր… 

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Այո, այո, այդ պահին մի ձայն բաոբաբի ճյուղերի միջից կռնչոցով հայտարարեց. «Ընձուղտը մեծ է եւ, ուրեմն, ամեն ինչ լավ է տեսնում…»:
Սավաննայի պատմությունն այդ կռնչոցի վրա էլ կանգ է առել: Գազանները վերջնագիր են ներկայացրել մակակների ու բաբուինների առաջնորդին եւ սպասում են վերջինիս հրաժարականին, որ տեսնեն՝ առանց մակակի ինչ են անում՝ գորիլաներին հետ շպրտելու համար: Բեռ կրելուց հոգնած զեբրերը մի կերպ ազդարարել են այսօրվա լուսաբացը: Քարտուղար թռչունն սպասում է պաշտոնական հայտարարության…