Սպաները մեկնել են Գերմանիա՝ սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելու

Սպաները մեկնել են Գերմանիա՝ սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելու

Օրերս բանակային հրամանատարների, ավելի ճիշտ՝ «զամպալիտների»՝ հրամանատարների անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալների մի խումբ մեկնել է Գերմանիա` վերապատրաստման դասընթացների մասնակցելու: Դասընթացների առարկան, մեր տեղեկություններով, քիչ է առնչվում ռազմական գործի նրբություններին, մարտական գործողություններին կամ սպայական հմտություններին: Ավելի ճիշտ՝ առնչվում է բանակում տիրող բարքերին եւ բարոյահոգեբանական մթնոլորտին: Եվրոպացի մասնագետները անձնակազմի հետ աշխատանքի պատասխանատուներին, այլ կերպ ասած` մեր «զամպալիտներին», հանդուրժողականության դասեր են տալիս, սովորեցնում են, թե ինչպես պետք է նրանք շփվեն զինված ուժերում ծառայող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, բացատրում են, որ չի կարելի նրանց նվաստացնել, ծեծել, ճնշել, ծաղրել եւ այլն: 

Գերմանական սեմինարի մասին տեղեկությունները փորձեցինք ճշտել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Նա ասաց, որ չի կարող հրապարակել ո՛չ սեմինարի անունը, ո՛չ էլ մասնակիցների ցանկը: «Դա բաց ինֆորմացիա չէ,- ասաց նա։- Կարող եմ ասել միայն, որ Գերմանիայի հետ ռազմաուսումնական վերապատրաստման ծրագրեր ունենք, ամեն տարի էլ դասընթացներ լինում են: Հրամանատար կազմից միշտ էլ գնում են Գերմանիայում վերապատրաստման»: Մեզ հետաքրքրում է հանդուրժողականության թեմայով սեմինարը, ի՞նչ կարող եք ասել: «Բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքար, հանդուրժողականություն․ շատ նման թեմաներ կան: Բայց սեմինարի անունը կամ մասնակիցների ցանկը չեմ կարող հրապարակել»,- «ջրեց» խոսնակը: 

Փաստորեն, պաշտպանական գերատեսչությունը գաղտնի է պահում անգամ հրամանատարների համար կազմակերպվող սեմինարների անունները, դրանցից ռազմական գաղտնիք սարքելով: 
Ի դեպ, մեր տեղեկություններով, սեմինարի մասնակիցների թվում կա սպա, որը նույնիսկ պատժվել է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող զիծառայողին նեղելու համար: