Կլինի եւ՛ պոպուլիզմ, եւ՛ դավաճանություն, բայց անգամ դա կհղկի նոր որակ

Կլինի եւ՛ պոպուլիզմ, եւ՛ դավաճանություն, բայց անգամ դա կհղկի նոր որակ

Հարցազրույց երգահան, երաժիշտ Վահան Արծրունու հետ

- Պարոն Արծրունի, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում։ Այս անգամ Ադրբեջանը, ըստ էության, 2-րդ ճակատը բացեց՝ թիրախավորելով նաեւ ՀՀ-ի սահմանները։ Սա արդյոք կարո՞ղ ենք համարել մեր պետության, դիվանագիտության բացթողումը, քանի որ դարձյալ կանգնեցինք պատերազմի առաջ։

- Կարծում եմ՝ ադրբեջանցիները չէին թաքցնում, որ նախապատրաստվում են հարձակման, եւ դա պետք է տեղի ունենար, քանի որ գնում էին սպառազինություններ, հզորացնում էին իրենց բանակը։ Եվ հատկապես վերջին շրջանի իրենց հռետորաբանությունը վկայում էր այն մասին, որ, ըստ երեւույթին, հարձակողական ինչ-որ դոկտրին կա, որի արտահայտությունը ամենատարբեր մակարդակներով իրենք զգացնել էին տալիս՝ դիվանագիտական դաշտում, մեդիայում, ընդհուպ մինչեւ մշակույթ, օրինակ, «Մոնթրյո» փառատոնի հիմնական հովանավորն Ադրբեջանն է։ Թվում է՝ ի՞նչ կապ ունի այդ երկիրը Շվեյցարիայի ամենահեղինակավոր ջազային փառատոնի հետ։ Բայց այդ ազդակները կային, եւ եթե դրանք մեզ էին հասնում, ապա, բնականաբար, դիվանագիտական եւ միջազգային խողովակներով պետք է նաեւ համապատասխան վերլուծության ենթարկվեին։ Եվ մեր դոկտրինն էլ պետք է հղկվեր այդ տարիների ընթացքում, բայց հիմա այլեւս իմաստ չունի դրա մասին խոսելը, որովհետեւ ռազմական դրությունը թելադրում է որոշակի կարգապահություն եւ սահմանափակում։ Այդ առումով մենք տեսնում ենք աննախադեպ որակական երեւույթների արտահայտում, որովհետեւ, ուզած-չուզած, համեմատում եմ 30 տարի առաջ եղած իրողությունների հետ եւ տեսնում եմ՝ կրթական ոլորտը, որ առանձնահատուկ թիրախավորվել էր վերջին շրջանում, հենց այդ ոլորտի ձեռքբերումներն էլ այս տասնամյակների ընթացքում ձեւավորեցին այն մթնոլորտը եւ սերունդը, որ այսօր չի տատանվում որոշումներ ընդունելուց, այսինքն՝ չի երկմտում՝ պե՞տք է գնա ճակատ, թե՞ ոչ, որովհետեւ այդ դաստիարակությունը նա ստացել է դպրոցում։ Այս իրավիճակը ցույց է տալիս բոլոր այն փուչ եւ «մատից ծծած» կարգախոսներն ու հայեցակարգերը, որ մեջբերվեցին մեր կյանք, որ ալեկոծումներ ստեղծեցին հանրության մեջ, մենք տեսանք, որ սրանք իրապես փուչ էին, եւ միակ հաստատությունը ռազմական գերատեսչությունն էր, որ ուներ կայուն դոկտրին եւ այս իրավիճակում ցույց տվեց իր կայունությունը, դիմակայելու, խնդիրներ լուծելու պատրաստվածությունը։ Մենք նաեւ տեսնում ենք, թե ոնց է մեր ողջ ազգը Հայաստանում, սփյուռքում համախմբվել այդ ատյանի շուրջ։ Սա ե՛ւ գաղափարախոսություն է, ե՛ւ կարգապահություն, որը միտված է պաշտպանելու այն, ինչն ամենաթանկն է՝ սեփական հողը, եւ դրա հետ կապված այն քաղաքակրթությունը, որի հիմքում մեր պապերի կյանքն է ու այսօրվա փայլուն սերունդը։      

- Այս անգամ Հայաստանի դեմ, Ադրբեջանից բացի, կռվում է նաեւ Թուրքիան։ Ի՞նչ հանգուցալուծում պետք է լինի, որ ընդունելի լինի բոլոր կողմերի համար։

- Սա այն բեկումնային պատմական պահն է, երբ պետք է օգտագործենք այն հանգամանքը, որ Թուրքիան մտավ խաղի մեջ։ Կարծում եմ՝ ողջ աշխարհի համար հասկանալի է, թե Ադրբեջանն ում կողմից է ներքաշվել այս պատերազմի մեջ, որովհետեւ հիմա ակնհայտ է, թե նրան դուխ տվողն ով է եղել։ Հիմա մեր դիվանագիտության ճիշտ գործելու ժամանակն է, որովհետեւ հայրենիքի սահմանի խնդիրն այսօր լուծում է հայ զինվորը, իսկ միջազգային ատյանում հայ դիվանագետն իր խոսքը պետք է ասի։ Ամբողջ աշխարհին այսօր առանց դրա էլ պարզ է ընդհանուր դիսպոզիցիան՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հետ կապված, բայց Թուրքիայի ակտիվ ներքաշվելն այս ընթացքների փոփոխման գործընթացի մեջ արդեն մտահոգում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին, արդեն Իրանն է արձագանքում, էլ չասեմ, որ Եվրոպան սկսում է հստակեցնել իր վերաբերմունքն այս ամենի նկատմամբ։

- Այնուհանդերձ, միջազգային հանրության արձագանքն ուշացավ, որը մեղմ էր եւ ոչ ըստ էության։

- Միջազգային հանրության եւ միջազգային ատյանների արձագանքն ուշացավ այն պատճառով, որ այդ ատյանները տարիների ընթացքում նախապատրաստված չէին, այսինքն՝ հենց այստեղ երեւում է այն դիվանագիտական բացը, որը բերեց այդ իրավիճակին, երբ իրենք ուշացրին իրենց վերաբերմունքի հստակ դրսեւորումը հանրահռչակել, բայց ընդամենը օրերի ընթացքում այդ կարծիքների հստակ բեւեռացումը կա։ Իսկ Ադրբեջանի միակ կողմնակիցը միջազգային հարթակներում Թուրքիան է, որն ամենաակտիվ դերակատարումն ունի պատերազմի մեջ, եւ մենք տեսնում ենք, թե ամբողջ քաղաքակիրթ աշխարհն ինչպես է համախմբվում ու իր վերաբերմունքն օր-օրի դրսեւորում։

- Պատմությունը վերջին 30 տարում կրկնվում է, այսպես մինչեւ ե՞րբ։ Այս անգա՞մ էլ հարաբերական զինադադար կլինի, թե՞ հարցը լուծում կստանա։

- Կարծում եմ՝ Ապրիլյան պատերազմի բանաձեւն այստեղ չի կարող աշխատել, որովհետեւ սահմանի ողջ երկայնքով են գործողություններ իրականացվում, հետո՝ եթե ապրիլյանի ժամանակ դա դիտարկվում էր որպես կետային երեւույթ սահմանի վրա, ապա հիմա պարզ է, որ լայնամասշտաբ պատերազմ է, որտեղ ներգրավված են Թուրքիան, Սիրիայից բերված վարձկանները։ Եվ եթե համեմատություններ անենք, պետք է զուգահեռ տանենք 30 տարի առաջվա եղելությունների հետ, իսկ այդ եղելությունները հետեւյալն են՝ բանակցային պրոցեսը կարող է սկսվել նրանից հետո, երբ մենք մղվենք առաջ, այսինքն՝ բանակցության հիմքը նոր գրավված դիրքերն են եւ նոր գրավված հողերը, հակառակ պարագայում մենք կվերադառնանք եղած ստատուս քվոյին, ոչ այնքան արդյունավետ Մինսկի խմբի միջամտությանը եւ եւս 30 տարով կսառեցնենք այս պրոցեսը։ Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ չկա հայաստանցի, ղարաբաղցի, սփյուռքահայ, կա միասնական ազգ, միասնական նպատակ եւ այդ նպատակին հասնելու միասնական կամք։ Այս ոգին շատ համահունչ է այն ոգուն, որին ինքս ականատես եմ եղել նախ ծառայելով ազգային բանակում եւ ապրելով այդ ժամանակն ազգի հետ։ Հիմա, երբ ես իմ 7 եւ 8 տարեկան երեխաների հետ գնում եմ դպրոց, եւ իրենք իրենց հասանելիք օգնությունն իրենց ձեռքերով բերում եւ հանձնում են հայ զինվորին, սա նշանակում է, որ ե՛ւ պատմությունն է իրենց դաստիարակելու, ե՛ւ կրթական համակարգը, ե՛ւ ընտանիքը, այսինքն՝ նրանք արդեն կապվեցին իրենց երկրի պատմության եւ իրենց երկրի որակի ամենակարեւոր կրիչների՝ զինվորների հետ, որ կանգնած են սահմանում։       

- Մինչ այս պահը կարող էինք արձանագրել, որ թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական դաշտում մասնատված եւ սեւ ու սպիտակի բաժանված վիճակներ են, բայց ընդամենը օրերի ընթացքում նախկին ու ներկա իշխանավորները, ընդդիմադիրները բոլոր տարաձայնությունները մի կողմ դրեցին եւ մեկնեցին սահման, թեպետ կարծիք կա, որ շատերն ուզում են Արցախ գնալով մաքրագործվել։  

- Ռազմական դրությունը եւ պատերազմը հղկում են որակներ՝ առաջ բերելով ամենակարեւորն ու գլխավորը։ Երբ ես տեսնում եմ Հ1-ով ռեպորտաժ, որտեղ սահմանագծում բլինդաժի մեջ նստած է երիտասարդ հոգեւորականը, եկեղեցու պատմության խնդիրը դուրս է գալիս ընդհանրապես օրակարգից, որովհետեւ այդ պատմությունը հղկում է այդ երիտասարդ սարկավագը, որ նստած է զինվորների հետ՝ զենքը ձեռքին։ Երբ խոսում ենք ընդդիմության, սեւ ու սպիտակների, մեր իրականության մեջ արհեստական ներարկված հակադրությունների մասին, տեսնում ենք, որ դա չկա։ Եվ այն հանգամանքը, որ նախկին պաշտոնյաները հայտնվում են առաջնագծում եւ մեկնում են սահման, իհարկե, մաքրագործում է, որովհետեւ պատերազմը հնարավորություն է բոլորի համար, դա ինքնամաքրման հնարավորություն է։ Իհարկե, կլինի եւ պոպուլիզմ, եւ արդեն կա նաեւ դավաճանություն՝ ԱԱԾ-ի վերջին տեղեկությունը դա է փաստում, ամեն ինչ էլ կլինի, բայց մենք պետք է հասկանանք, որ նաեւ դա է հղկում նոր որակ, իսկ ավելի ճիշտ՝ հիշեցնում հին որակի մասին։ Այսօր առավոտյան շրջում էի քաղաքում եւ տեսնում փողոցի անկյուններում, ծառերի տակ նստած երիտասարդների, ովքեր օգնություն էին հավաքում բանակի համար, ես ինքնաբերաբար հիշեցի Հաց բերողին ու այդպես էլ գրեցի իմ էջում, որ Հաց բերողի հոգին սավառնում էր Երեւանի վրայով, որովհետեւ այս որակն է բերելու հաղթանակ, եւ այլեւս չկա տարբերություն ճակատի եւ թիկունքի միջեւ։