2020-ը կլինի գրքառատ տարի

2020-ը կլինի գրքառատ տարի

2020 թվականի ընթացքում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ ընթերցողների սեղանին կդրվեն դասական եւ ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները: 

Մասնավորապես, մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը ընթերցողներին կներկայացվի ամերիկացի բիզնեսմեն, Nike ընկերության հիմնադիր, մագնատ, բարերար, Forbes-ի կողմից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» գիրքը։ New York Times-ի այս բեսթսելերը ներկայացնում է Nike ընկերության հիմնադրի անցած ուղին: Նրա անցած ճանապարհը լի է եղել փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացել է այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել:

Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին եւ Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, ում մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, նշանավոր բարերար, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է: Նա իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշեւ եւ Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ 

Այս տարի ընթերցողներին հասանելի կլինի նաեւ ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է: Էքզյուպերիի այս ստեղծագործությունն անավարտ է մնացել:  
Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կհանձնվի նաեւ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Սեւ կոթողը»: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլյացիայով եւ աճող նացիոնալիզմով: Այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ:
Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններն առաջին անգամ հեղինակային իրավունքով եւ հայերեն թարգմանությամբ դրվելու են ընթերցողի սեղանին: 2020-ի ընթացքում հայ գրքասերը Քրիստիից եւս 5 ստեղծագործություն կընթերցի:

Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաեւ նոն ֆիքշն՝ բիզնես եւ մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական եւ անձնական կյանքում: Մանուկներին եւս սպասվում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով: