Ինչու Ուկրաինայից դուրս եկած հայերը չեն վերադառնում Հայաստան

Ինչու Ուկրաինայից դուրս եկած հայերը չեն վերադառնում Հայաստան

Մոտ մեկ ամիս է, ինչ Ուկրաինայում ընթանում են պատերազմական գործողություններ: Պատերազմը գնալով խորանում է, զոհվում են անմեղ մարդիկ, ավերվում են քաղաքներ և գյուղեր, երկրում՝ տնտեսական խոր ճգնաժամ է հասունացել: Hraparak.am-ը մշտական կապի մեջ է Ուկրաինայում հայ համայնքի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ: Այսօր կրկին հետաքրքրվել ենք Ուկրաինայում տիրող իրավիճակով, ինչպես նաև հայ համայնքի բնակիչների ճակատագրով:   

«Այսօր Ուկրաինան այնպիսի վիճակում է, որ քանի գնում մի շարք քաղաքներում ամեն ինչ ծանրանում է ու էլ ավելի վատանում: Դրությունը վատ է Մարիուպոլում, Խարկովում, մայրաքաղաք Կիևում, Խերսոնում և այլ օկուպացված քաղաքներում: Ի դեպ,  ընկերս երկար ժամանակ կապի դուրս չէր գալիս, վերջապես երեկ դուրս է եկել, այնպիսի մանրամասներ է ինձ պատմել, որ սարսափելի է: Երկու շաբաթ է, ինչ չկա հոսանք, գազ, ջեռուցում, ջուր: Մարդիկ ասֆալտի վրայի ձյան հալոցքի ջուրն են վերցնում, ովքեր ունեն ակտիվ ածուխ, փողոցի ջուրը թորում են այդ ածուխի միջոցով, որ գոնե պիպետկայով 10-15 կաթիլ կաթացնեն բերանների մեջ»,-մեզ հետ զրույցում ասաց հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Իսկ որքանով է հաջողվում Ուկրաինայում մնացած հայերին կապվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Դավիթ Մկրտչյանն ասաց, որ հոսանք չլինելու պատճառով կապն ընդհատված է: «Մենք խնդիրներ ունենք, հոսանքի պատճառով հեռախոսները նստած են մարդկանց: Ու այդ խնդիրները ոչ մի կերպ չենք կարողանում լուծել: Այն, ինչ իմանում ենք կանաչ հումանիտար միջանցքների բացման ժամանակ ենք իմանում: Երբ մեր տղաները Կարմիր Խաչի և զինվորականների հետ մտնում են քաղաք՝ որոնողական աշխատանքների ժամանակ փնտրում են ընկերներին, բարեկամներին, մոտիկներին: Երկրորդ ինֆորմացիան ստանում ենք այն մարդկանցից, ովքեր ինքնուրույն դուրս են գալիս և մեզ հետ են կապվում: Վերջին 5 օրվա մեջ մոտ 70 հազար մարդ է դուրս եկել Մարիուպոլ քաղաքից՝ առանց միջանցքների բացման հայտարարելու: Ով վառելիք ունի, նա է դուրս գալիս: Կա նաև սննդի և դեղորայքի խնդիր: Ավտոբուսների վրա կրակում են, ուստի սննդով ու դեղորայքով բեռնված ավտոբուսները տեղ չեն հասնում: Անցյալ շաբաթ մի ավտոբուսի վրա էին կրակել, վիրավորվել էին վարորդն ու ավտոբուսը ուղեկցող զինվորականը»,-ասաց Դավիթ Մկրտչյանը:

Դավիթ Մկրտչյանի խոսքով, համայնքից ունեն 15 զոհ, այսօր առավոտյան էլ նոր անուն են ստացել, ճշտվում է մահացածի ինքնությունը: Զոհվածներից 5 զինվորական է, 10-ը խաղաղ բնակիչ: «Նշեմ, որ հայ համայնքը առաջին օրվանից արել է իր գործը և շարունակում է անել: 15 ավտոմեքենա հումանիտար օգնություն է ուղարկել բոլոր այն քաղաքաներում, որտեղ դեռ կարողանում ենք ուղարկել: Պատրաստվում ենք այս շաբաթ 3 ավտոմեքենա Արևելք ուղարկելու, տեսնենք` ինչպես կկարողանանք: Շատ ենք ուզում Մարիուպոլ հասցնենք, բայց, քանի որ պետական միջոցներն անգամ չեն աշխատում, հումանիտար բեռները ոչ բոլոր դեպքերում կարող են տեղ հասնել»,-ասաց Դավիթ Մկրտչյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանով կհաջողվի պատերազմի ավարտից հետո հայերին վերադարձնել Եվրոպաներից Ուկրաինա: «Դուրս եկողների մեծ մասը դուրս կգա՝ խոսքը վերաբերում է, իհարկե, Ուկրաինայի քաղաքացիներին: Այն մարդիկ, ովքեր շանս են ստացել ամրապնդվեն Եվրոպայում, նամանավանդ, եթե ունեն բարեկամներ, հարազատներ և իրենց կօգնեն այնտեղ հաստատվել, կմնան: Այ, այստեղ է առաջանում հարցը՝ ինչու հայերը չեն վերադառնում Հայաստան: Եվրոպան իր 28 պետության դռները բացել է Ուկրաինայից դուրս եկած բոլոր փախստականների համար: Մեկ տարով է նախատեսված Երվրոպայի ընդունելությունը, բայց եթե պատերազմը շարունակվեց, ևս երկու տարի կավելացնեն: Հայաստանի Հանրապետության անձնագրերով քաղաքացիներին, Ուկրաինան լքելու դեպքում, դեպի եվրոպական երկրներ տրված են 15 օրով տրանզիտ վիզաներ, որ 15 օրվա մեջ հասնեն Հայաստան: Մինչ այս պահը, գիտենք, որ չեն վերադարձել, չի երևում: Եվրամիությունը զբաղվում է այդ հարցերով և երկու ամիս անց պարզ կլինի՝ վտարելու՞ են հայաստանցիներին, թե՝ ոչ»,- ասաց Դավիթ Մկրտչյանը: