Կարգին զբոսայգի և բոբիկ այգի․ ի՞նչ են ակտիվ քաղաքացիներն առաջարկում

Կարգին զբոսայգի և  բոբիկ այգի․ ի՞նչ են ակտիվ քաղաքացիներն առաջարկում

Երևանը բարեկարգելու՝ ակտիվ երևանցիների «Ակտիվ քաղաքացի» հարթակում հայտնվել է առաջարկ՝ հիմնել կարգին զբոսայգի։ Երևանի քաղաքապետի՝ դերասան և հումորիստ լինելու տարիներին «Կարգին Հայկո»-ի հիշողության նուրբ լարերի վրա ներազդել ցանկացող քաղաքացին, այնուամենայնիվ, «կարգինը» չի չակերտել։

Կարգին զբոսայգին պետք է լինի Երևանի կենդանաբանական այգուց մինչև Նոր Նորքի Կրպեյանի անվան զբոսայգի ընկած հատվածում, որտեղ այժմ անբարեկարգ, կիսականաչապատ տարածք է։ Առաջարկվում է մաքրել տարածքը քաղաքացիների ստեղծած բոստաններից,կատարել ծառատունկ, բարեկարգել տարածքը, ապահովել արհեստական լուսավորությամբ, ստեղծել հեծանվուղի, որը հնարավորություն կտա պտտվել այգու շուրջը:

Մեկ՝ շատ ավելի հետաքրքիր առաջարկ՝ Երեւանում կառուցել առողջարար բոբիկ այգի: Այգին այցելուներին հնարավորություն կտա ոտաբոբիկ քայլել տարբեր չափերի, կոշտության եւ ձեւի բնական նյութերի վրայով՝ հնարավորություն ստեղծելով քաղաքացիների համար քաղաքում վայելելու բոբիկ քայլելու հաճույքը,ստեղծել զգայական կապ Երկրի հետ, նպաստել առողջությանը հասանելի եւ բնական միջոցներով:Կից առողջապահական տեղեկույթ է այն մասին, թե ինչով է օգտակար բոբիկ քայլելը։ Առաջարկի հեղինակը նաև նշել է, թե ինչ նյութեր կարող են լինել այգում. ծովի ավազ, խոշոր ու մանր քարեր, չոր ու թարմ խոտ (գազոն), տարբեր տեսակի փայտե, գինու շշի խցաններ, եղեւնու կոն, կավ, մարմար,մանրացրած ծառի կեղեւ, ծովախեցիներ, շագանակներ, մրգերի կորիզներ։

Մեկ այլ քաղաքացի առաջարկում է հիմնել «Վիրտուալ Երևան» հարթակ Երևանում վիրտուալ տուրիզմը զարգացնելու համար։Այս ուղղվածությունը ենթադրում է Երևանի պատմական վայրերի, իրադարձությունների հանրահռչակման ծրագիր, որով զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հին Երևանի փողոցների, պատմամշակութային տարատեսակ վայրերի, պատմական իրադարձությունների և պատմությունների հետ:

Մեկ այլ քաղաքացի էլ առաջարկել է Երևանում ստեղծել քիչ օգտագործված ու լավ որակի,հատկապես մանկական հագուստի կետեր կարիքավոր ընտանիքների համար։ Չեն մոռացել նաև կենդանիներին։ Առաջարկվում է քաղաքով մեկ տեղադրել կերամաններ թափառող կենդանիների համար և այս մասին իրազեկել տարածքի բնակիչներին, որ նրանք նետեն տանը մնացած սնունդը այդ կերամանների մեջ։