«Հրապարակ». Եթե այս իշխանությունը մնա մինչեւ տարեվերջ, հունվարին գազի գինը կբարձրանա
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները գնալով էլ ավելի են սրվում եւ ձգտում թշնամականի։ Օրերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեզ ուզում են ծայրագավառ դարձնել, ուստի պետք է պայքարենք անկախության համար, եւ բոլորը հասկացան, որ սա ՀԱՊԿ-ից դուրս գալու նախերգանքն է, սակայն թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, դեռեւս չի ասվում։ Հայտնի է, որ Հայաստանը գազը ստանում է Ռուսաստանից եւ բավականին ցածր գնով, ուստի մեծ է վտանգը, որ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին գազի սակագինը կարող է բարձրանալ։
Մեզ հետ զրույցում «Գազպրոմ Արմենիայի»՝ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն պետ Շուշան Սարդարյանն ասաց, որ գազի գնի վերանայման հարց դեռեւս չի քննարկվել, իսկ հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ՀՀ կառավարությունը բանակցում է՝ որպես ռուսական գազին այլընտրանք, Իրանի տարածքով թուրքմենական գազ բերելու վերաբերյալ, Սարդարյանն ասաց, որ այդ հարցն իրենց դաշտում չէ, պետք է այդ հարցերը կառավարությանն ուղղել։
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին հարցրինք՝ սպառնալիք տեսնո՞ւմ է, որ Ռուսաստանը կարող է գազը թանկացնել։ «Ռուսաստանը Հայաստանին այս պահին գազը վաճառում է 175 դոլարով, համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանն իր գործընկեր Թուրքիային գազը վաճառում է մոտավորապես 250 դոլարով, հիմա, կարծեմ, մի քիչ նույնիսկ բարձրացրել է։ Եվրամիությունում այս պահին գազի գինը 450 դոլար է, Իրանը մի փոքր գազ է վաճառում Թուրքիային՝ մոտ 400 դոլարով։ Սա՝ որպեսզի պատկերացնեք, թե ինչ է գազի գինը, որովհետեւ գազը, ի տարբերություն նավթի, շուկայական ապրանք չէ, այն ռեգիոնալ ապրանք է, այսինքն՝ տարբեր ռեգիոններում տարբեր է գազի գինը՝ Հյուսիսային Ամերիկայում կարող է շատ էժան լինել, Եվրոպայում՝ թանկ, Ասիայում` մեկ այլ գին։ Գազի գինը երկու երկրների միջեւ հարաբերությունների որակի ցուցիչն է․ եթե երկու երկրների միջեւ լավ հարաբերություններ են, ապա կարող է էժան գազ տալ, եթե ոչ, ապա կարող է եվրոպական գներով տալ։ Հիմա սրանց վարած հակառուսական հիստերիան կարո՞ղ է հանգեցնել գազի գնի բարձրացմանը, ես համոզված եմ, որ՝ այո, եւ եթե այս իշխանությունը շարունակի մնալ մինչեւ տարեվերջ, ապա հունվարին գազի գինը կբարձրանա, եւ շատ հնարավոր է՝ էական չափով։ Նույն Ադրբեջանը Հունաստանին գազ է վաճառում 230 դոլարով, ու եթե գազի գինը Հայաստանի համար 200 դոլար դառնա, դա սարսափելի վատ գին է, որովհետեւ այն ուղղակիորեն հարվածում է բոլորին՝ տրանսպորտային միջոցներին, գյուղատնտեսությանը, արտադրությանը, էլեկտրաէներգիայի գներին, որովհետեւ Հայաստանում էլեկտրաէներգիայի 30-35 տոկոսն արտադրում են ջերմակայանները, որոնք աշխատում են Ռուսաստանից եկող գազով։ Այսինքն՝ գնի բարձրացումը կատաստրոֆիկ կերպով տարածվելու է ամբողջ Հայաստանի տնտեսության վրա, ինչն էլ կհանգեցնի բոլոր ապրանքների թանկացմանը»,- պատասխանեց Մանվելյանը։
Փորձագետին հարցրինք՝ իրատեսական համարո՞ւմ է Իրանի տարածքով թուրքմենական գազի ներմուծումը Հայաստան։ «Ոչ, դա իրատեսական չէ, դրա շուրջ ավելի շատ աղմուկ կա եւ ժամանակ առ ժամանակ այդ աղմուկը բարձրանում-իջնում է։ Երբ մենք ասում ենք՝ ադրբեջանական, թուրքմենական, ռուսական գազ, ապա ռուսականի դեպքում մենք կարող ենք ասել՝ ռուսական գազ, քանի որ այն պատկանում է «Գազպրոմին», իսկ «Գազպրոմը» պետական ընկերություն է: Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ այլնի դեպքում մասնավոր ընկերություններին է պատկանում այդ գազը, որոնք վերահսկվում են տարբեր ընկերությունների կողմից։ Օրինակ՝ ադրբեջանական գազի հիմնական վերահսկիչ փաթեթը գտնվում է «Բրիթիշ պետրոլիում» բրիտանական ընկերության ձեռքում։ Թուրքմենական գազի վերահսկիչ փաթեթը գտնվում է չինացիների ձեռքում։ Հիմա արդյոք չինացիները կհամաձայնե՞ն, որ իրենց գազը գա դեպի Հայաստան, չեմ կարծում, որովհետեւ իրենք գազի սուր կարիք ունեն, եւ թուրքմենական գազի մոտ 80 տոկոսի սպառողը Չինաստանն է, մի փոքր էլ իրենք գազ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- պատասխանեց փորձագետը։
Կարծիքներ