Ինչ ես կորցրել, ինչի հետևից ես ընկել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը իմ նախորդ հրապարակումն այնքան ծանր էր տարել, որ ֆեյսբուքյան մոտ 30 րոպեանոց ուղիղ եթեր նվիրեց ինձ ու «Հրապարակին», ասելով, թե իմ նախորդ հոդվածում գրվածն այն մասին, որ ինքը կիսում է իշխող Քաղպայմանագրի գաղափարները, «իրականությանը չեն համապատասխանում», մինչդեռ դա ընդամենը իմ անձնական վերլուծությունն էր, այլ ոչ թե փաստ կամ տեղեկություն:
Այնուամենայնիվ, Գեղամ Նազարյանին նորից չէի անդրադառնա, եթե նա այսօր կրկին չզարմացներ ինձ իր ելույթով` Ազգային ժողովի ամբիոնից: Նազարյանն այսօր որոշել էր ամբիոնից անդրադառնալ դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերին, խոսելով ֆիզկուլտուրայի բացերի մասին: Դրանից առաջ էլ Անդրանիկ Քոչարյանի հետ էր լեզվակռվի մեջ մտել, քանի որ Կիրանց գյուղի դպրոցի ռազմագիտության ուսուցչին ռազմական վարժանքների էին կանչել: Պատգամավոր Գեղամ Նազարյանին անգամ այս ծանր շրջանում, երբ Հայաստանը հազարավոր օրախնդիր թեմաներ ունի եւ օրհասական վիճակում է, հետաքրքրում են հարցեր, որոնք կարող էին հետաքրքրել ինչ-որ ԺէԿ-ի պետի, բայց ոչ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորին, ով նաև զոհված հերոսի հայր է:
Նման ելույթներից է տպավորություն ստեղծվում, թե Նազարյանը սպասարկում է ոչ թե հանրության, ոչ թե ընդդիմադիր տրամադրված իրենց ընտրողների, այլ Նիկոլ Փաշինյանի շահերը: Նա իր ամեն հաջորդ ելույթով ու գրառումով կարծես ուզում է ասել` ինչ հարց որ կցանկանամ դրա մասին էլ կբարձրաձայնեմ, թքած թե հանրությունը, «Հայաստան» խմբակցությանը քվե տված հազարավոր քաղաքացիներ ինչ կմտածեն իմ մասին:
Եվ տպավորություն է, թե նախկին ընդդիմադիր Գեղամ Նազարյանին ինչ-որ մեկը փոխել է, նա կորցրել է կապն իրական Հայաստանի հետ, նրան սկսել են հետաքրքրել այնպիսի թեմաներ, որոնք միայն ՔՊ-ականներին են հետաքրքրում, այլ ոչ թե իր երկրի ճակատագրով մտահոգ մարդուն: Ու առհասարակ եթե Գեղամ Նազարյանը չունի քննադատելու ցանկություն, չունի ասելիք, նրան այս երկրում ամեն ինչ դուր է գալիս, բացի ֆիզկուլտուրայի դասապրոցեսներից դպրոցներում, նա կարող է վայր դնել իր պատգամավորական մանդատը և գնալ տուն, անցնել այլ աշխատանքի, քանի որ ԱԺ ամբիոնը դպրոցի խնդիրներ բարձրաձայնելու հարթակ չէ, կան շատ ավելի կարևոր հարցեր, որոնց մասին անհրաժեշտ է այդ ամբիոնից խոսել: Գեղամ Նազարյանի մտահոգությունները լսելով ուզում ես ասել` պարոն Նազարյան, ինչ ես կորցրել, ինչի հետևից ես ընկել:
Կարծիքներ