ՊՆ հատուկ ծառայությունն իմացել է Դավթյանի որդու հարսանիքի մասին

ՊՆ հատուկ ծառայությունն իմացել է Դավթյանի որդու հարսանիքի մասին

Այս պահին պաշտպանության նախարարությունում հատուկ խորհրդակցություն է ընթանում, որը վարում է նախարար Դավիթ Տոնոյանը։ Ներկա է նաև Արտակ Դավթյանը։ Մեզ ասացին, որ քննարկվում է ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի ազատման հարցը։  Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Դավթյան ազատման դիմում է գրել։ Պատճառը երեկ մեր հրապարակած տեսանյութն էր, թե ինչպես է արտակարգ դրության պայմաններում տեղի ունենում Արտակ Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքը։ Դավթյանը երեք որդի ունի, որոնցից միջնեկը ծառայում է Վայքի զորամասում։ Մի աղբյուրի հաղորդմամբ՝ հենց այդ որդու հարսանիքին է եղել, մեկ այլ տեղեկությամբ՝ նրա ավագ եղբոր հարսանիքն է եղել, որին ներկա է եղել նաև ծառայող որդին։

Մեզ ասացին, որ հարսանիքի մասին տեղյակ են եղել ՊՆ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցները։ Նրանք հետևել են Դավթյանին, գաղտնի նկարահանում են կատարել հարսանիքից և զեկուցել են նախարարին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հարսանիքին չի մասնակցել, երեկ էլ մեզ ասել էր, որ տեղյակ չէ հարսանիքից։ Այսօրվա նիստին նախարարը բավականին զայրացած է եղել, զայրացած է նաև վարչապետը, ու թերևս նրանց պահանջով է Դավթյանը ազատման դիմում գրել։

Նկատենք, որ Գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը, որպես կանոն, մշտապես իրար հետ կոնֆլիկտի մեջ են լինում, քանի որ զինված ուժերում ազդեցության խնդիր կա․ ԶՈՒ ԳՇ պետը ձգտում է բանակում դոմինանտ դեր խաղալ, ՊՆ նախարարը՝ փորձում է ինքը դերակատար լինել։ Նույն իրավիճակն է նաև Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի դեպքում։ Վերջինս, ասում են, բավականին մեծացրել էր իր ազդեցությունը զինված ուժերում՝ ամենուրեք տեղավորել էր իր մարդկանց, մասնավորապես՝ իր համակուրսեցիներին, ինչը, բնականաբար դուր չէր գալիս Դավիթ Տոնոյանին, որի դիրքերը բանակում թույլ են։ Սա, փաստորեն, հարմար առիթ է՝ ազատվելու ուժեղացող շտաբի պետից։