Սա պարզ աղոթք չէ, միացեք մեզ
Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։
Նաեւ նշվում է, որ Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանին և արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։
Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանը «Հրապարակ»-ին ասաց, որ այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ սփյուռքում Հայկական Եկեղեցիներում իրականացվող աղոթքի արարողություններին, որին մասնակցելու են նաեւ օտար դիվանագետներ, հոգեւորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ։ Նա նաև կոչ արեց բոլորին` մասնակցել աղոթքին:
«Սա պարզ աղոթք չէ, այլ լուրջ նախաձեռնություն, որ Հայ Եկեղեցին սկսել է տեւական ժամանակ՝ նպաստելու համար COP 29-ից առաջ Հայ գերիների ազատմանը։ Կարող ենք եզրակացնել, որ Հայ ժողովուրդը, իր Եկեղեցու առաջնորդությամբ, նոյեմբերի 10-ի աղոթքի արարողությամբ, իր զորակցությունն է հայտնում Բաքվի բանտերում ապօրինի պահվող իր զավակներին ու նրանց ընտանիքներին, պատգամ է հղում աշխարհին իր թեմական կառույցների, քույր Եկեղեցիների եւ էկումենիկ կազմակերպությունների միջոցով՝ պահանջելու Ադրբեջանից ազատ արձակելու Հայ գերիներին, ինչպես նաեւ պահանջում է Հայաստանի իշխանություններից ավելի գործնական քայլեր իրականացնելու Հայ գերիների ազատման, Հայաստանի սահմանների պաշտպանության եւ երկրի անվտանգային ռիսկերը չեզոքացնելու գործում»,-ասաց նա։
Կարծիքներ