Փաշինյանի դիրքերը թուլացել են ժողովրդի մեջ․ Արա Պապյան

Փաշինյանի դիրքերը թուլացել են ժողովրդի մեջ․ Արա Պապյան

Անկախության հռչակագրի երեսնամյակի առիթով զրուցեցինք Կանադայում Հայաստանի նախկին դեսպան «Մոոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ․

- Պարոն Պապյան, չանայած Անկախության հռչակագրի երեսնամյակին, 2 տարի շրջանառության մեջ է դրվել «Նոր Հայաստան» տերմինը։ Իրականում կա՞ «Նոր Հայաստան» և ճի՞շտ է այդ բաժանումը դնելը։


- Գոյություն ունի իրավահաջորդության և իրավականության սկզբունք, բայց, այդուհանդերձ, բնական է՝ որևէ ժողովրդի կամ պետության պատմությունը չի զարգանում միայն մեկ փուլով, այն ունենում է ներքին բաժանումներ։ Եթե «իշխանափոխություն-հեղափոխությունը» համարենք որպես նոր փուլի սկիզբ, ապա կարելի է ասել՝ սա նոր փուլն է, բայց դա որակել «նոր» կամ « ոչ նոր» պիտի ցույց տան արդյունքները, դրա համար մենք ավելի տևական ժամանակի և իրական արդյունքներ տեսնելու կարիք ունենք։

- 2 տարի բավարար չէ՞ այդ արդյունքները տեսնելու համար, կա՞ն այդ արդյունքները։

- Իհարկե, արդյունքներ կան, բայց իմ կարծիքով՝ սրանք բավարար արդյունքներ չեն՝ «Նոր Հայաստան» որակելու համար՝ հատկապես հաշվի առնելով, որ խոստումները, որոնք տրվել են 2018-ի ապրիլ-մայիսին, շատ ավելի ընդգրկուն, շատ ավելի խորքային են եղել, իսկ մենք առայժմ դրանք չենք տեսնում։ Առայժմ մենք տեսնում ենք մասնակի փոփոխություններ, փոքր դրական քայլեր, որոնք, ցավոք սրտի, դեռևս որակական փոփոխությունների չեն բերում։

- ՍԴ-ի կազմի փոփոխությունը արդո՞ք այդ մասնակի փոփոխություններից են, Սահմանադրությունն ամբողջությամբ պիտի՞ փոխվի՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ նշում էին, թե գործող Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է։

- Ես և այն ուժը, որին ես համակիր եմ, գտնում ենք, որ Սահմանադրությունն ընդհանրապես պիտի փոխվի, այսինքն՝ նոր Սահմանադրություն պիտի լինի, դեռ պիտի քննարկվի և հասարակությունը գա ընդհանուր հայտարարի, թե կառավարման ո՞ր ձևն է մեզ համար ավելի ընդունելի, որովհետև մենք անցանք այսպես կոչված խորհրդարանական կառավարման, որը պարզվեց, որ այնքան էլ խորհրդարանական չէ, այլ կուսակցապետական է։ Բնականաբար, պիտի լրջագույն փոփոխություններ լինեն։ Ի՞նչ վերաբերում է Սահմանադրական դատարանի և դատական համակարգի փոփոխությանը, ապա կարծում եմ՝ պատկերացումները թյուր են։ ՍԴ-ն պայմանականորեն կարելի է անվանել դատարան, այն զբաղվում է ընդունվող օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանելիությունը ստուգելով, այն քրեական և քաղաքացիական  դատարանների հետ կապված չէ։ Բնականաբար, այդ 2 ոլորտը էականորեն պիտի փոխվի, ՍԴ-ն իրավական համակարգի ենթաբաժիններից մեկն է։

- Նոր փոփոխությունների նախագծով պատրաստվում են ՍԴ-ի փոխարեն ստեղծել գերագույն դատարան, իսկ ՍԴ լիազորությունները տալ ՀՀ բոլոր դատավորներին։ Սրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

- Ես դեռևս չեմ հասցրել մանրամասներն ուսումնասիրել, որովհետև նման հարցերին եզարակցություն տալու համար մանրամասն ծանոթանալը շատ կարևոր է, բայց, ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում, որ բոլոր դատավորները հավասար ունակություններ և գիտելիքներ կունենան ամեն հարցի վերաբերյալ եզրակացություն տալու համար, որովհետև սահմանադրական իրավունքը իրավունքի մի ամբողջ ոլորտ է։ Ինչպես բժիշկը չի կարող լինել ամեն ինչի բժիշկ, նույն էլ իրավունքի մեջ նման բաժանումներ անպայման պիտի լինեն։ Ես ավելի կողմնակից եմ մասնագիտական դատարանների ստեղծմանը, որոնցից ամեն մեկը կմասնագիտանա, բայց միևնույն ժամանակ դատավորի պատասխանատվությունը պիտի բարձրանա։ Մենք դեպքեր ունենք, որ մի դատավորի կայացրած վճիռները 10-13 անգամ ՄԻԵԴ-ը բեկանել է, որի պատճառով ՀՀ-ը հսկայական գումարներ է վճարել, բայց այդ դատավորները շարունակում են գործել և որևէ տույժ-տուգանքի չեն ենթարկվում։  Դատավորների և՛ իրավունքները, և՛ պատասխանատվությունը պիտի բարձրանա՝ տալով նրանց ավելի շատ մասնագիտական ոլորտներ կառավարելու և դատելու հնարավորություններ։

- Երկարատև լռությունից հետո Սերժ Սարգսյանը ասուլիս տվեց՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով։ Ձեր կարծիքով՝ այս ասուլիսից հետո Քառօրյա պատերազմի թեման փակվե՞ց, մեծ հաշվով ի՞նչ ազդեցություն ունեցավ այդ ասուլիսը։

- Այս ասուլիսը զուտ հայտ էր՝ ներկայացնելու, որ ինքը դեռևս կա և քաղաքական ինչ-որ դերակատարություն ունի։ Ինչ վերաբերում է Քառօրյային, ապա ինձ համար դա համոզիչ չէր, որովհետև 20-ից ավել դիրքեր կորցնելով, որոնցից մեջ կան մեծ ազդեցություն ունեցող հենակետեր։ Դրանից հետո ամբողջը հաղթանակ անվանել սկզբունքորեն սխալ է, որովհետև ասել, որ թշնամին այլ ծրագրեր ուներ, չկարողացավ իրականացնել  կամ թշնամու զոհերը ավելի շատ են, քան մեր, դա չափորոշիչ չէ։ Այդ տրամաբանությամբ 2-րդ համաշխարհային պատերազմում Սովետական միության զոհերն ավելի էին, քան Գերմանիայինը, բայց մենք համարում ենք, որ հաղթեցին ԽՍՀՄ-ն ու դաշնակիցները, այլ ոչ Գերմանիան։ Կամ եթե խնդիրների լուծման վերաբերյալ մոտեցումն ունենանք, որ չհասան իրենց նպատակակետին, ապա յուրաքանչյուր պարտություն կարելի է արդարացնել։ Ես այդ տեսակետը չունեմ, կան զանազան տեսակետներ այդ ժամանակ հնչած և այժմ էլ հնչող՝ սխալ կառավարման, զենքի, զինամթերքի պակասի։ Այս հետաքննությունը շատ ավելի անաչառ պիտի լիներ, այն ժամանակ, երբ ստեղծվեց այդ հատուկ հանձնաժողովը և ստեղծվեց, ըստ էության, մերժելով մի շարք անձանց ներգրավվածությունը, ես կասկածներ ունեի, թե ինչքանո՞վ օբյեկտիվ կլինի, ներկայումս ևս այդ կասկածները մնում են։

- Նշեցիք, որ Սերժ Սարգսյանը հայտ է ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանից վտանգ կա՞։

- Ես չգիտեմ՝ անհանգաստանալու կարիք կա, թե ոչ, բայց Սերժ սարգսյանը իր ձեռքում է պահում բավականին լուրջ տնտեսական լծակներ, ինքն ունի իր կադրերը, որոնց նշանակել է և տարբեր թելերով կապված են իրեն և հավատարիմ են։ Սա վերաբերում է առհասարակ ամբողջ համակարգին, որ մենք այդ փոփոխությունները չտեսանք։ Ես չեմ ասում, որ դա անմիջապես պիտի արվեր, բայց 2 տարին բավական ժամանակ էր, դա աստիճանաբար անելու, որովհետև մենք տեսել ենք այլ երկրների հաջող փորձը։

- Բայց Փաշինյանի դիրքերը թույալցե՞լ են, նա վստահության կորուստ ունի՞։

- Դիրքերը թուլացել են, իհարկե, առաջին հերթին թուլացել են ժողովրդի մեջ, որովհետև ժողովուրդը շատ ավելի ակնկալիքներ ուներ, քան Փաշինյանը կարողացավ անել։ Այստեղ խոստում տվողն է մեղավորը, որովհետև երբ խոստում տալիս ես, պիտի հաշվի առնես՝ կկարողանա՞ս իրականացնել, թե՞ ոչ։ Բնականաբար, խոստումներ կային, որոնք անհնար էր իրականացնել, բայց այդ խոստումները տրվել էին, ուրեմն չպիտի տրվեին։ Գոնե հիմա պիտի ներողություն խնդրեին և ասեին, որ այս-այս պատճառներով հնարավոր չէ, ոչ թե փորձեն ասել, որ նման խոստումներ չեն եղել։

Մանրամասն՝ տեսանյութում.