Եթե սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում, ուրեմն պարտված ես

Եթե սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում, ուրեմն պարտված ես

«Այս սպանությունները չէին լինի, եթե ժամանակին իրենց արժանի պատիժը ստանային «Հարսնաքարում» ռազմական բժշկի վրա զենք բարձրացրածները, Վայքի զորամասերից մեկում սպայի նկատմամբ խուլիգանական արարք կատարածները, N զորամասի սպանությունն ու մի շարք հանցավոր անկարգություններ»,- անդրադառնալով բանակում տիրող բարքերին ու ինքնասպանության հաճախակի դարձած դեպքերին՝ ասաց «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար, համանուն ռազմական վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը։

Հրամանատարը համոզված է՝ հաճախադեպ դարձած անկարգությունները հների ու նորերի բախման հետեւանք են։ Բանակում տիրող արատավոր բարքերը վերացնելու համար նա կոչ է անում բոլոր վետերաններին ու պատերազմ անցած տղաներին՝ համախմբվել պաշտպանության նախարարի եւ հրամկազմի շուրջ։ «Եթե սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում, ուրեմն դու պարտված ես»,- ասում է նա։ 

Ղումաշյանի կարծիքով՝ բանակից խոսողներն ավելի շատ են, քան մտածողները։ Ասում է՝ մի խառնվեք բանակին, մի մեղադրեք սպային, ով առանց այն էլ զինվորի կողքին է։ «Վերջերս համացանցում մի նյութ տարածվեց, թե ոնց էր հրամանատարը «տուլիկ» ասվածը զորանոցի պատուհանից դուրս նետել։ Էս թեմայի վրա ժողովուրդն ալեկոծվեց։ Իսկ ես պնդում եմ՝ հրամանատարը ճիշտ էր, որովհետեւ, ըստ զինվորական կանոնադրության, զորանոցում սննդամթերք չի կարելի պահել»։

Սպաներ էլ կան, նշում է Ղումաշյանը, որոնք սոցցանցերում տեսանյութեր են տեղադրում՝ ակամա «ջրի երես» հանելով բանակում տիրող անօրինությունները։ «Սպան նկարում եւ զուգահեռ խրախուսական բացականչություններ էր անում բքի միջով ընթացող, զորամաս սննդամթերք հասցնող զինվորական մեքենայի վարորդին։ Չիմացողը երեւի չգիտի, բայց իմացողը տեսավ, որ սնունդ տեղափոխող մեքենան գնում էր փակ ու գրեթե անանցանելի ճանապարհով, ինչը թույլատրելի չէ, եթե զինվորական մեքենային չի առաջնորդում ձյուն մաքրող մեքենան։ Զինվորական սննդի մեքենան պետք է հետեւեր իր առջեւից ընթացող տեխնիկային։ Եթե զինվորը չկարողանար ղեկավարել մեքենան ու մի փորձանքի գար, ո՞վ էր պատասխան տալու։ Ինչ է, վառելի՞ք էին տնտեսում, թե՞ մտածում էին գրպանները լցնելու մասին»։

Ինքնասպանությունների զգալի մասը, ըստ Կորյուն Ղումաշյանի, «նալոգի» պատճառով է։ Ասաց՝ «չաստ նայողներն» այնքան են ստորացնում զինվորին, որ տնից փող չուզելու համար, ստիպված՝ իր վրա զենք է բարձրացնում։ «Չաստ նայող» ասվածը, ըստ նրա, այնքան էլ սարսափելի չէ, եթե «նայողը» ոչ թե ինչ-որ պաշտոնյայի որդի է կամ ենթամշակույթ կրող մեկը, այլ՝ սերժանտը։

Հրամանատարի անհանգստությունը, սակայն, բանակին խառնվող քաղաքականությունն է՝ հատկապես Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին։ Իրավիճակը, ըստ նրա, օրեցօր սրվում  է, հայը հայի դեմ է դուրս գալիս, «հայաստանցի-ղարաբաղցի»-ն դառնում է օրակարգային, Արցախում ծառայող զինվորների հայաստանցի ծնողները համացանցով կոչեր են հնչեցնում իրենց երեխաներին Արցախի զորամասերից տեղափոխելու մասին։ «Շահեր կան, որոնք կարող են բախվել հենց բանակում։ Պետք է ամեն ինչ անել՝ քաղաքականությունը բանակից հեռու պահելու համար։ Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին ու ՌՈ ղեկավարությանը, որ նախընտրական ու ընտրական շրջանում հսկողության տակ առնեն Արցախի բոլոր զորամասերը»։