«Հրապարակ»․ Մեր գործն իշխանություններին ոչ հասու հարցերը հասու դարձնելն է

Չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձեւավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ: Վարչապետն իր խոսքում նախ շնորհավորել է խորհրդի անդամներին` նշանակվելու առիթով, եւ նշել, որ սահմանադրական այն ձեւակերպումը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմինն է, ի վերջո՝ պետք է ամբողջապես իրացվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը նման հարթակ, ձեւաչափ, խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք, անհրաժեշտություն ունի ու միշտ է ունեցել, եւ հույս է հայտնել, որ նորակազմ Հանրային խորհուրդն այդ դերակատարումը կստանձնի: «Իմ ընկալումն այն է, որ Հանրային խորհուրդն առաջին հերթին պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների, իհարկե՝ նաեւ մարտավարական եւ կոնկրետ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կառավարության համար լավ հնարավորություն է՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը, որը խորհրդակցական մարմին է, ստեղծվել է մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո` 2008 թ. հուլիսի 12-ին: Նպատակը հանրային երկխոսություն ծավալելն էր եւ հանրության կարծիքը լսելի դարձնելը: 2009 թ. մարտի 11-ին հաստատվել են ՀԽ կանոնադրությունը եւ առաջին անդամների ցանկը` բաղկացած 45 հոգուց, որից 15-ին նշանակում է կառավարությունը, մյուս 15-ը նշանակվում են ՀԿ-ների կողմից, ապա արդեն նշանակված 30 անդամներն ընտրում են եւս 15 անդամի։
Սկզբում ՀԽ-ն լավ գործող մարմին էր` բազմաթիվ հարցեր էր քննարկում, կառավարության որոշումներին էր հակադրվում եւ երբեմն հասնում էր հաջողությունների։ Առաջին նախագահը Վազգեն Մանուկյանն էր: Սակայն 2018-ին իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն այն պարալիզացրեց, քանի որ նախկինների օրոք էր ձեւավորվել, եւ նախկիններին աջակցող մարդիկ էին անդամները` ըստ Փաշինյանի: Նա մի փորձ արեց՝ ՀԽ-ն դարձնել յուրային` փոխելով կազմը եւ 2019-ին նախագահ նշանակելով Ստյոպա Սաֆարյանին, սակայն չստացվեց, եւ 2021 թ. մայիսից, երբ Սաֆարյանը դիմում գրեց, դուրս եկավ, այլեւ ՀԽ նախագահ չնշանակեց, ու կառույցն սկսեց պարզապես չգործել: Կառույցի ամենաակտիվ շրջանը Վազգեն Մանուկյանի ղեկավարած շրջանն էր: Մինչդեռ սա սահմանադրական մարմին է եւ պետք է անպայման գործի․ եթե չի գործում, ոտնահարվում է Սահմանադրությունը:
2025-ին Նիկոլ Փաշինյանը սկսեց նոր խորհուրդ ձեւավորել, եւ նրա կազմում ընդգրկվեցին օրվա իշխանությունների աջակիցները: Վազգեն Մանուկյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ` նոր ձեւավորված Հանրային խորհրդի մասին, սակայն նա մեզ վստահեցրեց, որ չի հետեւում խորհրդին առնչվող պրոցեսներին եւ ոչ էլ ցանկանում է խոսել այդ խորհրդի մասին: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ, որը մինչեւ 2018 թվականը նույնպես ՀԽ անդամ էր, 2018-ին դադարեցրել էր անդամակցությունը խորհրդին, այժմ կրկին դարձել է ՀԽ անդամ:
- Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձեւավորված Հանրային խորհրդի անդամների հետ, Դուք էլ եք մասնակցել: Ի՞նչ քննարկում էր դա, ի դեպ` Ձեր անդամակցությունը խորհրդին դադարեցրել էիք, ինչպե՞ս որոշեցիք նորից անդամակցել:
- Այո, ինչպես գիտեք` 2009 թվականից խորհրդի անդամ էի, հետո դուրս եկա` 2018-ին, բայց հիմա նորից անդամ եմ: Խորհրդի իմաստն այն է, որ կարողանա հասարակության ձայնը հասցնել իշխանություններին, ես դա շատ կարեւոր եմ համարում:
- Օրինակ` ի՞նչ հարցեր եք ուզում իշխանություններին ներկայացնել, որ նախքան այս չէիք կարողանում:
- Ես իմ մասնագիտական հարցերի մասին եմ ցանկանում խոսել, մասնավորապես` ցեղասպանության խնդրի մասին, հայ-թուրքական հարաբերությունների, աշխարհաքաղաքական խնդիրների եւ այլն: Մենք նաեւ գիտության հետ կապված խնդիրներ ունենք Ակադեմիայում, նման հարցեր եմ ցանականում նաեւ բարձրաձայնել:
- Վերջին շրջանում վարչապետ Փաշինյանին հանրությունը շատ է քննադատում այն բանի համար, որ նա կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը, որոշ շրջանակներ անգամ որակում են` ուրացում: Չե՞ք քննարկել այս հարցերը Փաշինյանի հետ:
- Դեռեւս չեմ քննարկել, քանի որ նոր է սկսվել մեր աշխատանքը, դեռ մեկ-երկու նիստ է ընդամենը եղել: Իմ մոտեցումը ցեղասպանության հարցին՝ անփոփոխ է: Ես այն չեմ թաքցրել ու չեմ թաքցնում: Ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է լինի շարունակական, այս խնդիրը պետք է մնա Հայաստանի քաղաքական օրակարգում: Իհարկե, պետք է նաեւ հաշվի առնել ներկայիս իրավիճակը, ցեղասպանության ճանաչումը, մեծ հաշվով, քաղաքական հարց է, իսկ քաղաքականությունը կապված է իրողությունների հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է ցեղասպանության ճանաչման հարցը հանենք մեր քաղաքական օրակարգից: Ոչ, այն պետք է մնա մեր քաղաքական օրակարգում: Այո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ունենք գոյաբանական խնդիրներ, չպետք է մոռանալ ցեղասպանության հարցի կարեւորությունը:
- Հանրային խորհրդի կազմում հիմնականում պրոիշխանական գործիչներ են: Գայանե Աբրահամյան, Դանիել Իոաննիսյան, Ռուբեն Բաբայան, Ժիրայր Ոսկանյան, անգամ խորհրդի նախագահն է իշխանական` Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն է: Եթե չեք կիսում այս մարդկանց տեսակետները, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր համատեղ աշխատանքը:
- Տեսեք` կան մարդիկ, ովքեր ինչպես ՀԽ առաջին կազմում, այնպես էլ հիմա խորհրդի անդամ են, կազմը հրապարակվել է, տեսած կլինեք…. Կան նաեւ մարդիկ, ովքեր մշակութային աշխարհից են եւ դուրս են իշխանություն-ընդդիմություն խնդրից: Իմ ընկալմամբ` Հանրային խորհուրդը պետք է լինի ապակուսակցական մարմին:
- Բայց անգամ ՀԽ նախագահն է Փաշինյանի թիմակիցը:
- Հա, ինչ ասեմ, բայց նորից եմ ասում` կան ուժեր, ովքեր ընդհանրապես քաղաքականացված չեն, խորհրդում կա մի շատ լավ նկարիչ, չեմ կասկածում, որ, օրինակ, նա քաղաքականացված լինի: Ամեն դեպքում, Հանրային խորհուրդը ո՛չ քաղաքական մարմին է, ո՛չ էլ իշխանական, իմաստը հենց դա է, որ այս մարմինը լինի ապաքաղաքական: Հանրային խորհրդի անդամի գործը իշխանություններին ոչ հասու հարցերը հասու դարձնելն է:
- 10 տարի ՀԽ անդամ էիք, ինչո՞ւ 2018-ից հետո անդամակցությունը դադարեցրիք:
- Ստյոպա Սաֆարյանի ժամանակ արդեն ես այդ կազմում չկայի: Այդ շրջանում ոչ մի ցանկություն չունեի՝ աշխատանքն այնտեղ շարունակելու: Միջազգային ինտեգրման խորհրդի ղեկավար եմ եղել` տասը տարի շարունակ, հետո, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ, ես համարեցի, որ Հանրային խորհուրդն իր նշանակությունը կորցնում է, հիմա արդեն կարծում եմ` մեր հանրությունը երկփեղկված է, խնդիրները շատ բարդ են, մեր հասարակությունը, մեր պետականությունը ծանր մարտահրավերների առջեւ են կանգնած, եւ ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդը կարող է իր լուման ունենալ՝ այդ խնդիրների լուծման գործընթացում:
- Ո՞վ է առաջարկել Ձեզ դառնալ Հանրային խորհրդի անդամ:
- Եթե առաջարկ չլիներ, դժվար թե ես դառնայի անդամ: Կառավարության կողմից եմ առաջարկ ստացել, հետո արդեն ընդունել եմ այն: Ես գնացել եմ Հանրային խորհուրդ՝ խնդիրներ բացահայտելու համար, հակառակ դեպքում չէի գնա: Ունեմ հստակ մոտեցումներ եւ կարծում եմ, որ հասարակության ինչ-որ մի հատված եւս կիսում է իմ մոտեցումները: Կաշխատեմ դրանք նաեւ հրապարակայնացնել:
Կարծիքներ