Ռամիկների փոքրիկ դիկտատորը

Ռամիկների փոքրիկ դիկտատորը

Կարդացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձը։ Տպավորությունները հակասական են ու ինչ-որ իմաստով նաև անորոշ։ Տեքստի բովանդակության, ոճի, կառուցվածքի, տոնայնության և շարահյուսության մանրամասն ուսումնասիրությունն առաջնային պլան է մղում չափազանց տրամաբանական մի հարցադրում․ Ո՞վ է գրվածքի հեղինակը, Բենիտո Մուսոլինի՞ն, Շարլ Գոբինո՞ն թե՛ Ալֆրեդ Բոյմլերը։ Ո՛չ, ֆաշիզմի այս հայտնի տեսաբանները կապ չունեն, ամենայն հավանականությամբ Փաշինյանը ո՛չ էլ ծանոթ է նրանց հայացքներին և փիլիսոփայական համակարգերին։ 

Իսկ եթե կապ չունի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ գրեթե բառացիորեն կրկնում է Մուսոլինիին և նույնիսկ խոսում նրա հռետորաբանությամբ, այն նույն ոճով, որով շարադրված է Ֆաշիզմի դոկտրինը։ Ենթադրում եմ կապը ինտուիտիվ բնույթ ունի և ցանկացած գործիչ, որը շարժվում է մենիշխանության հաստատման ճանապարհով և որպես գործիք օգտագործում է ազգայնական դեմագոգիան, ռազմահայրենասիրական պոպուլիզմն ու պատմության դիտավորյալ սպեկուլյացիան, իր կամքից անկախ հայտնվում է Մուսոլինիի բովանդակային տարածությունում։ 

Ասվածի համատեքստում ինչո՞վ է Փաշինյանը տարբերվում ՀՀԿ-ից և նրա պահպանողական, նժդեհական գաղափարախոսությունից, որի կենտրոնում ազգ-բանակ կոնցեպտն է։ Թերևս օրգանական որևէ տարբերություն չկա, պարզապես ժողովրդական ընկալմամբ չար հերոսին փոխարինելու է եկել բարի հերոսը։ Նա ինքն իրեն պատմական բացառիկ առաքելություն է շնորհել և կարծում է, թե իր անձն է քաղաքակրթական բացառիկ այն կամուրջը, որն ամբողջացնում է հայկական իրականության անցյալը, ներկան և ապագան։ 

Պատմական փորձը վկայում է, որ ազգայնական դեմագոգիայի առաջնային նպատակը ոչ թե ազգի բարօրության ապահովումն է, այլ դրա հպատակեցումն ու համախմբումը ինքնահռչակ փրկիչի շուրջը։ Եթե համեմատելու լինենք ՀՀԿ-ի և Փաշինյանի կոնցեպտները, ապա դրանք իհարկե տարբեր են, ինչ-որ իմաստով նաև՝ հակադիր, բայց նպատակն ու էությունը նույնն են։ Երկուսն էլ միավորելու, վերահսկելու տիրապետելու և իշխելու նպատակ ունեն, երկուսն էլ հետադիմական են և առաջին հերթին հասարակարգի անփոխարինելիության և անարդարության լեգիտիմացման տեսանկյունից։ Երկուսն էլ իրենց էությամբ ավտորիտար են, առաջինի արքետիպը պետականազուրկ ֆիդային է, իսկ երկրորդինը՝ Օսմանյան կայսրության պետականազուրկ հայ ռամիկը։ Երկուսն էլ պետություն չեն ճանաչում, ավելի շուտ՝ չեն հասկանում, որ ճանաչեն։ Առաջինի պետությունը մաուզերն է, իսկ երկրորդինը՝ ծխացող երդիկը։ Երկու կոնցեպտների վերջնական հանգուցային կետը մենիշխանությունն է, առաջինի դեպքում բանակի առաջնորդի, իսկ երկրորդի դեպքում՝ ռամիկների առաջնորդի։

Երկուսն էլ ցեղասպանվածի կոմպլեքսի հետևանք են և որևէ կերպ չեն արտահայտում անկախ ու ինքնիշխան Հայաստանի շահերը։ Ավելին՝ այդ կոնցեպտների մեջ բացակայում է մարդը, կարծես թե մարդ որպես այդպիսին գոյություն չունի, բայց մարդուց զատ բացակայում է նաև քաղաքացին, որը պետք է կամք դրսևորի հասարակական դաշինքի ստեղծման համար։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը վերարտադրում են գաղափարական ու մշակութային այն արատավոր միջավայրը, որը տարիներ շարունակ ստեղծվում էր Սերժ Սարգսյանի կողմից։ Դրա կենտրոնական բաղադրիչը գավառական հայրենասիրությունն է։ Իհարկե միայն շեշտադրումներն են տարբեր։