Regnum-ն է  փրկո՞ւմ է Ալիեւի դեմքը

Regnum-ն է  փրկո՞ւմ է Ալիեւի դեմքը

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թեմայով ուշագրավ մեկնաբանություն է արել հայամետ վերլուծաբանի համարում ունեցող Ստանիսլավ Տարասովը: Ըստ այդմ, դժվար է պատկերացնել, որ Իլհամ Ալիեւը նման ձեւով փորձության ենթարկեր ռուս-ադրբեջանական, այդ թվում՝ նախագահների մակարդակով օրինակելի հարաբերությունները: Ավելին, Տարասովը չի բացառում, որ «հայկական կողմը, գնալով Ադրբեջանի հետ սահմանային լարվածության, ձեռնարկել է քայլեր, որ համարում է կանխարգելիչ» եւ ավելացնում, որ եթե իրավիճակը գնահատվի այդ դիրքից, ապա «Հայաստանն… այդ մրցախաղը շահել է՝ ապահովագրելով Լեռնային Ղարաբաղը»:

Տարասովն այս մոտեցումը հիմնավորում է նրանով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածությանը նախորդել է Իլհամ Ալիեւի հայտարարությունը բանակցությունների անարդյունավետության մասին: Ստացվում է, որ Ալիեւը լայնածավալ հարձակում էր նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, եւ Հայաստանը, տեղեկացված լինելով, կանխարգելիչ «լարվածության է գնացել Ադրբեջանի հետ սահմանի՞ն»: Ըստ Տարասովի՝ այո, քանի որ այդ կերպ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանում է խնդրի ռազմական ճանապարհը բացառելու վրա: Հետաքրքիր է, բայց՝ ոչ տրամաբանական: Թեկուզ այն պատճառով, որ հայկական կողմը ոչ մի երաշխիք չէր կարող ունենալ, որ իր «կանխարգելիչ լարվածությանն» Ադրբեջանը չի պատասխանի Լեռնային Ղարաբաղի դեմ իրոք լայնածավալ ագրեսիայով: Պատերազմի կառավարման կամ սանձազերծման այլընտրանք մշտապես Ադրբեջանն է դրել միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առջեւ: Այս իմաստով ռուսաստանցի վերլուծաբանը, չգիտես՝ չիմացությա՞մբ, թե՞ միտումնավոր, մոռացության է տալիս Ալիեւի հուլիսի 6-ի ելույթի գլխավոր ուղերձը՝ «միջազգային իրավունքի նորմերը չեն գործում, եւ արդարացի է ուժեղը»: Հայ-ադրբեջանական պետական սահմանին, այսպիսով, տեղի է ունեցել ադրբեջանական ուժի փորձարկում: Մյուս կողմից՝ Մոսկվայի արձագանքի ստուգում: Առաջին դեպքում Իլհամ Ալիեւը կատարելապես ձախողվել է: Իսկ ահա ավելի վաղ մեր արած հարցադրումը՝ ո՞վ այս անգամ կփրկի Ալիեւի դեմքը, կարծես թե պատասխան է ստանում: Եթե, իհարկե, ճիշտ է լրագրողա-փորձագիտական շրջանակների այն տպավորությունը, որ Regnum-ը սերտորեն համագործակցում է ՌԴ ԱԳՆ-ի հետ եւ գերազանցապես նրա տեսակետներն է արտահայտում: Այս պարագայում հայկական դիվանագիտության ամենալուրջ խնդիրը Մոսկվայում տավուշյան մարտերի արդյունքների քաղաքական արժեթղթավորումն է լինելու: